ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Օրերս յայտնի դարձաւ, որ Ալան Գոգբաշեանը նշանակուել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան եւ իր պաշտօնավարումը կը սկսի 2019 թուականի Սեպտեմբերին: Նորանշանակ դեսպանի հայկական ազգանունը գրաւեց շատերի ուշադրութիւնը:
Ալան Գոգբաշեանը ծնուել եւ կրթութիւն է ստացել Մեծ Բրիտանիայում եւ այդ երկրի արտաքին գործերի եւ համագործակցութեան նախարարութեանը միացել է 2008 թուականից: Համացանցում նրա մասին տեղեկութիւնները սակաւ են:
Մեդիամաքսին յաջողուեց պարզել, որ Ալան Գոգբաշեանը իր ընկեր Ստեփան Աւանեսեանի հետ 2000 թուականին Հայաստանում հիմնել էր Առաջնորդների զարգացման կենտրոն, որի հիմնական նպատակն էր պատրաստել նոր առաջնորդներ, որոնք «կը փոխեն իրերի ընթացքը»:
«Երիտասարդների ջանքերով հնարաւոր կը լինի յաղթահարել երկրի առջեւ ծառացած բոլոր սոցիալական եւ տնտեսական դժուարութիւնները: Երիտասարդները կը փոխեն ամէն բան: Երբ նրանք գան իշխանութեան, ամէն ինչ այլ կերպ կը լինի», ասել էին կենտրոնի հիմնադիրները Ամերիկայի հայ աւետարանչական ընկերութեան թերթին տուած հարցազրոյցում :
Ալան Գոգբաշեանը եւ Ստեփան Աւանեսեանը մեծ ցանկութիւն են ունեցել երիտասարդներին ներկայացնել «առաջնորդութեան նոր մոդել՝ հիմնուած աստուածաշնչեան արժէքների եւ քրիստոնէական սկզբունքների վրայ»:
«Մեզ եւ մեր ուսանողներին միաւորում է Հայաստանում փոփոխութիւններ անելու ցանկութիւնը: Փոփոխութիւն, որը կը յանգեցնի երկարատեւ վերափոխման», ասել էր Ալան Գոգբաշեանը:
Կենտրոնի շրջանաւարտ Լուսինէ Գրիգորեանը Մեդիամաքսի հետ զրոյցում պատմել է, որ Ալան Գոգբաշեանը եւ նրա հիմնած կենտրոնը մեծ ներդրում են ունեցել իր մասնագիտական հմտութիւնների զարգացման հարցում:
«Նրա սաներից գրեթէ բոլորն այսօր բարձր պաշտօններում են եւ կայուն խօսք են ունեցել երկրի զարգացման կարեւորագոյն գործում: Ալան Գոգբաշեանը կարողացել է առաջնորդի լաւ մոդել ձեւաւորել մեզ համար», ասում է Լուսինէ Գրիգորեանը:
Նրա խօսքով՝ Ալան Գոգբաշեանը դիւանագիտական իր եռանդը մշտապէս ներդրել է հայ-բրիտանական յարաբերութիւնների զարգացման համար:
«Նա բազմաթիւ անգլիացի մասնագէտների է հրաւիրել Հայաստան՝ երիտասարդների հետ գիտելիքների եւ փորձի փոխանակման համար: Նա դեռ շատ ասելիք ու անելիք ունի Հայաստանում», նշում է Լուսինէ Գրիգորեանը:
Ասիա Դարբինեանը, որն Առաջնորդների զարգացման կենտրոնում սովորել է 2006-2007թ., պատմում է, որ հնարաւորութիւն է ունեցել պատկերացնել եւ աւելի լաւ հասկանալ իր անհատական ուժեղ եւ թոյլ կողմերը ու աշխատել իր վրայ:
«Իրենց գլխաւոր նպատակներից եւ ցանկութիւններից մէկն այն էր, որ այն երիտասարդները, որ տարինէր անց գուցէ պատասխանատու էին լինելու երկրի ապագայի համար, պատրաստ լինեն ներդնել իրենց գիտելիքներն ու հմտութիւնները յօգուտ աւելի ուժեղ եւ յաջողակ Հայաստանի», ասում է Ասիա Դարբինեանը:
Նրա խօսքով, կենտրոնում կարեւորուել է տեսլական ունենալը եւ յստակ պատկերացնելը՝ ինչպէս կարելի է հասնել դրա իրագործմանը:
Սա առաջին դէպքն է, որ Միացեալ Թագաւորութիւնը Հայաստանում հէնց հայազգի դիւանագէտն է ներկայացնելու: Դիւանագիտական լեզուով դա նշանակում է երկկողմ յարաբերութիւններում վստահութեան նոր մակարդակ եւ յատուկ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, յատկապէս եթէ հաշուի առնենք, որ Մեծ Բրիտանիայի նոր կառավարութիւնն է նշանակում դեսպանին:
Այս համատեքստում կարող է հետաքրքիր լինել նաեւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի գործօնը: Նախագահի գրասենեակն օրերս հաղորդագրութիւն տարածելով նախագահի՝ Իսպանիա աշխատանքային այցի մասին, նշել էր, որ «մինչ այդ նախագահ Արմէն Սարգսեանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացեալ Թագաւորութեան մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների հետ»:
Ուշագրաւ է նախագահ Արմէն Սարգսեանի մէկ այլ հանդիպում եւս. օրեր առաջ՝ Յուլիսի 30ին նա հանդիպել էր Միացեալ Թագաւորութեան Եւրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ, ընդ որում՝ նախագահ Սարգսեանն օտարերկրեայ պետութեան առաջին նախագահն էր, ում հետ հանդիպել էր բրիտանացի պետնախարարը: Այս առումով շատ հաւանական է, որ հայազգի դիւանագէտի նշանակումը պատահական չէ, այլ կոնկրետ (յստակ-Խմբ.) վերաբերմունքի ու յարաբերութիւնների արդիւնք է: