ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ
Առաջնագծում ենք, Արցախ աշխարհի հիւսիսային թեւում՝ գնդապետ Կարէն Ջալաւեանի հրամանատարութեամբ գործող զօրամասի մարտական դիրքերում: Այստեղ ամէն ինչ առանձնայատուկ է՝ թէ՛ կտրտուած, անտառածածկ, բարդ տեղանքը, որ լրացուցիչ բարդութիւններ է ստեղծում եւ ստիպում չթուլացնել զգօնութիւնը, թէ՛ եղանակային պայմանները՝ յաճախակի անձրեւները, մշտական մշուշն ու մառախուղը, ձմրանն առատ տեղացող ձիւնը, որը յաճախ անանցանելի է դարձնում ճանապարհները:
«Չկայ որեւէ դժուարութիւն, որ հայ զինուորի, հայ սպայի համար անյաղթահարելի լինի», վստահ ասում է աւագ լէյտենանտ Ալեոշա Յարութիւնեանը:
Երիտասարդ սպան երկու տարի առաջ է աւարտել Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանը եւ աւարտելուց անմիջապէս յետոյ իր իսկ ցանկութեամբ ծառայութեան է անցել «Եղնիկներ»ում:
«Հօրեղբայրս՝ Սուրէն Յարութիւնեանը, Արցախեան ազատամարտի տարիներին Հաթերքի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Նրա պատմածները լսելով եմ ոգեշնչուել եւ ընտրել զինուորականի դժուարին, բայց պատուաբեր մասնագիտութիւնը»:
Աւագ լէյտենանտը բոլորովին վերջերս է ստանձնել վաշտի հրամանատարի պարտականութիւնները:
«Այստեղ բոլորն էլ իրենց ծառայութիւնն առանց թերութիւնների, մեծ պատասխանատուութեամբ կատարում են՝ քաջ գիտակցելով իրենց առաքելութեան կարեւորութիւնը: Վերջին շրջանում խաղաղ է, բայց թշնամու ձեռագիրը լաւ գիտենալով՝ երբեք զգօնութիւնը չենք թուլացնում: Անձնակազմի հետ անընդհատ աշխատանքներ են տարւում, մինչեւ մարտական դիրքերը բարձրանալը անվտանգութեան կանոններին ենք իրազեկում, բացատրում դիրքային ծառայութեան ամէն մի նրբութիւն ու առանձնայատկութիւն: Ֆիզիքապէս կոփուած են տղաները, բայց, ով էլ այստեղ ծառայի, ուզած թէ չուզած՝ է՛լ աւելի է ամրանալու, պնդանալու, թրծուելու:
«Լեռները թոյլերին չեն ընդունում». սա մեր զօրամասի կարգախօսն է, գրուած ու չգրուած օրէնքը»:
«Միասին, մէկմէկու լեռների պէս թեւութիկունք ծառայում ենք, մի ընտանիքի նման, հարազատի պէս», զրոյցին միանում է կրտսեր սերժանտ Նիկոլայ Յակոբեանը: «Դիրքի աւագն եմ ու պատասխանատու եմ բոլորի համար: Մենք ընկերական մթնոլորտում, միասնական լինելով աւելի հեշտ յետ կը մղենք հակառակորդի ցանկացած ոտնձգութիւն»:
«Բանակում շատ կարեւոր են ընկերական ճիշտ յարաբերութիւնները, փոխադարձ յարգանքն ու վստահութիւնը, իսկ մարտական դիրքում բոլորս, անկախ ամէն ինչից, եղբայրներ ենք դառնում, մեզնից ամէն մէկի եսը միաձուլւում, դառնում է ընդհանուր մենք», լրացնում է շարքային Կարէն Սիմոնեանը:
«Մարտունիի Զոլաքար գիւղից եմ», ներկայանում է Կարէնը, «բայց ընտանիքս հիմա Չելեաբինսկում է: Աւագ երկու եղբայրներս ծառայել են, ես էլ եկայ պարտքս տալու: Ծառայավայրս շատ գեղեցիկ բնութիւն ունի, մեր դիրքերից մի չքնաղ աշխարհ է բացւում. ամառը՝ ծառ ու ծաղկունք, ձմրանը՝ ձիւնով պատուած սար ու ձոր… Հա՛մ հիանում եմ, հա՛մ պաշտպանում՝ անհրաժեշտն ու հաճելին իրար հետ համատեղելով», կատակում է զոլաքարցի երիտասարդը:
Շարքային Տիգրան Ղազարեանն էլ արմատներով Իջեւանից է, բայց Վոլգոգրադում է ապրում:
«Բռնցքամարտի ասպարէզում լուրջ յաջողութիւնների եմ հասել՝ մրցումների ժամանակ երկրորդ տեղն եմ զբաղեցրել, բայց, երբ եկաւ զօրակոչուելու ժամանակը, վերադարձայ հայրենիք: Արկղից հանեցի թղթիկը, վրան թուով էր նշուած զօրամասս, ասացին՝ Տօնաշենն է, մի լաւ ուրախացայ, ասեցի՝ պահ, էս ինչ սիրուն անուանումով տարածք է, մէկը միւսից սիրուն բառերից կազմուած՝ տօն, շէն, բայց, որ իմացայ «Եղնիկներ»ն է, մի քիչ նեղսրտեցի, դէ, անկեղծ ասած, հակասական շատ լուրեր էի լսել: Հիմա շատ ուրախ եմ, հպարտ, որ հէնց այստեղ եմ. պատիւ է ծառայել հերոսական ճանապարհ անցած, պարտիզանական ջոկատի հիման վրայ ստեղծուած այս զօրամասում, այստեղ Շահէն Մեղրեանն է կռուել, Լէոնիդ Ազգալդեանը… Երեք ամսից զօրացրուելու եմ, բայց միտքս, սիրտս այստեղ է մնալու. այստեղ զգացի իսկական ընկերութեան, իսկական ծառայութեան համնուհոտը:
***
Ուղեւորւում ենք յաջորդ մարտական դիրք: Լեռնային դժուարանցանելի ճանապարհն անվերջանալի է թւում, բայց նաեւ հրաշալի հնարաւորութիւն է վայելելու տեղանքի աննկարագրելի գեղեցկութիւնը: Աշունն իր շքեղ գունապնակի ողջ նրբերանգներն ասես ի ցոյց է դրել:
«Իրադրութիւնը կայուն է, հակառակորդի կողմից շարժ չի նկատուել», արագ-արագ զեկուցում է զինուորներից մէկն ու մեզ աշնան «ցուցասրահից» միանգամից տեղափոխում ռէալ իրականութիւն՝ պատերազմի ու խաղաղութեան սահմանագծին ենք:
Անթարթ հայեացքները յառած վերահսկուող տարածքին՝ կանգնած են զինուորները:
«Ի՞նչ է երեւում այն կողմում», հարցնում եմ:
«Մեր կորցրած պատմական հայրենիքի մի հատուածն է, կարօտով նայում ենք, հաւատով սպասում ու վստահեցնում՝ վաղ թէ ուշ մերն է լինելու»:
Նարեկ Պոլոյեանն է, խօսքի ամէն բառից վճռականութիւն է յորդում:
«Ծառայութիւնը քեզ աւելի է կապում քո հող ու ջրին», ասում է երեւանցի Այվազ Մելքոնեանը, «այստեղ՝ դիրքում կանգնած, հասկանում ես, որ միայն Երեւանը չէ քեզ հարազատ, այլ նաեւ հեռւում ծուարած այս գիւղը, որի անունը մինչ ծառայութիւնդ չէիր էլ լսել, բայց հիմա սրտիդ մէջ է… Երբ ես զօրացրուեմ, եղբայրս կը գայ, այստեղ կը կանգնի: Էսպէս իրար փոխարինելով՝ ամուր կը պահենք հայրենիքը»:
***
Օրը մթնում է, պէտք է շտապենք՝ ուրիշ մարտական յենակէտեր էլ դեռ պէտք է այցելենք:
Սահմանագծի ամբողջ երկայնքով ինժեներական, ամրաշինական լայնածաւալ աշխատանքներ են կատարուել: Գիշերային, ջերմատեսիլ տեսադիտարկման սարքաւորումները զգալիօրէն դիւրացրել են մարտական հերթապահութեան իրականացումը, բարելաւուել են կենցաղային պայմանները… Արագ-արագ նշումներ եմ անում նօթատետրումս ու աւելացնում՝ այս ամէնը չափազանց կարեւոր է:
Զինուորները հազար տարուայ հարազատի պէս մեզ ջերմ ժպիտով հրաժեշտ են տալիս:
Նօթատետրումս մի գրառում էլ է աւելանում՝ իսկ ամենակարեւորը զինուորի լուսաւոր ժպիտն է ու նուիրումը հայրենի եզերքին:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»