Ընթերցողները հազիւ էին մարսել այս վէպի պարսկերէն թարգմանութեան լուրը, երբ, ահա, գրեթէ երկու ամիս անց իմանում ենք մի նոր թարգմանութեան մասին, այս անգամ Սերբիայում: Ինչպէս նախորդ թարգմանութիւնը, սա եւս կարելի է հաճելի անակնկալների շարքում դասել:
Ալեքսանդր Թօփչեանի կարծիքով, սա, անշուշտ, հաճելի է, բայց դժուար է ասել, թէ երկուսն էլ կատարեալ անակնկալներ են: Մանաւանդ Սերբիայի պարագայում: Իրանցիները հիմա հետաքրքրուած են մեր մշակոյթով, եւ վերջին տարիները հայ հեղինակների մի քանի գրքեր լոյս տեսան պարսկերէն եւ լաւ ընդունուեցին: Ինչ վերաբերում է «Բանկ Օտոման»ի թարգմանութեանը, ապա ընդունելութիւնն իսկապէս հրաշալի էր: Գիրքը, որպէս բեստսելեր, ներկայացուեց Թեհրանի գրքի տօնավաճառում եւ տեղում էլ փառահեղ շնորհանդէս արուեց՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ լիազօր-դեսպան Արտաշէս Թումանեանի ներկայութեամբ: Իսկ Սերբիայի պարագան փոքր-ինչ տարբեր է: Վէպն՝ իր բովանդակութեամբ, լիովին համահունչ է այդ երկրի եւ ժողովրդի պատմա-մշակութային համատեքստին: Սերբերը, ինչպէս բալկանեան բոլոր ժողովուրդները, «բախտ» են ունեցել դարեր շարունակ տառապելու օսմանեան լծի տակ: Այսինքն, նրանց համար այս վէպը պիտի որ լիովին հասկանալի լինի, եւ «թարգմանել» բառը տուեալ դէպքում զուտ լեզուական իմաստ ունի:
Նրանք մի ամբողջ գրականութիւն ունեն՝ նուիրուած այդ ողբերգական շրջանին: Բաւական է յիշել Նոբելեան մրցանակակիր, հանճարեղ գրող Իւօ Անդրիչի «Դրինայի Կամուրջը» եւ «Տրաւնիկեան Տարեգրութիւն» փառահեղ վէպերը: Գործեր, որոնք առ այսօր, զարմանալիօրէն, թարգմանուած չեն հայերէն: Պէտք է յիշեցնել նաեւ պատմական մէկ այլ ուշագրաւ փաստ, որը վկայում է, որ Ալ. Թօփչեանի վէպը ոչ միայն հասկանալի, այլեւ պիտի հոգեհարազատ լինի բալկանեան ժողովուրդներին: 1903թ., յունական Սալոնիկ քաղաքում, մակեդոնացի յեղափոխականները գրաւեցին «Բանկ Օտոման»ի բաժանմունքը եւ, ի տարբերութիւն հայ յեղափոխականների, պայթեցրին: Ասել է, թէ մեր դառը դասն օգտակար եղաւ նրանց համար:
Իսկ ո՞վ է թարգմանիչը եւ ո՞ր հրատարակչութիւնն է ստանձնել վէպի տպագրութիւնը: Գիրքը լոյս է ընծայել Սերբիայի առաջատար հրատարակչութիւններից մէկը՝ «Ֆիլիպ Վիշնյիչը»: Վէպը սերբերէն է «հնչեցրել» փորձառու թարգմանիչ Միլիւոյէ Բաչովիչը:
Վէպը թարգմանուել է երկրորդ լեզուից՝ ռռւսերէնից: Սակայն Ալ. Թօփչեանը պնդում է, որ այս դէպքում ռուսերէնը երկրորդ լեզու չէ: «Նախ, ես երկլեզուեան հեղինակ եմ։ Բազմաթիւ յօդուածներ ունեմ գրուած ուղղակի ռուսերէն՝ ռուսական մամուլի համար: Վէպը ռուսերէն թարգմանեց Անահիտ Թօփչեանը՝ իմ մշտական, ստեղծագործական ներկայութեամբ, եւ այնքան անթերի, որ մոսկովեան հրատարակչութիւնում որեւէ դիտողութիւն չեղաւ: Մի խօսքով, ռուսերէն տարբերակը աւելի կատարեալ է եւ որոշ առումով առաւելութիւններ ունի հայերէն բնագրի հանդէպ», ասում է նա:
Այսպիսով, սա եղաւ հինգերորդ թարգմանութիւնը՝ ռումիներէնից, ֆրանսերէնից, ռուսերէնից եւ պարսկերէնից յետոյ: «Իսկ վեցերորդ թարգմանութեանը երկա՞ր պիտի սպասենք» հարցին՝ «Շատ չէ, հաւանաբար մինչեւ նոր տարի, եւրոպական երկրներից մէկում», ասաց նա:
Ըստ երեւոյթին, կարող ենք ասել, որ «Բանկ Օտոման»ը անկախութիւնից յետոյ լոյս տեսած գեղարուեստական երկերից ամենաթարգմանուածն է:
Ալ. Թօփչեանն աւելացրեց, որ վէպի պարսկերէն եւ սերբերէն թարգմանութիւնները համարում է լաւագոյն նուէրներն իր մօտալուտ, յոբելեանական տարեդարձին: Գրողը 80 տարեկան կը դառնայ ընթացիկ տարուան Սեպտեմբերի 7ին:
Յայտնենք, թէ վերջերս լոյս է տեսել Ալ. Թօփչեանի «Չարիքի Զաւակները» պատմուածքների եւ վիպակների ծաւալուն ժողովածուն: