Սանլենդ-Թահանգայի Շրջանային Խորհրդի Համար Պայքարող Հայ Թեկնածուները Յորդորում Են Մասնակցել Ընտրութիւններին
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ապրիլի 27ին Սանլենդ-Թահանգայում կ՛անցկացուեն Շրջանային (թաղային) խորհրդի (Neighborhood council) ընտրութիւններ, որին մասնակցում են նաեւ հայ թեկնածուներ: Հասարակական այս կառոյցը, իւրատեսակ կամուրջ է տուեալ տարածքի բնակիչների եւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի միջեւ: Խորհրդի նպատակն է՝ տեղեկանալ բնակիչներին յուզող խնդիրներից, եւ դրանք ներկայացնելով քաղաքապետարան՝ լուծումներ գտնել, համայնքին իրազեկել իրենց իրաւունքների մասին՝ մասնակիցը դարձնելով որոշումների կայացման գործընթացին, ներկայացնել քաղաքապետարանի կողմից բնակիչներին առաջարկուող տարաբնոյթ ծրագրերը, շրջակայ միջավայրը դարձնել առաւել բարեկեցիկ, եւ այլ: Այս մասին տեղեկացնում են Շրջանային խորհրդի ներկայի անդամներից Սեւադա Հեմելեանսն ու Անա Օրուջեանը, ովքեր մասնակցում են նաեւ առաջիկայ ընտրութիւններին, համապատասխանաբար՝ նախագահի եւ առաջին ընտրատեղամասի պատասխանատուի պաշտօնների համար:
Փոխնախագահի պաշտօնի համար պայքարող Շուշիկ Աւագեանն էլ ընգծում է ընտրութիւններում հայ թեկնածուների յաղթելու կարեւորութիւնը՝ մեր համայնքի շահերը բարձրաձայնելու եւ պաշտպանելու հարցում նաեւ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ պաշտօնների համար են ընտրութիւնները, եւ ովքե՞ր կարող են մասնակցել:
ՍԵՒԱԴԱ ՀԵՄԵԼԵԱՆՍ.- Ընտրութիւններն ընթանում են տարբեր պաշտօնների համար, այդ թւում՝ նախագահի, երկու փոխնախագահների, գանձապահի, քարտուղարի, Սանլենդ-Թահանգայի չորս շրջանների բաժանուած տարածքներից՝ երկուական ներկայացուցիչների, ինչպէս նաեւ՝ տարբեր խմբեր ու կազմակերպութիւններ ներկայացնող հինգ անդամների համար ստեղծուած տեղերի: Սանլենդ-Թահանգա Շրջանի խորհրդի ընտրութիւններին կարող են մասնակցել այս տարածքում բնակուող, սովորող, բիզնես ունեցող կամ աշխատող մարդիկ: Անհրաժեշտ է, որ Ապրիլի 27ին նրանք ներկայանան Նորթ Վելլիի քաղաքապետարանի սրահ եւ քուէարկեն հայ եւ հայամէտ թեկնածուների օգտին: Ընտրատարածքում կը լինեն թեկնածուներին ներկայացնող թռուցիկներ, որոնք կ՛օգնեն կողմնորոշուել քուէարկելիս:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Անա, դուք կրկին ձեր թեկնածութիւնն էք առաջադրել Սանլենդ-Թահանգայի առաջին տարածքից, որ արդէն մի քանի տարի է ներկայացնում էք Շրջանի խորհրդում: Ի՞նչ աշխատանքներ են կատարուել ձեր պաշտօնավարման շրջանում:
ԱՆԱ ՕՐՈՒՋԵԱՆ.- Որպէս առաջին շրջանի ներկայացուցիչ, մեր խմբի միւս անդամների հետ համագործակցաբար, համայնքի համար տարբեր բնոյթի աշխատանքներ ենք իրականացրել: Այդ թւում, օրինակ՝ հոգ ենք տարել մեր շրջանում գտնուող անօթեւանների համար, հաշուառման ենք վերցրել բոլորին՝ նրանց ապաստան տրամադրելու ծրագրով: Խորհրդի ներքոյ գործող մի շարք յանձնախմբեր կան՝ մշակութային, հանրային ապահովութեան, կրթութեան, եւ այլ, որոնց միջոցով նաեւ կոնկրետ (յստակ) ծրագրեր ենք իրականացնում
Կանանց յանձնախումբը, (Wo-men Empowering Sunland-Tujunga Committee), որի ղեկավարն եմ, նպատակ ունի հաճելի եւ օգտակար միջավայր ստեղծել Սանլենդ-Թահանգա շրջանում բնակուող կանանց համար, նաեւ քաջալերել նրանց ներգրաւուելու քաղաքի կեանքում: Նախորդ տարի օրինակ, կանանց համար ձեռնարկ էինք կազմակերպել՝ գեղեցիկ միջավայրում միմեանց ծանօթանալու. նորաձեւութեան ցուցադրութեանը հրաւիրել էինք տարբեր տարիքի եւ մասնագիտութիւնների կանանց եւ շատերն արձագանգեցին մեր հրաւէրին ու մասնակցեցին թէ՛ որպէս հանդիսատես եւ թէ որպէս մոդելներ:
Մեր գործունէութեան ընթացքում յաջողուել է օգնել բազմաթիւ նաեւ հայ կանանց աշխատանք գտնելու հարցում, ովքեր յաճախ ունենալով լեզուի խնդիր՝ առաւել ապահով են զգում դիմելով մի կազմակերպութեան, որի ղեկավարն ու անդամներից շատերը հայախօս են: Կարեւորում ենք յատկապէս վերջերս մեծաթիւ հայերի համար նախընտրելի դարձած քաղաքների կեանքում հայ կանանց ներգրաւուումը տարբեր ոլորտներում, այդ թւում՝ բարեկարգման, հայ համայնքի խնդիրներին առնչուող հարցերի արծարծման ու լուծման գործում: Մենք նաեւ առաջարկում ենք մի վայր, որտեղ կանայք կարող են կտրուել առօրեայ հոգսերից, տարատեսակ զբաղմունքներ գտնել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Շուշիկ, Դուք պայքարում էք Շրջանի խորհրդի առաջին փոխնախագահի համար: Ի՞նչ հարցեր կան հայ համայնքի այս շրջանում, եւ ինչպէ՞ս էք պատրաստւում մասնակցել դրանց լուծմանը:
ՇՈՒՇԻԿ ԱՒԱԳԵԱՆ.- Սանլենդ-Թահանգայում հայերի թիւն օրէցօր աւելանում է, եւ դա նկատելի է թէ՛ մեզ, թէ՛ տուեալ տարածքում բնակուող այլազգիներին: Հայերը նոր բնակարաններ են գնում, գործ են հիմնում, ակտիւօրէն ներգրաւուում են քաղաքական կեանքում: Սա միշտ չէ, որ միանշանակ է ընդունւում տեղի ոչ-հայ բնակիչների կողմից, եւ դա մեծապէս պայմանաւորուած է այն հանգամանքով, որ նրանք մեզ լաւ չեն ճանաչում: Իմ ծրագրային նպատակներից մէկն է նաեւ՝ տարբեր ձեռնարկների միջոցով շրջանի ողջ համայնքին միաւորել, եւ առիթ ընձեռել ճանաչելու միմեանց: Այդ առումով, բաւական յաջողուած ձեռնարկ է ամէն տարի կազմակերպուող հայկական մշակութային փառատօնը:
Խորհրդի շրջանակներում, մեր համայնքին էլ կարող ենք օգտակար լինել տարբեր հարցերում, օրինակ, երբ նրանք որեւէ գործ են ունենում քաղաքապետարանի հետ, օրինակ՝ նոր բիզնես հիմնելու, կամ տուն կառուցելու ու վերակառուցելու: Այս դէպքում, նրանք փաստաթղթերն առաջինը ներկայացնում են Շրջանային խորհրդին, եւ մենք էլ կը փորձենք հնարաւորինս արագ եւ դիւրութեամբ կազմակերպել աշխատանքները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է գործում Շրջանային խորհուրդը:
ՍԵՒԱԴԱ ՀԵՄԵԼԵԱՆՍ.- Մեր 20 հոգանոց խումբը ամսուայ ընթացքում ունենում է ժողովներ: Իւրքանչիւր անդամի պարտականութիւնն է տեղեկանալ բնակիչներից, սեփական դիտարկումներ կատարել եւ ներկայացնել զեկոյց, ինչպէս նաեւ՝ ձայն ենք տալիս մեր ժողովներին յաճախած բնակիչներին, լսում ենք նրանց մտահոգութիւններն ու առաջարկները: Արդիւնքում, տարբեր մարմինների հետ, այդ թւում՝ ոստիկանութեան, քաղաքապետարանի մի շարք ծառայութիւնների հետ միասին գտնում ենք լուծումներ: Շրջանային խորհրդին քաղաքապետարանը տարեկան շուրջ 43 հազար դոլար է յատկացնում, որը տրամադրում ենք համայնքի համար տարբեր նախաձեռնութիւնների համար, այդ թւում՝ աջակցել բնակիչներին, գործատէրերին, կազմակերպութիւնների:
Սանլենդ-Թահանգայի Շրջանային խորհրդի հայ թեկնածուները, յորդորում են համայնքին մասնակցել ընտրութիւններին: «Հայերը, որոնք այսօր արդէն կազմում են Սանլենդ-Թահանգայի բնակչութեան 20-30 տոկոսը, մեծ ներդրում ունեն այս շրջանի կայացման եւ զարգացման գործում: Սակայն ընդհանուր առմամբ այստեղ մեզ դեռ լաւ չեն ճանաչում: Պէտք է համախմբուենք որպէս համայնք, ներկայացնենք այն դրական նպաստը, որ ունեցել ենք եւ ունենք այս քաղաքների բարգաւաճման գործում, միաժամանակ մեր հաստատուն ու ներկայանալի ձայնն ունենանք՝ թէ՛ շրջանում, թէ՛ քաղաքապետարանում՝ պատշաճ կերպով կարողանալով պաշտպանել մեր իրաւունքներն ու մասնակցել քաղաքական գործընթացների», նշում են Սեւադա Հեմելեանսը, Անա Օրուջեանն ու Շուշիկ Աւագեանը: