ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ
Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է եւ մէկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չէզոքացնել ՍԴն որպէս արգելապատնէշ. «Արմնիւզ» ՀԸ «Օրախնդիր» հաղորդմանը նման կարծիք է յայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանը: «Իմ կարծիքով՝ այս պրոցեսը (գործընթացը-Խմբ.) քաղաքական է: Այն մէկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չէզոքացնել Սահմանադրական դատարանը որպէս արգելապատնէշ, խոչընդոտ, որպէս մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետեւ դրանք հակասում են Սահմանադրութեանը», ասել է ՍԴ նախագահը:
«Կանգ առ»ը, «ստոպ»ը դարձել են պոպուլեար (ժողովրդական-Խմբ.) արտայայտութիւններ, որոնցով յեղափոխութեանը հակադրուող գործիչներն ընդդիմանում են գործող իշխանութիւններին: ԱԱԾ տնօրէնի պաշտօնից հեռացուած Արթուր Վանեցեանը յորդորում է իշխանութեանը «կանգ առնել»՝ չյստակեցնելով, թէ ինչ նկատի ունի: Հիմա Հրայր Թովմասեանը, որի լիազօրութիւնները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը խորհրդարանում դրուել է շրջանառութեան մէջ, խօսում է «ստոպ»ի մասին: Թովմասեանն իհարկէ գրեթէ բաց տեքստով (բնագիրով-Խմբ.) ակնարկում է, որ «ստոպ» է ասում յեղափոխութեան զարգացմանը:
Երէկուայ հարցազրոյցում Թովմասեանն իհարկէ երկար փորձել է հերքել իր ու նախորդ համակարգի այսօրուայ առնչութիւնները, սակայն յամառօրէն շրջանցել է օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) այն իրականութիւնը, որ իր պաշտօնավարումը, որը հակասում է սահմանադրական կարգաւորումներին, ամբողջովին տեղաւորւում է իշխանութեան վերարտադրութեան այն սցենարի (բեմագրութեան-Խմբ.) մէջ, որը պէտք է երկարաձգեր Սերժ Սարգսեանի իշխանութիւնը: Յեղափոխութեան արժէքները լիարժէքօրէն կապիտալիզացուած (օգտագործուիր-Խմբ.) չեն կարող լինել, եթէ հին համակարգի, քրէաօլիգարխիայի (յանցաւոր սակաւապետութեան-Խմբ.) տրամաբանութիւնը շարունակի գործել ՍԴի դէմքով: Այլ խօսքով՝ Հրայր Թովմասեանը հրաշալի հասկանում է, որ իր հեռանալը բխում է 2015ի հանրաքուէով հաստատուած սահմանադրական կարգաւորումներից, յեղափոխութեան օրակարգից, «Մերժենք Սերժին»ի տրամաբանութիւնից, սակայն դիմում է տարբեր տեսակի մանիպուլեացիաների (ձեռնավարութիւններ-Խմբ.), քարոզչական տրիւկների (հնարքներու-Խմբ.) պաշտօնը պահպանելու համար:
ՍԴ նախագահի կարծիքով՝ իր դէմ սկսուած գործընթացների պատճառը միայն Սահմանադրական դատարանի Սեպտեմբերի 4ի որոշումը չէ, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դիմումի քննութեան արդիւնքում Քրէական դատավարութեան օրէնսգրքի 35րդ յօդուածը ճանաչուեց հակասահմանադրական: Ըստ նրա՝ խնդիրը շատ աւելի խորը, ընդարձակ է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կը փաթեթաւորի իրաւական շղարշով»: ՍԴ նախագահը յայտարարել է, որ չի նահանջելու, քանի որ համարում է, որ ՍԴն սահմանին իրեն վստահուած տարածքն է. «Ինձ համար սասահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահուած տարածքն է ՍԴն: Մէկ քայլ յետ գնալը, ընկճուելը, ճնշուելը դաւաճանութեան են հաւասար: Այս օր մեր սահմանին ինձ վստահուած տարածքն է Սահմանադրական դատարանը: Ինձ համար այդ սահմանին կանգնելը նոյն հոգեբանական վիճակն է, ինչ որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած մեր զինուորը», պաթետիկ (սրտայոյզ ոճով-Խմբ.) տօնով յայտարարել է Թովմասեանը:
Նման ստանդարտ (հիմնաչափ-Խմբ.) ձեւակերպումներով, պսեւդոհայրենասիրական (կեղծ հայրենասիրական-Խմբ.) սլոգաններով (լօզունգներով-Խմբ.) ՍԴ նախագահը անգամ մատնում է, թէ նախկին համակարգի որ գրասենեակներում է նախապատրաստուել իր հարցազրոյցը:
Նոյնիսկ անյարմար ու ամօթալի է, որ քրէաօլիգարխիայի շահերի պաշտպանութիւնը նոյնացւում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինուորի պաշտպանութեան հետ:
Ումի՞ց ու ինչի՞ համար է Թովմասեանը պաշտպանում երկիրը՝ հասարակութեան քուէն ստացած իշխանութիւնի՞ց: Իրապէս շատ պրիմիտիւ (նախնական, հին-Խմբ.) ու ծիծաղելի է թւում այս ամէնը, միւս կողմից՝ մտահոգիչ, որովհետեւ Հրայր Թովմասեանի երէկուայ խօսքից կարելի է ենթադրել, որ նա յամառօրէն դիմադրելու է, ինչը նշանակում է, որ հին համակարգն առայժմ ընկրկելու ցանկութիւն կամ մտադրութիւն չունի:
Դարձեալ մնում ենք այն կարծիքին, որ քաղաքական իշխանութիւնն ամենեւին էլ ամենաարդիւնաւէտ ճանապարհը չի ընտրել ՍԴ ճգնաժամը յաղթահարելու համար: Անհրաժեշտ է եւս մէկ անգամ դիմել ուղղակի ժողովրդավարութեան մեխանիզմների (մեքենակառոյցի-Խմբ.) օգնութեանը՝ ՍԴ նոր կազմի ձեւաւորման հիմքերը ստեղծելով սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէի միջոցով:
Ուշադիր ընթերցողը նոյնիսկ եթէ փորձէ անտեսել յօդուածագրին կատարած անհիմն ենթադրութիւները, վստահաբար պիտի չկարենայ անտեսել ա՛յն, որ «Ասպարէզ» սկսած է գրեթէ մնայուն կերպով արտատպել «Առաջին Լրատուական»էն յօդուածներ, կա՛մ անգիտանալով եւ կա՛մ՝ անտեսելով որ լրատուական այդ կայք-ցանցը կը վայելէ նախկին Քալիֆորնիաբնակ ու ներկայիս Հայաստանի ԱԺ-ի անդամ հակադաշնակցական պատգամաւորի մը հովանաւորութիւնը: Արտատպուելու արժանի այլ մամուլ չմնա՞ց: