Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Akunq.net»ը թուրքերենից թարգմանաբար ընթերցողներին է ներկայացնում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ արժէքաւոր ուսումնասիրութիւններ կատարած թուրք պատմաբան Թաներ Աքչամի նոր յօդուածը, որը հրատարակուել է «Ակօս» շաբաթաթերթում։
Պատմաբան Թաներ Աքչամը գնում է Հայոց Ցեղասպանութեան հարցում կարեւոր դեր կատարած Բեհաեդդին Շաքիրի՝ հայերի բնաջնջման մասին երկու նամակների հետքերով եւ ցոյց տալիս, թէ ինչու պէտք է անհիմն համարուեն այն առարկութիւնները, թէ այդ նամակները «բնօրինակ» չեն:
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ
Արամ Անտոնեանը 1921թ. հրապարակել էր Հալէպի Գաղթականութեան գրասենեակում աշխատած մի օսմանցի պաշտօնեայի՝ Նաիմ էֆենդու յուշերը: Իրականում դա մի դասական յուշագրութիւն չէր. Նաիմ էֆենդին իր ձեռագրով պատճէնել էր հայերի բնաջնջման մասին հրամաններ պարունակող մօտ 52 օսմանեան փաստաթուղթ:
Բացի այդ, Նաիմ էֆենդին Անտոնեանին էր յանձնել մօտ 26 փաստաթղթերի բնօրինակները: Անտոնեանը դրանցից 14ի լուսանկարները հրատարակել էր իր գրքում: Դրանցից երկուսը Բեհաեդդին Շաքիրի նամակներն էին՝ ուղղուած Ատանայի պատուիրակ Ջեմալ բէյին:

Առաջին նամակը կրում է 1915թ. Մարտի 3ի ամսաթիւը: Շաքիրը նամակում գրում է. «Կուսակցութիւնը որոշել է հայրենիքը փրկել այդ անիծեալ ժողովրդից {հայերից} եւ այս հարցում Օսմանեան պետութեան պատմութեան վրայ մնալիք կեղտաբծի պատասխանատուութիւնը վերցնել իր՝ ազգային պատիւի տէր ուսերին: Կուսակցութիւնը, որ բերնէ բերան լեցուն է իրար յաջորդած դէպքերի համար վրէժխնդրութեան զգացումով եւ չի կարողանում մոռանալ իր չարաբախտ եւ ցաւալի անցեալը, ապագայի համար լիայոյս լինելով՝ վճռել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ մէկին իսկ ողջ չթողնելով, եւ այդ հարցում լայն իրաւասութիւն է շնորհել կառավարութեանը: Կառավարութիւնը նահանգապետերին եւ բանակի հրամանատարներին կը տայ անհրաժեշտ բացատրութիւններ, թէ ինչպէս պէտք է իրականացուի սպանելով ոչնչացնելու գործողութիւնը: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան բոլոր պատուիրակները (նկատի ունի կուսակցութեան շրջանային պատասխանատու քարտուղարներին-Ակունքի խմբ.) իրենց գտնուած վայրերում կը զբաղուեն այդ հարցով, նրանք թոյլ չեն տայ, որ որեւէ հայ պաշտպանուի, կամ վերջինիս օգնութեան հասնեն (տառերը ես եմ մգացրել-Թ.ԱՅ.):
