ԼՈՒՍԻՆԷ ՆԱԶԱՐԵԱՆ
Ժողովրդագրական պատկերի բարելաւման նպատակով 3 բնակարանաշինական ծրագիր կ՛իրականացուի։ Ծնելիութեան խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցութեան նոր ծրագրերի վերաբերեալ ՀՀին պարզաբանումներ ներկայացրեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան ժողովրդագրութեան բաժինի պետ Արտակ Մարկոսեանը։
Ենթադրւում է, որ եթէ ընտանիքում կայ երկու երեխայ, ապա պետութիւնը ֆինանսական աջակցութիւն կը ցուցաբերի այդ ընտանիքին՝ նրա կողմից ձեռք բերուող բնակարանի արժէքի 5 տոկոսի չափով, բայց միայն այն դէպքում, եթէ բնակարանը Հայաստանի մարզերից մէկում է, այլ ոչ թէ մայրաքաղաքում։ Պետութիւնը պատրաստ է մինչեւ 2 մլն. դրամի սահմաններում միանուագ դրամական աջակցութիւն տրամադրել հիփոթեքային (կալուածի գրաւ-Խմբ.) մայր գումարների մարման համար։
Այս՝ առաջին ծրագիրը նախատեսուած է մարզային բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքների համար։ Հիփոթեքային վարկաւորման միջոցով մարզում բնակուող երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն 2 երեխայ, կարող են ստանալ աջակցութիւն բնակարանի արժէքի 5 տոկոսի չափով, բայց 1 մլն. դրամից ոչ աւելի։ 3 երեխայի պարագայում աջակցութեան չափը կը կազմի բնակարանի արժէքի 10 տոկոսը, բայց ոչ աւելի, քան 1.5 միլիոն դրամը։ 4 եւ աւելի երեխաների դէպքում գումարը կը կազմի մինչեւ 15 տոկոս, բայց ոչ աւելի, քան 2 մլն. դրամը՝ կազմելով կանխավճարի 10 տոկոսը։ Ենթադրւում է, որ դրամական միանուագ աջակցութեան տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքները կը կարողանան նախնական կանխավճարի հարցը լուծել։
Երկրորդ ծրագիրը կ՛իրականացուի կանխավճարի ապահովագրութեան ձեռք բերման միջոցով։ Այն ընտանիքները, որոնք կ՛ունենան կանխավճարը 10 տոկոսի չափով, ապա այդ 20 տոկոսը (երբ բանկերը սովորաբար կամ յաւելեալ գոյք են գրաւադրում կամ պահանջում են կանխավճարի ապահովագրութիւն), կը վճարի պետութիւնը։
«Այս պարագայում կանխավճարի ապահովագրութիւնը պետութիւնն իր վրայ է վերցնում։ Ապահովագրավճարը կը վճարուի այնքան ժամանակ, մինչեւ վարկառուն 20 տոկոս կանխավճարի մնացորդային տոկոսները կարողանայ մարել։ Ընդ որում, բնակարանի արժէքը չպէտք է գերազանցի 30 մլն. դրամը», նշեց Ա. Մարկոսեանը։
Երրորդ ծրագիրը պայմանաւորուած է երեխայի ծնունդով։ Եթէ երիտասարդ ընտանիքն ունի հիփոթեքային վարկ կամ երբ ընտանիքում կը ծնուի առաջին կամ երկրորդ երեխան, ապա միանուագ աջակցութիւնը մարզերում կը կազմի 10 տոկոս, Երեւանում՝ 5 տոկոս, բայց ոչ աւելի, քան 500 հազար դրամը։ Երրորդ եւ աւելի երեխաների դէպքում միանուագ աջակցութիւնը հիփոթեքային մնացորդային մայր գումարից կը կազմի մինչեւ 50 տոկոս, իսկ մայրաքաղաքում՝ 25 տոկոսի չափով, բայց 2 մլն. դրամից ոչ աւելի։
Արտակ Մարկոսեանի տեղեկացմամբ՝ գործելու է լրացուցիչ բաղադրիչ։ Երրորդ ծրագրի դէպքում, եթէ զոյգերի տարիքը չգերազանցի 50ը, եւ, ընդ որում, երիտասարդ ընտանիքն ունենայ 2 երեխայ, ապա հնարաւոր է, որ միանուագ աջակցութեան չափը հասնի 4 մլն. դրամի։
«Ընտանիքը պէտք է դիմի բանկ վարկաւորման համար։ Եթէ տուեալները բանկը կարողացաւ բաւարարել, արդէն գործընթացը կ՛անցնի տարբեր ընթացակարգեր։ Մինչեւ այս ամսուայ վերջ բոլոր ընթացակարգերը կը յստակեցուեն ե՛ւ տարիքային սահմանափակումների, ե՛ւ այլ դրոյթների վերաբերեալ», յայտնեց Ա. Մարկոսեանը։
Բնակարանային աջակցութեան երեք ծրագրի համար պետբիւջէից յատկացուել է 526 մլն. դրամ՝ կէս տարուայ համար։ Նախատեսուած գումարով հնարաւոր կը լինի՞, արդեօք, ծածկել առկայ պահանջարկը հարցին՝ Ա. Մարկոսեանը դժուարացաւ պատասխանել։ Նրա հիմնաւորմամբ, ծրագիրն ինչ-որ առումով պիլոտային (փորձարկային-Խմբ.) է եւ հնարաւորութիւն կը տայ 6 ամսուայ կտրուածքով գնահատել առաջարկն ու պահանջարկը։
«Եթէ հասկանանք ու հիմնաւորենք, որ պահանջարկը մեծ է, բնականաբար, 2021ի համար յատկացուող գումարը բիւջէի մասով աւելին կը լինի։ Այս ծրագիրն իրական օգնութիւն է բնակարան ձեռք բերողների համար, եւ մեր նպատակն է, որ շահառուները ռիսկի տակ չընկնեն», ասաց նախարարութեան ժողովրդագրութեան բաժնի պետը։
Նկատենք, որ հիփոթեքային վարկաւորման գործընթացը եւ վարկի հաստատումը հեշտ չեն։ Վարկը հաստատելու համար պէտք է հաշուի առնուեն ընտանիքի անդամների ամսական եկամտաբերութիւնը, վճարունակութիւնը, վարկային պատմութիւնը եւ այլն։ Այս պարագայում բնակարանային խնդիր ունեցող ընտանեկան զոյգը պէտք է դեռեւս կարողանայ իրական եկամուտներ ցոյց տալ, այլապէս բանկը կարող է հրաժարուել վարկաւորել այն ընտանիքին, ում եկամտաբերութիւնը իրատեսական չէ ու ռիսկային է։ Ըստ Արտակ Մարկոսեանի, այդ հանգամանքն էլ խթանիչ գործօն կը դառնայ, որ երիտասարդ զոյգերը յատկապէս գիւղական համայնքներում զբաղուածութիւն ապահովեն. «Իրենք շահագրգիռ կը լինեն, որպէսզի աշխատանք գտնեն ու կարողանան հիփոթեքով տուն ձեռք բերել»։
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»