Սոչի քաղաքի Լազարեւսկի շրջանի Նոր Լոյս (Ալտմեց) գիւղում բացուել է Համշէնահայերի պատմութեանը նուիրուած ազգագրական թանգարան:
Թանգարանի բացումը մեծ իրադարձութիւն է շրջանում ապրող համշէնահայերի համար, որոնց նախնիները 19րդ դարի կէսերին եւ 20րդ դարասկզբին՝ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ, Կովկասի սեւծովեան ափեր են տեղափոխուել Արեւմտեան Հայաստանի Համշէն բնակավայրից:
Թանգարան հիմնելու գաղափարը պատկանում է Նոր Լոյսի բնակիչ Արտաւազդ Արշակի Աւջեանին, որի նախնիները եւս Արեւմտեան Հայաստանից են: Նա դեռեւս 30 տարի առաջ խնամքով հաւաքել է լուսանկարներ, կենցաղային առարկաներ, գրքեր, փաստաթղթեր, նուագարաններ, որոնք պատկանել են այն հայերին, որոնք եղել են գիւղի առաջին բնակիչները:
Այս ամէնն էլ հիմք է ծառայել նորաբաց ազգագրական թանգարանի ցուցադրութեան համար: Թանգարանը գտնւում է Նոր Լոյսի Սուրբ Նարեկ Հայկական Առաքելական եկեղեցուն կից շէնքում:
Թանգարանի բացումը եւ օրհնութեան կարգը կատարել է Սոչիի Սուրբ Խաչ Հայկական առաքելական եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Կոմիտասը:
Այնուհետեւ թանգարանի հիմնադիր Արշակ Աւջեանը ներկայացրել է թանգարանի ցուցանմուշները, խօսել նպատակների մասին եւ ընդգծել այն կարեւոր նշանակութիւնը, որը թանգարանը ունենալու է ոչ միայն գիւղի, այլեւ Կրասնոդարի երկրամասում ապրող հայ բնակիչների համար:
Իր խօսքում թանգարանի հիմնադիրը շնորհակալութիւն է յայտնել նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք նպաստել են թանգարանի կայացմանը:
Բացմանը ներկայ են եղել Ռուսաստանի հայերի միութեան Կրասնոդարի երկրամասի Սոչիի «Սեւան» տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Հմաեակ Ուստեանը, տեղակալ Մարկոս Քեսեանը, համայնքի ներկայացուցիչներ եւ այլք: Բացման առիթով Մարկոս Քեսեանը թանգարանին է նուիրել օրերս Երեւանում լոյս տեսած «Համշէնը Հայկական Ձեռագրերում» գիրքը: