«WCIT 2019» կազմակերպչական կոմիտէի նախագահ Ալեքսանդր Եսայեան իր խօսքին մէջ յայտնեց, որ նման համաշխարհային համաժողով մը Հայաստանի մէջ կատարելու գաղափարը ծագած է տարիներ առաջ եւ մեծ աշխատանք տարուած է զայն իրականութիւն դարձնելու։ Ան դիտել տուաւ, որ յառաջիկայ երեք օրերուն Հայաստան պիտի ըլլայ տեղեկատուական արհեստագիտութեան համաշխարհային քարտէսի կեդրոնը:
«Այսօր ինձ համար մեծ պատիւ է ողջունել ձեզ Հայաստանում: Տարիներ առաջ մենք կարողացանք յաղթել մեր առաջարկութեամբ եւ այս կարեւոր համաժողովը բերել Հայաստան: Հայաստանն առաջիկայ երեք օրերին լինելու է տեխնոլոգիական կենտրոն: Ես շատ ուրախ եմ ողջունելու մեր բոլոր հիւրերին, ովքեր եկել են աշխարհի տարբեր երկրներից: Բարի գալուստ մեր երկիր», յայտնեց Ալեքսանդր Եսայեան:
Ան շեշտեց, որ այս համաժողովին մասնակցողներուն թիւը աննախընթաց է ու մրցանշային։ «Դեռ 2014թ. մենք շահեցինք WCIT-ն Հայաստանում անցկացնելու իրաւունքը: Մենք այս տարի ունեցել ենք 6200 գրանցուած մարդ, որոնք յաճախելու են, որը ռեկորդային (մրցանշային-Խմբ.) է համաժողովի պատմութեան մէջ, որն անցկացւում է 1978ից: Ունենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած տարբեր հիւրեր, լրատուամիջոցների ներկայացուցիչներ», յայտնեց ան։
Ալեքսանդր Եսայեանի համաձայն՝ Հայաստան համաժողովը Երեւանի մէջ կայացնելու կարելիութիւն ստացած է ընտրուած խորագիրին շնորհիւ: «2014թ. դեռ նոր էր սկսւում ապակենտրոնացման շարժումը, իսկ այժմ աշխարհում տարբեր ուղղութիւններով օգտագործւում են ապակենտրոնացման գաղափարները: Մինչ այս կոնգրեսն (համաժողովը-Խմբ.), անցկացուել է կամ շատ մեծ երկրներում կամ շատ զարգացած երկրներում, եւ Հայաստանում համաժողովն անցկացնելու որոշման մէջ մեծ դեռ խաղաց հէնց ապակենտրոնացման խորագիրը: Մենք յայտարարեցինք, որ այս իրար կապուած աշխարհում, որտեղ համացանցը հասանելի է, այլեւս մեծ նշանակութիւն չունի, թէ որտեղ ես գտնւում: Այդ գաղափարն էր, որ մեզ օգնեց գրաւել նրանց ուշադրութիւնը», ըսաւ ան:
Նշենք, որ երկու տարին անգամ մը գումարուող «WCIT 2019»ի աշխատանքները պիտի աւարտին 9 Հոկտեմբերին։