Բերլինում հաստատուած գիտնականներ Վահէ Թաշճեանը եւ Էլկէ Հարթմանը յանձն են առել մէկ տեղում հաւաքել Հայոց Ցեղասպանութեան տարիներից եւ դրանից առաջուանից պահպանուած՝ հայերին առնչուող բոլոր իրերի, փաստաթղթերի մասին տեղեկութիւնները: Ամուսինների այս կարեւորը գործը չի վրիպել հեղինակաւոր Los Angeles Times-ի ուշադրութիւնից: «Արմէնպրէս»ը ներկայացնում է պարբերականի հրապարակման (հեղինակ՝ Նէյթ Պըրկ) ուշագրաւ հատուածները:
Los Angeles Times-ը հրապարակումը սկսել է փոքրիկ խորհրդանշական ակնարկով մի զինուորի մասին, որը մօտ մէկ դար առաջ՝ Հայոց Ցեղասպանութեան օրերին, Օսմանեան կայսրութիւնում մի խումբ հայերի հետ փախչելիս ծնկի է եկել իր տան բակում, վերցրել մի բուռ հող՝ մի կտոր իր հայրենիքից, ուր երբեք այլեւս չէր վերադառնալու: Թաշկինակը, որով վերցրել է հողը, այդ ժամանակից ի վեր յանձնուել է երեք սերնդի: Դա այն հարիւրաւոր իրերից մէկն է, որը բերուել էր Աթէնքում միացուելու Հայոց Ցեղասպանութեան տարիներից մնացած միւս իրերին:
Պարբերականը յիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանութիւնը խլել է մօտաւորապէս 1.5 մլն. հայերի կեանք եւ շատերին իր տներից քշել է աշխարհով մէկ՝ Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա, Միացեալ Նահանգներ: Los Angeles Times-ը յիշեցրել է, որ Թուրքիան պնդում է, թէ զոհերի թիւն աւելի փոքր է եւ այդ բռնութիւնը նկարագրում է ոչ թէ որպէս ցեղասպանութիւն, այլ որպէս քաղաքացիական պատերազմ:
«Քրիստոնեայ էթնիկ (ցեղային-Խմբ.) փոքրամասնութիւն հանդիսացող հայերն ապրել են Օսմանեան կայսրութիւնում մուսուլմանների եւ քրդերի շրջանում, բայց հիմնականում կենտրոնացած են եղել ներկայիս արեւելեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում: Թէեւ պատմական շատ գրառումներ եւ իրեր փաստում են կայսրութիւնը դարասկզբի շրջանի մասին, սակայն դրա մասին քչերն են պատմւում հայերէնով կամ հայերի տեսանկիւնից: Վահէ Թաշճեանի եւ Էլկէ Հարթմանի՝ Բերլինում հաստատուած գիտնական ամուսինների համար սա խնդրահարոյց է», գրում է պարբերականը:
«Հայկական աղբիւրներ, իհարկէ, գոյութիւն ունեն, եւ դրանք շատ հարուստ են», ասել է Թաշճեանը: Բայց, ի տարբերութիւն պաշտօնական պատմական իրերի, Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերի պատմութեան մեծ մասը կա՛մ ոչնչացուել է տեղահանութիւնների եւ կոտորածների քաոսի մէջ, կա՛մ երբեք առաջին հերթին պատշաճ կերպով չի արձանագրուել: Մնացածը միայն պատմութեան ցուցիչներն են, որոնք անցել են սերունդներով. տեղական գիւղերի ձեռագիր հաշիւներ, արտերկրում գտնուող ընտանիքի անդամներին ուղարկուած լուսանկարներ, ասեղնագործուած հագուստ, թաշկինակով կապած մի բուռ հող:
«Մեր նպատակն էր աղբիւրներին մէկ այլ արժէք տալը», ասել է Թաշճեանը:
Ամուսինների նախագիծը սկսուել է 2010ին: Los Angeles Times-ը նշել է՝ իրենց հայալեզու սահմանափակ ռեսուրսների համար գրադարաններն ու արխիւները «մաքրելուց» յետոյ Թաշճեանն ու Հարթմանը գտել են մի նիւթի երակ, որը յայտնի է «յուշամատեան» անունով՝ ձեռագիր եւ յիշողութիւնների գրքեր, որոնք նկարագրում են երբեմն պարզ, երբեմն հիանալի մանրամասներ՝ գիւղերը եւ նախնիների հողերը, որտեղից հայերը ստիպուած են եղել փախչել: 2011ին նրանք սկսել են այս փաստաթղթերից ինֆորմացիա (տեղեկութիւն-Խմբ.) հրապարակել իրենց վեբ-կայքում, որն անուանել են «Յուշամատեան»:
Երբ կայքը գործել է, նրանք սկսել են էլեկտրոնային փոստով հաղորդագրութիւններ ստանալ ամբողջ աշխարհի հայերի սերունդներից, որոնք առաջարկել են իրենց սեփական յուշերը, գրառումները: Զարմանալով այս արտահոսքից՝ Թաշճեանը եւ Հարթմանը իրենց ուշադրութիւնը կենտրոնացրել են ֆորմալ արխիւներից դէպի հայկական Սփիւռքի ժառանգութիւնները: «Տներում եւ պահարաններում այնքան գանձեր կային», ասել է Թաշճեանը:
Այս նիւթերը փաստաթղթաւորելու համար՝ Թաշճեանը, Հարթմանը եւ մի փոքրիկ խումբ սկսել են ամբողջ աշխարհում կազմակերպել «վորքշոփ»եր (աշխատանոցներ-Խմբ.), որտեղ մարդիկ կարող են բերել իրենց ընտանիքի ժառանգութիւնները եւ փաստաթղթերը՝ հաւաքածուում աւելացուելու համար: Ֆինանսաւորուելով մասնաւոր դոնորների (նուիրատուներու-Խմբ.) եւ հիմնադրամների կողմից, այդ «վորքշոփ»երը անցկացուել են Ստամբուլում, Բէյրութում, Լոս Անջելեսում, Գլենդելում, Հայկական Սփիւռք ունեցող բոլոր ուղղութիւններով: Թաշճեանի խօսքով՝ իւրաքանչիւր վայր այս պատմութեանն առաջարկում է իր ուրոյն անկիւնը: Վերջին «վորքշոփ»ը կայացել է Աթէնքում, որին մասնակցել են տասնեակ ժառանգներ:
Los Angeles Times-ը ներկայացրել է այն մարդկանց եւ իրերն ու փաստաթղթերը, որոնք ներկայացուած են եղել այդ «վորքշոփ»ում: Օրինակ մի կին՝ Վիքի Խաչատուրեանը, ցոյց է տուել արծաթէ իրեր եւ գործած գորգ, որը տատիկը Կոստանդնուպոլիսից է (այժմ Ստամբուլում, Պոլիս) բերել է յունական Կեֆալոնիա կղզի: Դրանք եղել են տատիկի ամուսնութեան օժիտը:
Los Angeles Times-ի նշեալ յօդուածը կարդալ https://www.latimes.com/world-nation/story/2020-01-17/memories-armenia-before-genocide կայէջում։