[embedyt] https://www.youtube.com/watch?v=u9z8HQtZ0Vs[/embedyt]
«Ինթելինէյր»ը Յեղափոխական Բարեփոխումներ է Իրականացնում Համաշխարհային Գիւղատնտեսութեան Ոլորտում
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Բարձրագոյն տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ճանաչում ստացած մի քանի ընկերութիւնների համահիմնադիր, ամերիկահայ Ալֆրեդ Եսայեանի հերթական նախագիծն ուղղուած է համաշխարհային գիւղատնտեսական ոլորտի բարեփոխումներին: Եսայեանի գործունէութիւնը նաեւ համահայկական ներուժի համախմբման արդիւնաւէտութեան լաւագոյն վկայութիւնն է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կողմից ստեղծուած հերթական ընկերութիւնը գործում է գիւղատնտեսութեան ոլորտում: Ինչո՞վ էր պայմանաւորուած այդ դաշտում գործելու որոշումը:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Համաշխարհային գիւղատնտեսութեան ոլորտում առկայ խնդիրների լուծման նպատակով 2015 թուականին ստեղծուեց IntelinAir ընկերութիւնը, որ համադրում է գիտութիւնն ու առաջատար տեխնոլոգիաները, արհեստական բանականութիւնը՝ առաջարկելով նորարարական մօտեցումներ: Այն հիմնադրեցինք Իլլինոյիսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Յովակիմեանի հետ միասին, 2015 թուականին:
Գիւղատնտեսութեան ապագայի մասին կանխատեսումները լաւատեսական չեն՝ պայմանաւորուած տարբեր հանգամանքներով, այդ թւում կլիմայական փոփոխութիւններ: Ենթադրւում է, որ մինչեւ 2050 թուականը աշխարհի բնակչութեան թիւը կը հասնի շուրջ տասը միլիարդի, ինչը նշանակում է, որ համաշխարհային գիւղատնտեսութիւնը պէտք է արտադրի մօտաւորապէս 50 տոկոսով աւելի սնունդ, նոյնիսկ այն դէպքում, երբ գիւղացիական տնտեսութիւնների համար մատչելի տարածքների քանակը կը կրճատուի: Սնունդի հարցն էլ առաջնային մարտահրաւէր է դառնում այսպիսով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ լուծումներ է առաջարկում ձեր ընկերութիւնը:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Intel-inAir-ը միաւորում է գիւղատնտեսների, համակարգչային տեսլականով առաջնորդուող գիտնականների, ճարտարագէտների եւ արհեստական բանականութեան մասնագէտների՝ առաջարկելով նորարարական լուծումներ: Գիւղատնտեսութեան ոլորտի մշտական խնդիրներն են՝ մոլախոտերի միջոցով վարակները, ջրի պատճառով վնասները, սարքաւորումների հետ կապուած խնդիրները, եղանակին առնչուող մարտահրաւէրները, միջատների եւ հիւանդութիւնների պատճառած վնասները, որոնց լուծումների համար կիրառում ենք մեր՝ AGMRI կոչուող տեխնոլոգիան: Այն հաւաքագրում է տարբեր տուեալներ եւ դրանց հիման վրայ կատարւում են վերլուծութիւններ:
Օրինակ, օդանաւում տեղադրուած տեսախցիկների միջոցով, մի քանի անգամ կատարւում են տեղանքի մանրամասն լուսանկարներ, ունենում ենք հողի նմուշներ, օգտագործուող սարքաւորումների, տնկման տեմպերի (ժամանակներու-Խմբ.) մասին տեղեկութիւններ, եւ կազմում ենք դիտարկուող դաշտի ամբողջական եւ ճշգրիտ իրավիճակային տուեալներ՝ գիւղատնտեսին մանրամասներ տրամադրելով տուեալ տեղանքի բերրիութեան, հողի որակի, ջրի եւ այլ խնդրահարոյց հարցերի մասին:
Intelinair-ը գիւղատնտեսներին տրամադրում է նաեւ առաջարկներ, որոնք յանգեցնում են բերքատուութեան բարձրացմանը եւ ծախսերի նուազեցմանը:
