Համադրեցին՝
ԼԱՐԻՍԱ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
եւ ԱՐԱ ՔԷՆՏԻՐՃԵԱՆ
Ֆրեզնոյի «Զանգակատուն» գրական երաժշտական լսարանը իր գործուրէութիւնը սկսեց 2015 թուականից:
Լսարանը իր առաջին ձեռնարկը նուիրեց Հայոց Եղեռնի 100ամեակին՝ Գէորգ Էմինի «Յաւերժի Ճամբորդը» գործին բեմականցման միջոցով:
«Զանգակատուն» լսարանի նպատակն է՝ մշտապէս արթուն պահել սփիւռքահայ հատուածի մշակութային կեանքը, փորձելով ամոքել ոտքի տակ հայրենի հող չունեցող մարդու տագնապները:
Թիւով 15 հայորդիներ հայրենիքից եւ Սփիւռքից, միաբանուած՝ փորձում են ծառայել մեր մշակոյթին:
Լսարանը հովանաւորւում եւ քաջալերւում է Ֆրեզնոյի Հայկական թանգարանի կողմից, տնօրինութեամբ՝ Վարուժան Տէր Սիմոնեանի:
2018 թուականի Մայիսին հիանալի նախաձեռնութեամբ նշուեց Հայաստանի Ա. Հանրապետութեան 100ամեակը, իսկ Հոկտեմբերին անհաղորդ չմնաց Թարգմանչաց տօնը հանրութեան ներկայացնելու:
Լսարանի ծրագիրը հագեցուած էր նաեւ այս տարի: Յունուար ամսին ամենայն հայոց բանաստեղծի՝ Յովհաննէս Թումանեանի 150ամեակի երեկոյին աշխոյժ մասնակցութիւն ունեցան նաեւ Ֆրեզնոյի համագաղութային հայ վարժարանի սաները: Թումանեանական օրերով ոգեւորուած էր ոչ միայն լսարանը, այլ նաեւ հանրութիւնը:
Յովհաննէս Թումանեանի ծն-նդեան 150ամեակին նուիրուած երեկոն մեծ խանդավառութեամբ ընդունուեց հանդիսատեսի կողմից: Հայ վարժարանի սաները մեծ նուիրումով բեմադրեցին սիրելի բանաստեղծի գործերից:
Իսկ վերջերս, Յունիս ամսին, «Զանգակատուն»ը լրջօրէն նախապատրաստեց Լեւոն Շանթի 150ամեակի տօնակատարութիւնը: Լեւոն Շանթը արեւմտահայ գրականութեան մէջ առաջնակարգ թատերագիրն է: Նա հայ գրականութիւնը հարստացրեց մարդու ներաշխարհը արտայայտող բարձր ու հմայիչ թատրերգական արուեստով: Լեւոն Շանթի եւ նրա գաղափարակիցների նուիրեալ ջանքերի շնորհիւ բացուեց Պէյրութի Հայ Ճեմարանը, որ դարձաւ հայ ազգային դարբնոց: Նա դարձաւ Ճեմարանի հիմնադիր տնօրէնը։ Ճեմարանի շրջանաւարտները ապագային դարձան խմբագիրներ, տնօրէններ, հրատարակիչներ եւ գրողներ, որոնք մինչեւ այս օրերին ծառայում են հայ ազգին: Յարգանք նրա վաստակին:
«Զանգակատուն»ը առաջիկայում նախապատրաստւում է նշելու Գէորգ Էմինի 100ամեակը եւ Մեծն Կոմիտասի 150ամեակը:
Գրական-երաժշտական լսարանի կարգախօսն է՝ «Ով, եթէ ոչ մենք. Երբ, եթէ ոչ հիմա»:
Բարի երթ «Զանգակատան» աշխատանքներին: