Եթէ դուք շարունակ ուզում էք ուտել, ապա դեռ մի շտապէք ձեզ մեղադրել շատակերութեան մէջ: Քաղցի զգացման շարունակական առկայութեան պատճառները շատ են, եւ դրանց մէջ կան՝ ինչպէս ֆիզիոլոգիական, այնպէս էլ՝ հոգեբանական խնդիրներ:
Սնուելուց յետոյ ուղեղը ստանում է յագեցածութեան մասին ազդանշան: Եթէ ուտելուց յետոյ ձեզ մօտ կրկին արագ վերադառնում է քաղցի զգացումը, ապա դա արդէն հիւանդութեան ազդանշան է կամ օրգանիզմում ինչ-որ խնդրի առկայութեան նշան: Քաղցի չդադարող զգացում ի յայտ է գալիս մի շարք հիւանդութիւնների դէպքում՝
Հիպերեքսիա՝ նեարդաբանական կամ նեարդաէնդոկրին բնոյթի հիւանդութիւն, որի դէպքում մարդն անընդհատ քաղցի զգացում է ունենում:
Հիպերթիրէոզ՝ վահանագեղձի աշխատանքի խաթարում, որի դէպքում խանգարւում է նիւթափոխանակութիւնը խթանող ֆերմենտների արտադրութիւնը:
Շաքարային դիաբետ, որի դէպքում նուազում է ինսուլինի արտադրութիւնը եւ ի յայտ է գալիս գլիւկոզայի նկատմամբ հիւսուածքների ոչ զգայունութիւն:
Ստամոքսի խոցային հիւանդութիւն կամ բարձր թթուայնութեան գաստրիտ: Թթուի ուժեղացուած արտադրութիւնը յաճախակի ի յայտ եկող քաղցի զգացում է յարուցում:
Բարորակ եւ չարորակ բնոյթի ուռուցքներ, բորբոքային պրոցեսներ եւ գլխուղեղի հիւսուածքներում արիւնահեղութիւն:
Քաղցի անընդհատ զգացողութիւնը կարող է յարուցուած լինել մի շարք հոգեբանական եւ հոգեկան խնդիրներով՝ որոնցից են գերլարուածութիւնը, մտահոգութիւնները, հորմոնալ խանգարումները, ընկճախտը: Ուշադիր եղէք նաեւ հեղուկի ոչ բաւարար օգտագործմանը, քանի որ ծարաւի կենտրոնը եւ քաղցի կենտրոնը մարդկային ուղեղում փոխկապակցուած են: Անընդհատ քաղցի զգացում կարող են ունենալ նաեւ կանայք յղիութեան ընթացքում եւ դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ: