
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութեան հիմնադիր Արմինէ Յովհաննիսեանը՝ Րաֆֆի Յովհաննիսեանի տիկինը, «Արաւօտ» կայքին հետ զրոյցում նշում է, որ մանկութեան լաւագոյն յուշերը կապուած են ընտանիքի հետ. յիշում է Սեւ ծով հանգստանալու գնալը, Երեւանի Վարդաշեն թաղամասում անցկացրած մանկութիւնը, Ջանգիւլում խաղալը: Իսկ ամենատպաւորիչ հաճոյախօսութիւնը, որ ստացել է «Օրրան»ի երեխաներից, հետեւեալն էր. «Որ մեծանամ, տիկին Յովհաննիսեան եմ դառնալու»:
Նա ժպտալով նշում է, որ երեխաներն անկեղծ են, եւ երբ փոքրիկ բեմադրութիւններ են անում, նմանակում են իր քայլուածքը, հագնուելը, պայուսակը բռնելու ձեւը, ինչն իրեն դուր է գալիս եւ ուրախացնում է:
«Երբ ես մեծանում էի, ինձ վրայ էլ էին տարբեր մարդիկ տպաւորութիւն թողնում, տարբեր բառեր, օրինակելի կեցուածք եւ այլն։ Ես ընդօրինակում էի, սովորում ուրիշներից», ասում է մեր զրուցակիցը: Յիշում է, թէ ինչպէս 11 տարեկանում ընտանիքով մեկնեցին Նիւ Եորք։ Փոքր աղջիկ էր ու անգլերէն չգիտէր։ «Երբ առաջին օրը դպրոց գնացի, ու հարցրին՝ անունդ ինչ է, ասացի Արմէնուհի, ասացին՝ քեզ սրանից յետոյ Անն կը կանչենք։ Հէնց առաջին օրուանից ինձանից ինչ-որ առումով խլուեց իմ ինքնութիւնը, հայութիւնը»։
Տիկին Արմինէն յիշում է նաեւ Հելէն անունով հայազգի տիկնոջը, որն իրեն թեւի տակ էր վերցրել ու անընդհատ ոգեւորում էր, որ առաջ գնայ։ «Երբ ինձ ծանօթացնում էր մարդկանց հետ, ասում էր՝ իրեն լաւ նայէք, ինքը մեծ մարդ է դառնալու։ Ասում էր՝ անշուշտ դու ամենակարեւոր համալսարանները կ՛ընդունուես, դու կարող ես: Հիմա ես իմ սեփական երեխաներին եւ «Օրրան»ի երեխաներին եմ ասում՝ մեծ մտածէք, յաջողութեան բանալին այն է, որ քո առջեւ դնում ես նպատակ ու որոշում, որ անպայման պէտք է հասնես»:
Չի թաքցնում՝ յաջողութեան ճանապարհին ե՛ւ մարտահրաւէրներ կան, ե՛ւ սայթաքումներ, որոնք իմաստաւորում են վերջն արդիւնքում եղած յաղթանակները: Յաջողութեան ճանապարհին ճակատագրից նուէր է համարում այն, որ ծնողներն իրեն տարել էին Միացեալ Նահանգենր, որտեղ կրթութիւն է ստացել, աշխատել ու ընտանիք է կազմել, իսկ իր ամերիկացի ամուսինն իրեն Հայաստան է բերել։ «Մայրիկս միշտ ասում էր, որ իմ անունը Արմէնուհի են դրել, որպէսզի հայ մնամ օտար ափերում։ Եւ որտեղ որ սովորել կամ աշխատել եմ, հիմնել եմ հայկական ակումբներ, տարածել հայկական մշակոյթը: Ո՞վ կը մտածէր, որ պէտք է տարիներ անց իմ՝ երրորդ սերունդ ամերիկացի ամուսինը ինձ յետ բերի հայրենիք, որպէսզի իմ ուժը, գիտելիքն ու փորձը ծառայեցնեմ Հայաստանի բարօրութեանը»:
Ամուսնուց՝ Րաֆֆի Յովհաննիսեանից ստացած նուէրներին էլ անդրադարձանք: «Ամենաթանկ նուէրները նրանք են, որ ինքը Արեւմտեան Հայաստանից է բերում, դա կարող է լինել ինչ-որ ծաղիկ Վանից կամ Մուսա Լեռից: Այդ ծաղիկը կարող է մինչեւ ինձ հասնելը չորացած լինի, բայց նա այնքան գուրգուրանքով է բերում, որ դա ամենաթանկն է դառնում։ Նիւթական նուէրներ էլ ունեմ, բայց իմ կարծիքով, այդ սենտիմենտալ (զգացական-Խմբ.) նուէրները գին չունեն», շեշտում է Արմինէ Յովհաննիսեանը:
Հարցրինք՝ կա՞յ քայլ, որ դեռ չի արել, բայց ծրագրում է կատարել:
«Իմ յաջորդ բոլոր քայլերը կապուած են ընտանիքիս հետ. արդէն ծրագրում եմ, որ երբ թոռնիկներ ունենամ, պարտէզում ինչ պիտի խաղան, ինչով պէտք է զբաղուեն։ Ես անցեալ տարի աւագ որդուս՝ Կարինին ասացի, որ դեղձի ծառ տնկի մեր պարտէզում, որպէսզի մի քանի տարի յետոյ իր երեխաներն այդ պտուղը քաղեն եւ իրենց ասեմ, որ այդ ծառը իրենց հայրն է տնկել իրենց համար», նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թէ ասում են, որ կինը քաղաքական գործչի այցեքարտն է, տիկին Յովհաննիսեանը պատասխանեց. «Երբ որեւէ քաղաքական գործչի ընտանիքի հետ շփւում եմ, շատ բան եմ հասկանում նրա արարքների եւ կեցուածքի վերաբերեալ, բայց շատ մեղմ եմ գնահատում այդ ամէնը. մանաւանդ անցեալ սերնդի քաղաքական գործիչների կանանց վարուելակերպը հասկանալի է: Շատերը մեծացել են սովետական տարիներին, ոչինչ չի եղել, աղքատութեան մէջ են ապրել, սահմանափակ է եղել ամէն ինչ, հետեւաբար ճիշդ չէ դնել-քննադատելը, որ ճիշդ չի հագնւում, ճիշդ չի պահուածքը։ Կարծում եմ՝ ամէն ինչ հեշտ է սովորել, եւ ժամանակի ընթացքում բոլորն էլ սովորում են: Եւ մենք դրան ականատես ենք լինում»:
Հարցին՝ իրեն յաջողակ համարու՞մ է, տիկին Յովհաննիսեանը ժպտալով պատասխանեց. «Մի փոքր։ Եթէ մտածեմ, որ շատ յաջողակ եմ, կը դոփեմ տեղում եւ չեմ փորձի աւելին անել: Նայած օրուան։ Օր կայ՝ քիթս շատ է «մեծանում», շատ մեծ պատկերացումներ եմ ունենում իմ մասին, եւ օր կայ՝ քիթս «քսւում» է գետնին, մտածում եմ՝ թերեւս էդքան էլ խելացի չեմ։ Կեանք է»:
«ԱՌԱՒՕՏ»
(Լուսանկարները՝ Արմինէ Յովհաննիսեանի արխիւէն)