ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Այդ օրը դաշնամուրի հնչիւններով քանդակւում էր Կոմիտասը։
Կան Կոմիտասի քանդակները, գեղանկարները, մենագրութիւններ եւ վերլուծութիւններ նրա մասին, սակայն այս անգամ երաժշտութեան հնչիւնները՝ ծնուած դաշնակահարուհու հպումներից ստեղնաշարի վրայ, պատկերում էին մի նոր Կոմիտաս, մի ձայնաքանդակ իւրովի ստորագրութեամբ, որն էր՝ Սվետլանա Նաւասարդեան։
Մեզ հետ էր հայ մեծ դաշնակահարուհի, Շումանի, Բախի, Եղիսաբէթ թագուհու եւ Սիդնէյի միջազգային մրցոյթների դափնեկիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կառավարական բարձրագոյն պարգեւների՝ Մեսրոպ Մաշտոց եւ Պատուոյ շքանշանների ասպետ Սվետլանա Նաւասարդեանը, ում կատարմամբ, «Լարք» երաժշտական ընկերակցութեան հրաւէրով եւ կազմակերպութեամբ, 2019 թուականի Դեկտեմբերի 4ին, Չորեքշաբթի, տեղի ունեցաւ Կոմիտասի ծննդեան 150ամեակին նուիրուած մենահամերգ Գլենդելի Երիցական եկեղեցու սրահում։
Տարիների պատմութիւն ունի մեծանուն դաշնակահարու եւ «Լարք»ի ու նրա անդամների յարաբերութիւնը։ Այն սոսկ ծանօթութիւն չէ, այլ մենահամերգների, վարպետութեան դասերի, մասնագիտական խորհրդատուութիւնների, ուսուցիչների հետ սերտ յարաբերութիւնների, նաեւ բարեկամական եւ ընտանեկան մտերմիկ պահերի ջերմութեամբ պարուրուած անբացատրելի մի կապ է։ Ու երբ լսում էինք նրա կատարումը բեմի վրայ, զարմանում էինք, թէ ինչպէ՛ս ենք մենք կարողանում մեզ հաւասարի նման վարուել նրա հետ. միթէ՞ կարելի է այդ երկնային կատարման հեղինակի հետ լինել սովորական ընկեր, խօսել առօրեայից եւ աշխարհի անցուդարձերից։ Այնուամենայնիւ՝ մենք ընկերներ էինք։
Երաժշտանոցի հիմնադիր տնօրէն Վաչէ Պարսումեանը համերգից առաջ ասում էր. «Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործութիւնների նաւասարդեանական մեկնաբանումների մէջ անշուշտ որ պիտի լինեն իւրովի եւ նորովի դրսեւորումներ. ակնկառոյց սպասում ենք»։ Ու յայտնւում էին նորարարութիւնները։
Դաշնակահարուհին համերգի երկրորդ բաժնում ներկայացրեց Կոմիտասի դաշնամուրի համար գրուած 7 պարերը՝ «Երանգի», «Մանուշակի», «Ունաբի», «Մարալի», «Շուշիկի», «Յետ ու առաջ», «Կարնոյ շորոր»։ Նաեւ՝ նրա կատարմամբ Միացեալ Նահանգներում առաջին ունկնդրութեան արժանացան Կոմիտասի 7 երգերը՝ գրուած դաշնամուրի համար։
Դաշնակահարուհու հոգեաշխարհին համահունչ է Կոմիտասի կերպարի իւրօրինակութիւնը, եւ նրա պարերի երաժշտութիւնն ասես գրւում էր հէնց այդ կատարման վայրկեանին՝ Կոմիտասի թելադրած նոտաներով։ Այդ պարերը ունենալով թեթեւ ֆակտուրա, դաշնակահարուհին ինքն էր հիւսում պաստառը, որի վրայ պատկերում էր ի՛ր Կոմիտասը, մե՛ր Կոմիտասը եւ առհասարակ ա՛յն յաղթանակած Կոմիտասը, որ Եղեռնից մազապուրծ հայը չէր, այլ այն հայը, որ դէպի դարերն էր տանելու մեր ազգային մշակոյթը։
Երբ ասում ենք դաշնամուրային տեխնիկա ընդհանրապէս պատկերացնում ենք հիմնականում կատարողութեան արտաքին ճարտարութիւն։ Իսկ նաւասարդեանական կատարման ընթացքում երեւան է գալիս մի այլ տեխնիկա. դա հնչողութեան ստեղծման մի իւրայատուկ ձեւ է, որն անցնելով նրա զգացողութեան միջով, ստուգման ենթարկուելով իր իսկ կողմից, փոխանցւում է ունկնդրին ազատօրէն, առանց վարանման, ու մենք ընկալում ենք այն եթերային, երփնաւոր հնչողութիւնը, որի միջոցով էլ պատկերւում էր Կոմիտասի ձայնաքանդակը։ Բարդ մի ճանապարհ է, որին հասել է դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանը իր տաղանդով եւ մասնագիտական հզօր պատրաստուածութեամբ։
Նրա շնորհիւ մենք կարողացանք ունկնդիրն ու ակնդիրը լինել Կոմիտասի բոլո՛ր դաշնամուրային գործերի առաջին կենդանի կատարմանը Սփիւռքում, բացառիկ մի առիթ, որ մեզ համար ստեղծել էր «Լարք»ը։
Համերգի առաջին բաժինը նուիրուած էր համաշխարհային դասականներին։ Ծրագրում էին՝ Հայդնի եռամաս Սոնատը (J. Haydn-Sonata in C Major KW.309) եւ Բրահմսի դաշնամուրային 8 մանրանուագները (J. Brahms- 8 Klavierstucke, Op.76)։
Եթէ Կոմիտասեան կատարումները կարելի է ընդունել որպէս այդ գործերի ներկայացման դասական, անկրկնելի օրինակներ, ապա արեւմտաեւրոպական ստ-եղծագործութիւնների ուն-կնդրման պարագայում տեղին է ներկայացնել արուեստագիտութեան դոկտոր Իրինա Զոլոտովայի՝ Նաւասարդեանի կատարողական արուեստի մասին գրած վերլուծութեան մէջ եղած մէջբերումները. «Բացառիկ անհատականութիւն, հնչիւնային հիասքանչ գունապնակ (Le Soir), «յայտնութիւն էր մեզ համար լսել այդչափ ծանօթ գործերը այդպէս անճանաչելիութեան չափ նորովի» (Miazaki Symbul), «մոգական դաշնակահարուհի… նոյնիսկ եթէ միշտ չէ որ համաձայն ես նրա հետ, մեզ համար երբեմն անսովոր կատարողական ոճի հետ, միեւնոյնն է չես կարող չգնահատել մեկնաբանման բացառիկ խորութիւնն ու չընկնել դաշնակահարուհու յիրաւի հիպնոսական ազդեցութեան տակ» (Frankfurter Allgemeine Zeitung)։
Ու այդ «հիպնոսական ազդեցութիւնը» գոյութիւն ունէր ամբողջ համերգի ընթացքում՝ լինէր դա արեւմտաեւրոպական երաժշտութիւն, թէ մեր ազգայինը։ Երաժշտասէր հասարակութիւնը դէմ յանդիման էր անկրկնելի մի երեւոյթի հետ, համաշխարհային առումով, եւ նաեւ ներքուստ հպարտ՝ մեր հայրենի արուեստագիտուհիով։
Իրաւամբ արդարացուած էին այն աշխատանքները, որ ընկերակցութիւնը տարել էր պատշաճ ձեւով կազմակերպելու Կոմիտասեան յոբելենական համերգը։
Իսկ մեր «Լարք»ի «ընկերուհուն»՝ սիրելի Սվետլանային, մաղթում ենք առողջ եւ արգասաբեր ստեղծագործական երթ, միշտ նոր հանդիպումների ակնկալիքներով։