1915թ. Ապրիլի 7ով թուագրուած յաջորդ նամակում կրկնւում է Բեհաեդդին Շաքիրի նոյն արտայայտութիւնը. «Ինչպէս գրուել է նաեւ 330 թ. Փետրուարի 18ի (1915թ. Մարտի 3) ամսաթիւը կրող նամակում, կուսակցութիւնը այսուհետ իր որդեգրած ուղու մէջ որոշել է այսօր այլեւս հիմքից պոկել ու ոչնչացնել տարիներ շարունակ իր հետ ընդհարուած զանազան ուժերին եւ ափսոս որ ստիպուած է այս հարցում շատ արիւնոտ միջոցների դիմել: Հաւատացէք, որ մենք էլ ենք ցաւում, որ այդ միջոցները սարսափելի պէտք է լինեն: Սակայն կուսակցութիւնը դրանից բացի այլ ճանապարհ չի տեսնում»:
Անտոնեանը չգիտէր, որ այդ ստորագրութիւնները պատկանում են Շաքիրին։

Անտոնեանի կողմից՝ 1937թ. Շուեյցարիայում բնակուող Մարի Թերզեան անուամբ հայ ընկերուհուն գրուած մի նամակի շնորհիւ հասկանում ենք, որ Անտոնեանը Շաքիրի նամակները հրատարակելիս տեղեակ չէր, որ դրանց հեղինակը Շաքիրն է եղել: Թերզեանն Անտոնեանին հարցնում է, թէ ինչու՞ չի նշել, որ «Ջեմալ բէյին գրուած երկու նամակների հեղինակը Բեհաեդդին Շաքիրն է»: Անտոնեանը պատասխանում է. «Իմ գրքի հրատարակման ժամանակ չգիտէի, որ այդ նամակները Բեհաեդդին Շաքիրին են պատկանում»: Այդ պատճառով իր գրքում նշում է. «(Նամակները) կնքուել էին մի ստանդարտ դրոշմանիշով, ամենայն հաւանականութեամբ կուսակցութեան՝ Ստամբուլի կենտրոնական կոմիտէի անդամներից մէկի դրոշմանիշն էր դա»: Անտոնեանն իր գրքի հրատարակումից ամիսներ անց է միայն տեղեկանում, որ ստորագրութիւնը պատկանում է Շաքիրին. նա դրա մասին իմանում է, երբ գնում է Բեռլին՝ Թալէաթ փաշայի սպանութեան դատավարութեանը մասնակցելու: Այնտեղ իրեն յանձնուած պարբերականների շարքում կար «Սաբահ» օրաթերթից արուած մի թարգմանութիւն: «Սաբահում» նշուած էր, որ գրքում տպագրուած նամակները պատկանել են Բեհաեդդին Շաքիրին, եւ վերահրատարակել դրանք: Ստամբուլում տպագրուող «Սաբահին» նամակ գրած Անտոնեանն այդ պարբերականի խմբագրութիւնից տեղեկանում է, որ նամակի տակ եղող ստորագրութիւնը պատկանում է Շաքիրին:
Շաքիրի այդ երկու նամակները, ինչպէս նաեւ Թալէաթ փաշային պատկանող որոշ հեռագրերի բնօրինակներ ընդգրկւում են Թեհլիրեանի դատավարութեան գործի մէջ: Անտոնեանը նշում է՝ «Փարիզ վերադառնալուց յետոյ հանդէս եկայ դրանք ձեռք բերելու 2 նախաձեռնութեամբ, սակայն՝ ապարդիւն» եւ հաւելում. «Պէտք է որ դեռ այնտեղ լինեն»: Սակայն յետագայ տարիներին բազմաթիւ ուսումնասիրողներ, այդ թւում եւ՝ ես զուր ջանքեր էինք գործադրելու Թեհլիրեանի դատական գործի թղթապանակում դրանք գտնելու ուղղութեամբ: Մի անտեսանելի ձեռք այնտեղից հեռացրել էր այդ փաստաթղթերը:
Թուրքական պատմագիտական ընկերութիւնը 1983թ. հրատարակեց մի գիրք, որում առաջին հայեացքից բաւականին համոզիչ թուացող որոշ փաստարկներով ընդգծւում էր՝ թէ Նաիմ էֆենդու յուշերը եւ թէ Բեհաեդդին Շաքիրին պատկանող նամակները կեղծ են: Շաքիրի նամակների կեղծ լինելու վերաբերեալ առաջ քաշուած թեզերի մէջ ամենակարեւորն այն կէտն էր, թէ Ատանա ուղարկուած նամակն ի՞նչ գործ ունէր Հալէպում, Նաիմ էֆենդու ենթադրեալ աշխատած գրասենեակում: Քանի որ այդ առարկութիւնները տրամաբանական ու համոզիչ էին թւում, ուսումնասիրողները նախընտրում էին չօգտագործել Շաքիրի նամակները եւ միւս վաւերագրերը: Անտեսուել էր Շաքիրի այն արտայայտութիւնը, թէ 1915թ. Մարտի 3ին վճռուել է բնաջնջել հայերին:
ԸՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԲԵՀԱԵԴԴԻՆ ՇԱՔԱՐԻՆ
Այլեւս հարկ է նորովի անդրադառնալ Շաքիրի նամակներին: Ես իմ վերջին աշխատութեան միջոցով ցոյց եմ տուել, որ Անտոնեանի կողմից հրապարակուած Նաիմ էֆենդու յուշագրութիւնը եւ այդ փաստաթղթերը բնօրինակն են: Իմ ուսումնասիրութեան ընթացքում յայտնագործել եմ նաեւ, որ նամակների տակ դրուած Բեհաեդդին Շաքիրի ստորագրութիւնը եւս բնօրինակն է, սակայն այդ փաստը մինչ այսօր չէի հրապարակել: Այն, որ այդ ստորագրութիւնները պատկանում են Բեհաեդդին Շաքիրին, կարելի է ապացուցել երկու տարբեր աղբիւրների միջոցով: Առաջին աղբիւրը «Շուրայը Ումմեթ» թերթն է, որի էջերում տպագրուած սիւնակներում առկայ է Շաքիրի ստորագրութիւնը, որ համապատասխանում է նամակներում եղած ստորագրութեան հետ: Իսկ երկրորդ կարեւոր աղբիւրը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան փարիզեան մատեաններն են, որոնք թուրքերէն են թարգմանուել 2017թ., իսկ դրանց բնագրերը, ներառուելով սեղմասկաւառակում, կցուել են այդ գրքին: Այդ գրքում առկայ են Բեհաեդդին Շաքիրին պատկանող շուրջ 100 ստորագրութիւններ: Այդ մատեաններում հանդիպող Շաքիրի ստորագրութիւնը համապատասխանում է նամակների տակ դրուած ստորագրութեան հետ:
Այլեւս հնարաւոր է ապացուցել ոչ միայն այն, որ ստորագրութիւնները բնօրինակներն են, այլեւ որ այդ նամակների բնագիր չլինելու վերաբերեալ առաջ քաշուած ամենակարեւոր թեզերից մէկը եւս (ըստ որի՝ Ատանայի պատուիրակ Ջեմալին ուղղուած նամակն ինչ գործ ունի Հալէպում) անհիմն է: Անտոնեանն իր գրքում յայտնում է, որ պատուիրակ Ջեմալ բէյը նամակներն ստանալուց յետոյ Ատանայից ուղեւորուել է Հալէպ, որտեղ մեծ ջանասիրութեամբ աշխատել է՝ հայերի կոտորածների ծրագիրն իրագործելու համար: Ըստ Անտոնեանի՝ Ջեմալ բէյը հայերի աքսորն ու բնաջնջումը կազմակերպելու համար Ստամբուլից ուղարկուած եւ որպէս Հալէպի վերաբնակեցման եւ գաղթականների տնօրէն գործած Շիւքրիւ բէյի ամենամեծ աջակիցն է:
Մեր ձեռքի տակ գտնուող մի օսմանեան արխիւային փաստաթուղթ եւս ցոյց է տալիս, որ Անտոնեանի հաղորդած այդ տեղեկութիւնը ճիշդ է: Ջեմալ բէյն իրօք Հալէպում նշանակուել է Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան պատուիրակ: Ջեմալի դէմ պատերազմից յետոյ դատական գործ է յարուցուել հայերի աքսորի եւ բնաջնջման հարցում ունեցած դերի հետեւանքով:
Բեհաեդդին Շաքիրի նամակում առկայ է եւս մէկ կարեւոր տեղեկութիւն: Շաքիրը նշում է, որ պետութիւնը բանակի հրամանատարներին եւ նահանգապետերին կան անհրաժեշտ պարզաբանում առ այն, թէ ինչպէս պէտք է բնաջնջումն իրականացուի: Վարչապետարանի օսմանեան արխիւում կան Շաքիրի նամակից 11 օր անց Էրզրում (Կարին-Ակունքի Խմբ.), Վան, Բիթլիս (Բաղէշ-Ակունքի Խմբ.), Էլազըղ (Խարբերդ-Ակունքի Խմբ.) եւ Դիարբեքիր (Տիգրանակերտ-Ակունքի Խմբ.) նահանգներին ուղղուած երկու տարբեր հեռագրեր, որոնցում նշուած արտայայտութիւնները ցոյց են տալիս, որ այդ տեղեկութիւնը համապատասխանում է իրականութեանը: Մի հեռագրում հաղորդւում է, թէ «Հայերի գործողութիւնների դէմ ձեռնարկուելիք անհրաժեշտ միջոցների առնչութեամբ հարկ է դիմել բանակի երրորդ հրամանատարութեանը»:
Այդ նամակները մեզ մատնանշում են հետեւեալ փաստի մասին (նամակներ, որոնց բնօրինակ լինելու վերաբերեալ որեւէ կասկած լինել չի կարող). Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան Կենտրոնական կոմիտէն որոշում է ընդունել հայերի բնաջնջման վերաբերեալ, եւ այդ որոշումը կայացուել է 1915թ. Մարտի 3ին:
ՇԱՔԻՐԸ ՄԱՍՆԱԿՑԵ՞Լ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ԺՈՂՈՎԻՆ
Եթէ ճիշդ է այն տեղեկութիւնը, թէ 1915թ. Մարտի 3ին բնաջնջման մասին որոշում է կայացուել, ապա հարկ կը լինի մի հանգամանքի վրայ եւս կենտրոնանալ: Անհնար է, որ Բեհաեդդին Շաքիրը մասնակցած լինի Կենտրոնական կոմիտէի այն ժողովին, որի մասին նշում է իր նամակում: Շաքիրը 1914թ. Օգոստոսից ի վեր չի գտնուել Ստամբուլում: Նա Յատուկ կազմակերպութեան գործողութիւնները համակարգելու նպատակով գնացել էր Էրզրում, սակայն այնտեղ եւս չմնալով՝ Կովկասում ռազմական գործողութիւններն սկսուելուն պէս շրջել էր այդ շրջաններում եւ կատարել իր պարտականութիւնները: Երրորդ բանակի հրամանատար Հաֆըզ Հաքքը փաշայի՝ տիֆից մահանալուց յետոյ նա Փետրուարի 14ին Էրզրումի նահանգապետ Թահսինի կողմից շտապ կանչուել էր Էրզրում: Այսինքն՝ 1915թ. Մարտի 3ին, երբ գրուել էր նամակը, նա գտնւում էր Էրզրումում:
Այդ դէպքում պէտք է որ Կենտրոնական կոմիտէի այն նիստի վերաբերեալ, որի մասին յիշատակում է Շաքիրը, իրեն հաղորդուած լինի հեռագրի միջոցով: Մեր ձեռքի տակ բաւականաչափ ապացոյցներ կան՝ առ այն, որ Ստամբուլի Կենտրոնական կոմիտէն Էրզրումում գտնուող Շաքիրի հետ յաճախ հաղորդակցուել է հեռագրերի միջոցով: Օրինակ՝ Թալէաթ փաշայի կողմից 1914թ. Նոյեմբերի 26ին «խիստ գաղտնի» կոդով (code-գաղտնագիրով-Խմբ.) ուղարկուած մի հեռագրում պահանջւում է, որ «Կենտրոնական կոմիտէի հետ… նամակագրական կապ հաստատելու համար Բեհաեդդին Շաքիրն իր նստավայրից Էրզրում կանչուի»: Շաքիրն, ի պատասխան այդ պահանջի, 1914թ. Նոյեմբերի 29ին եկել է Էրզրում եւ հաղորդել, որ պատրաստ է «հրամանին»: Սխալ չի լինի ենթադրել, որ նա բնաջնջման մասին որոշումն ստացել է նմանատիպ մի հաղորդակցութեան միջոցով:
Ցանկանում եմ կրկնել այն նախադասութիւնը, որ գրել էի Նաիմ էֆենդու յուշերի եւ Թալէաթ փաշայի հեռագրերի բնօրինակ լինելու փաստը հիմնաւորելիս. այլեւս հնար չի մնացել, որ 1915 թուականի մասին ստի բիզը տոպրակի մէջ պարտակուի: Պարտադիր է դարձել, որ բոլորը՝ լինեն աջակողմեան թէ ձախակողմեան, ազգայնամոլ թէ լիբերալ, դադարեն թաքնուել ստերի հետեւում եւ սկսեն ասել՝ «Այո՛, եղբայրս, այս պատմութեան ընթացքում պատահել են նման վատ բաներ»:
Եթէ նրանք սկսեն դա ընդունել, կը տեսնեն, որ այսօր երկրի խնդիրների ամենամեծ պատճառը ստի պատի հետեւում թաքնուելն է: Երկրի վաղուայ լոյսը կախուած է անցեալի մթութեան վրայ լոյս սփռելուց:
ԲԵՀԱԵԴԴԻՆ ՇԱՔԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Բեհաեդդին Շաքիրը Հայոց ցեղասպանութեան մասին որոշման կայացման եւ գործադրման ամենամեծ ճարտարապետներից մէկն է: Նա 1915թ. Յուլիսի 4ին մի հեռագիր է յղում Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան՝ Խարբերդի տեսուչ Նազըմ բէյին: Այդ հեռագրի նպատակը հայերի աքսորն ու բնաջնջումը համակարգելն է: Հեռագրում Շաքիրը նշում է. «Այդտեղից աքսորուած հայերը զտւու՞մ են: Այն վնասակար անձինք, որոնց վերաբերեալ հաղորդել էք, որ աքսորուելով հեռացուել են, բնաջնջւու՞մ են, թէ՞ միայն ուղարկւում: Բացայայտ կերպով տեղեկացրէք, եղբայրս»:
Այդ հեռագիրն ընթերցուել է Ստամբուլում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում եւ նպաստել, որ Բեհաեդդին Շաքիրը հեռակայ կարգով դատապարտուի մահուան:
Բեհաեդդին Շաքիրը, որպէս Յատուկ կազմակերպութեան ղեկավար, 1914թ. Օգոստոսին ուղեւորուել է Էրզրում՝ այդ հաստատութեան գործողութիւնները կազմակերպելու նպատակով: Կարճ ժամանակահատուածում այս շրջանում իր արած դիտարկումների վրայ հիմնուելով՝ նա համոզւում է, որ հայերը բնաջնջուել են, եւ տարբեր ամսաթուերի Ստամբուլ հեռագրեր ուղարկում, որոնցում նշում է, թէ «Պարտադիր Ստամբուլ գալու կարիքն եմ զգում, որպէսզի կարողանամ աւելի օգտաւէտ կերպով յայտնել իմ պահանջների մասին եւ տամ այն բացատրութիւնները, որ հնարաւոր չէ թղթի միջոցով հաղորդել»:
Չնայած իր այդ հեռագրերին՝ 1914թ. կէսերից մինչեւ 1915թ. Փետրուար նա մնացել է Կովկասում, Արդուին-Արդահան շրջաններում եւ Յատուկ կազմակերպութեան միաւորումներին ղեկավարել ընդհարումների ժամանակ: Շաքիրը վերջին անգամ Էրզրում է եկել 1915թ. կէսերին, եւ այստեղից հեռագրերի միջոցով կատարուած բանակցութիւնների ժամանակ իր ուղարկած նամակներից հասկացւում է, որ նա համոզել է Ստամբուլի Կենտրոնական կոմիտէին՝ հայերին բնաջնջելու որոշում կայացնելու հարցում: 1915թ. Մարտի երկրորդ կէսին Ստամբուլ եկած Շաքիրը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի հետ քննարկել է, թէ ինչպէս պէտք է իրագործել բնաջնջման որոշումը, եւ տեղի ունեցած մի շարք ժողովներում յաւելեալ որոշումներ են ընդունուել Ցեղասպանութեան մանրամասների վերաբերեալ: Բեհաեդդին Շաքիրի ամենամտերիմ ընկերներից մէկի՝ Արիֆ Ջեմիլի խօսքով՝ երբ Շաքիրը 1915թ. Ապրիլի սկզբին Էրզրում է եկել, դրութիւնը լիովին որոշակի էր դարձել, եւ «Տեղահանութեան մասին որոշումը»՝ կայացուել:
Շաքիրի նշանակութիւնը եւ ազդեցութիւնը չեն սահմանափակւում միայն հայերի բնաջնջման վերաբերեալ Ստամբուլի կենտրոնի կողմից որոշման կայացմամբ: Մեր ձեռքի տակ գտնուող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1914թ. Դեկտեմբերի սկզբներին Բեհաեդդին Շաքիրի ղեկավարած Յատուկ կազմակերպութիւնը որոշել է ոչնչացնել Վանի եւ Բիթլիսի շրջակայքում եղող մի որոշակի հայկական խմբի: Էրզրումում կայացուած եւ Ստամբուլ հաղորդուած այդ որոշման մէջ նշուած է. «Թէ կենտրոնում եւ թէ շրջակայ բնակավայրերում այժմեանից պէտք է ձերբակալել այն հայերին, ովքեր ունակ են առաջնորդել անկարգութիւնները: Եթէ նկատուի, որ հայերը յարձակւում են մահմեդականների վրայ, հարկ է նրանց ոչնչացնելու համար իսկոյն Բիթլիս ուղարկել…»:
Այդ փաստաթղթի վրայ հիմնուելով՝ կարող ենք արձանագրել, որ Բիթլիսում ու Վանում ապրող կասկածելի հայերին բնաջնջելու մասին մի որոշում կայացուել է դեռեւս 1914թ. Դեկտեմբերի սկզբին, Բեհաեդդին Շաքիրի ղեկավարութեան տակ գործող Յատուկ կազմակերպութեան՝ Էրզրումի Կենտրոնական կոմիտէի կողմից:
Եզրակացնելով կարող ենք ասել, որ անհնար է Հայոց Ցեղասպանութիւնը հասկանալ, քանի դեռ չի բացայայտուել Բեհաեդդին Շաքիրի՝ այս հարցում կատարած դերը:
«ԱԿՈՒՆՔ»
–Թաներ Աքչամ
–Բեհաեդդին Շաքիր
–Տրապիզոնի հայերի բռնագաղթը
–Խաչիկ Գաւանոսեանի որդու՝ Յակոբի մկրտութեան վկայականը, 1914թ.
Երեխան մահացել է վաղ հասակում՝ 1915թ. Յունիսին, յղի մօր կաթի թունաւորումից. Խաչիկ Գաւանոսեանը տեղեկութիւն չի ունեցել ո՛չ որդու մահուան, ո՛չ էլ դստեր ծնունդի մասին
–Օրդեցի Խաչիկ Գաւանոսեանի լուսանկարը՝ ցուցադրուած է Հայոց Ցեղասպանութեան թանգարանում
–Մարի Գաւանոսեան, Օրդու
—
Օնորի Գաւանոսեանը դստեր՝ Մարիի հետ, Օրդու, 1922-23թթ.
–Տրապիզոնի սպանուած հայերի գանգերն ու ոսկորները 1915թ. ամրանը Տրապիզոնի ծովեզերքի երկայնքով ծովամոյն արուած հայերի դիակների առատութեան պատճառով ծովում հնարաւոր չի եղել լողալ
—
Օրդուի Ազգային երկսեռ վարժարանի ուսուցիչների խումբ. նրանց մեծ մասը դարձաւ Հայոց Ցեղասպանութեան զոհ
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Դոկտ. Տիրան եւ Շաքէ Արոյեան
Ron & Goharik Gabriel
Dr. Armen & Mrs. Azniv Geonjian & Family