Ներկայում գործում ենք Միացեալ Նահանգներում, եւ առաւել կենտրոնացած ենք հնդկացորենի եւ սոյայի դաշտերի ուղղութեամբ, որովհետեւ դա մարդկանց եւ կենդանիների համար առաջնային նշանակութեան բերքն է: Սկսել ենք ընդլայնուել՝ ներառելով սուրճի եւ անանասի տնկիները նոյնպէս:
Մեր ծառայութիւնները սկսեցինք 2018թ.ից եւ առաջին տարում մի քանի հարիւր հազար ակր (արտավար-Խմբ.) նկարահանեցինք, 2019 թուականին՝ 1.8 միլիոն ակր, եւ այս տարի յոյս ունենք կը հասնի մինչեւ հինգ միլիոնի: Մեզ դիմողների թիւը մեծ արագութեամբ է աճում, որովհետեւ արդիւնքները տեսանելի են:
Intelinair-ի գործունէութեան արդիւնքում, նուազում է նաեւ մոլախոտերը վերացնելու կամ միջատների դէմ թունաքիմիկատների (թունաւոր քիմիական նիւթերու-Խմբ.) օգտագործումը, ինչի արդիւնքում էլ հողը աւելի երկար է առողջ մնում, եւ արտադրանքն էլ աւելի մաքուր է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք յեղափոխական ծրագիր էք իրականացնում համաշխարհային մակարդակով: Իսկ Հայաստանում կիրառո՞ւմ էք համակարգը:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Նախ ասեմ, որ այս ընկերութեան մի մասը, ինչպէս իմ բոլոր նախորդ նախաձեռնութիւնների դէպքում՝ Հայաստանում է, այսինքն, ինչպէս իմ նախորդ հինգ այլ ընկերութիւնների դէպքում, այս դէպքում էլ՝ նախագիծն իրականացւում է հայկական եւ ամերիկեան թիմերի համատեղ աշխանքով:
Անշուշտ, մտադիր ենք համակարգը կիրառել Հայաստանում եւ առաջիկայ մի քանի տարում նկարահանել ամբողջ տարածքը՝ շուրջ հինգ ու կէս միլիոն ակր եւ Արցախը՝ երկու միլիոն, ինչը մի քանի ոլորտներում մեծ արդիւնաւէտութեան կը յանգեցնի: Օրինակ, անտառներ ցանելու, պահպանելու եւ վերահսկելու, ջրային ռեսուրսներն (պաշարները-Խմբ.) արդիւնաւէտ օգտագործելու, ճանապարհաշինութեան եւ այլ բնագաւառներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սա ձեր հերթական յաջողուած նախագիծն է, որ իրականացւում է նաեւ հայ մասնագէտների անմիջական մասնակցութեամբ, որի շնորհիւ աշխատատեղեր են ստեղծւում Հայաստանում, օտար մասնագէտներին ներկայացւում է Հայաստանում առկայ ոլորտի ներուժը:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Սա իմ հինգերորդ ընկերութիւնն է: Ամենայաջողուածներից մէկն էր Integrien ընկերութիւնը, որ ձեռք բերուեց VMware կորպորացիայի (ընկերութեան-Խմբ.) կողմից 2010 թուականին, եւ որտեղ Հայաստանում ներկայում աշխատում է շուրջ երկու հարիւր մարդ: Ներկայում Հայաստանում գործում են մէկ տասնեակից աւելի միջազգային մեծ հեղինակութիւն ունեցող ընկերութիւններ, որոնք նախաձեռնել են հայեր, եւ որոնց միջոցով աւելի քան յիսուն միլիոն դոլարի ներդրում է կա-տարուել աշխատանքային գործունէութեան ընթացքում, Հայաստանում: Օրինակ, եթէ հարիւր կամ երկու հարիւր նման ընկերութիւն ունենանք Հայաստանում, միանգամից Հայաստանը ոտքի կը կանգնի տնտեսապէս: Մարդիկ ասում են՝ մենք միայնակ ի՞նչ ենք անելու, պէտք է յորդորեմ, որ իւրաքանչիւրն իր ուժը չթերագնահատի, որովհետեւ երբ մէկը սրտանց նուիրւում է, ներդնում է ջանք, մասնագիտական ունակութիւնները՝ հաստատ կարող է ստեղծել, եւ դա նաեւ ոգեւորիչ է, քանի որ այլ մարդիկ են սկսւում հաւաքուել շուրջդ: Օրինակ, ներկայում գործող բազմաթիւ յաջողուած ընկերութիւնների ղեկավարներ միմեանց ճանաչում են, մտերիմ են եւ քաջալերւում ենք միմեանց գործունէութեամբ: Այդ մարդիկ տարիներ շարունակ նուիրեալ գործունէութիւն են ծաւալում Հայաստանում, նոյն կերպ են վերաբերւում հայրենիքին՝ հոգատարութեամբ եւ երկարաժամկէտ ներդրման սկզբունքով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայրենիքին երկարաժամկէտ աջակցելու ձեր որոշումը կնքուեց ուխտով:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Առաջին անգամ Հայաստան եմ գնացել 1996 թուականին, երբ երեսունմէկ տարեկան էի: Ծնուել եմ Իրանում, բնակուել եմ ԱՄՆում եւ հայրենիքում՝ լինելով, զգալով ակունքներս, նոր միայն զգացողութիւն ունեցայ, որ գտել եմ տեղս: Այժմ ամէնուր ինձ հանգիստ եմ զգում, որովհետեւ գիտեմ, որ ոտքերս շատ ամուր են՝ իմ հողի վրայ են: 1999 թուականին, քառասուն տարուայ ուխտ արեցի, որ ամէն տարի պէտք է Հայաստան գնամ ու անեմ հնարաւորը՝ հայրենիքիս զարգացման համար: Այս քսանմէկ տարիների ընթացքում էլ կեանքս շատ է գունաւորուել: Մարդիկ ինձ հարցնում են, թէ տարբեր նախագահների օրօք ինչպէս է եղել Հայաստանում: Ես ասում եմ, որ կապ չունի, թէ ովքեր են տուեալ պահին իշխանութեան, անշուշտ դրական եւ բացասական երեւոյթներ կան, բայց դու անձնական երազանքներդ ես իրականացնում: Գտնում ես մարդիկ, որ նոյն ձեւով են մտածում եւ նոր գաղափարներ են առաջանում: Ես միշտ հիանում եմ նաեւ մեր ազգի միմեանց օգնելու, սատարելու յատկութեամբ: Օրինակ, հայկական համաշխարհային ցանց գոյութիւն ունի, եւ ասեմ, որ իմ առաջին ներդրողները, խորհրդատուները, յաճախորդները միշտ հայ են եղել:
Վերջերս ընթերցեցի Անդրանիկ Ծառուկեանի «Թուղթ առ Երեւան» բանաստեղծութիւնը, եւ այնքան յուզիչ էր, երբ մէկը քեզ պախարակում է, բայց դու սիրով ես պատասխանում: Կարեւոր է, որ միմեանց նկատմամբ սիրով լինենք եւ քննադատելուց էլ մի քիչ նուրբ լինենք, որովհետեւ ամէն մարդ փորձում է իր լաւագոյնն անել յանուն մէկ ընդհանուր վեհ գաղափարի: Ես հաւատում եմ մեր հայրենիքի լաւագոյն ապագային, եւ անցեալ տարի Դեկտեմբերին, Հայաստան 51րդ այցիս ժամանակ երկարացրի ուխտս 60 տարով՝ շարունակելու մասնակիցը լինել հայրենիքիս զօրացման գործընթացին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք Հայաստանի ԲՏ ոլորտի կայացման ակունքներում էք: Ինչպէ՞ս էք գնահատում զարգացումները:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Վերջին տասը տարում Հայաստանում ԲՏ ոլորտի զարգացումները շատ լաւատեսական են, մեծ աճ է արձանագրուել համատեղ ջանքերով՝ հիմնականում հայաստանաբնակ երիտասարդների շնորհիւ, սփիւռքահայ մասնագէտների ու գործարարների աջակցութեամբ, ովքեր սատարել են տարբեր ձեւերով: Ներկայում, Հայաստանի ԲՏ ոլորտում 12-15 հազար աշխատակից կայ, շուրջ 500 «սթարթափ»: Նախկինում մարդիկ չէին մտածում իրենցը ստեղծելու մասին, բայց երբ տասը տարի առաջ սկսեցինք խօսել, որ երբ աշխատավարձ են ստանում, փորձեն սեփականը նախաձեռնել, նաեւ՝ տէր դառնալ, սկսուեց իւրատեսակ աշխուժութիւն նաեւ այդ ուղղութեամբ:
Դա կրթութեան արդիւնքն է: Ներկայում կան բազմաթիւ կազմակերպութիւններ, որ սովորեցնում են, թէ ինչից սկսել եւ ինչպէս առաջ շարժուել, խորհրդատու գտնել, գաղափարներն ինչպէս ներկայացնել՝ ներդրումներ գրաւելու համար: Այդ ձեռք բերած գիտելիքների արդիւնքում ականատես ենք նաեւ, թէ ինչպէս է մարդկանց կենսաձեւը, վարուելաձեւ փոխւում, թէ ինչպէս են կարողանում օգտուել միջազգային փորձից ու հնարաւորութիւններից, ներառել դրանք իրենց ծրագրերում: Կարող եմ ասել, որ Հայաստանում արդէն նոր տե-սակի զանգուած է ձեւաւորւում՝ 15 հազար մարդ է ներգրաւուած ոլորտում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող են սփիւռքահայերը ներդրում կատարել Հայաստանի ԲՏ ոլորտում:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Հայաստանը ներկայում ունի հրեշտակ ներդրողների կազմակերպութիւններ, եւ վենչուրային (վտանգաւոր ներդրումներու-Խմբ.) հիմնադրամ, որոնց միջոցով հնարաւոր է ներդրումներ կատարել եւ ֆինանսաւորել հայրենիքում ստեղծուած «սթարթափ»ների: Տուեալ կազմակերպութիւնները ներկայացնում են բազմաթիւ «սթարթափ»ներ, որոնց յաջողելու հարցում մեծ նշանակութիւն կարող են ունենալ տարբեր երկրներում բնակուող մեր հայրենակիցները՝ միաժամանակ նաեւ շահոյթ ունենալով:
Կարծում եմ, որ ներկայում Հայաստանում ամենալաւ ներդրումը կրթութեան եւ գիտութեան ոլորտում է: Երբ մարդկանց ասում ես, որ վստահում ես նրանց գիտելիքին, հնարաւորութիւններին, յատկապէս երբ ներուժն ակնյայտ է, երիտասարդներն առաւել ինքնավստահ են զգում: Երբ խորհուրդ ես տալիս, ուղղորդում ես, ցոյց տալիս հնարաւորութիւնները եւ աջակցում՝ նշանակում է ստեղծում ես նոր բան, որովհետեւ եթէ տեղեկացուած չեն, չեն էլ կարող երեւակայել, եւ նորը ստեղծել: Այդ ներդրումային հիմնադրամների օգնութեամբ նաեւ երկիրն է կայանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Հայաստանի հետ կապուած նոր ծրագրեր ունէ՞ք:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Մենք՝ որպէս ազգ, իմ կարծիքով ներկայում մի հիմնական հարց ունենք՝ աջակցել կրթութեանը Հայաստանում: Ներկայում, ՀՀում գործող համալսարաններից տեխնոլոգիական ոլորտում մասնագիտացում ստացած շրջանաւարտների թիւը մինչեւ 800 է, այնինչ, այս պահին 15-20 հազար մասնագէտի կարիք կայ: Մենք կարող են օգտագործել մեր բանակը, որտեղ ծառայում է շուրջ 50 հազար զինուոր, եւ նման օրինակ են ԱՄՆի, Իսրայէլի բանակները:
Եթէ կարողանանք երեքից հինգ տարուայ ընթացքում մեր բանակի միջոցով պատրաստել շուրջ տասնհինգ հազար աշխատակից ԲՏ ոլորտի համար՝ Հայաստանի տնտեսական վիճակը կտրուկ կը բարելաւուի: Ներկայում, ընկերներով քննարկում ենք մի ծրագիր, որը նախատեսում է դասընթացներ բանակայինների համար եւ աւարտական վկայական, որը նրանց հնարաւորութիւն կը տայ այնուհետեւ աշխատանքի ընդունուել ոլորտի ընկերութիւններում: Միաժամանակ, նախատեսւում է ամսական հարիւր դոլարի չափով թոշակ սահմանել սովորող ծառայողների համար, ինչը խրախուսիչ է, եւ մի հնարաւորութիւն՝ այդ գումարը օգտագործել ուսումը շարունակելու համար: Սա շատ լաւ առիթ կը լինի բանակում ծառայող մեր երիտասարդների ինքնավստահութիւնը բարձրացնելու համար, քանզի տիրապետելով ծրագրաւորման լեզուին, սովորելով անգլերէն եւ գործնական հմտութիւններ՝ նրանք պատրաստ կը լինեն համարձակօրէն անցնել աշխատանքի կամ իրենք նախաձեռնել:
Կարծում եմ, այսօր Հայաստանի զարգացման մասին մտածող հայերի առաջնային թիրախը պէտք է լինի բանակը, աջակցութիւնը մեր երկրի անվտանգութիւնն ապահովող երիտասարդներին, եթէ ցանկանում ենք յարատեւել որպէս ազգ՝ պահպանելով մեր ինքնութիւնը, քանզի ամէն ինչ սկսւում է բանակից:
Ես եղել եմ Հայաստանի շուրջ քառասուն սահմանային գիւղերում եւ ականատես եմ եղել, թէ ինչպէս են նոյնիսկ վատթարագոյն պայմաններում երեխաները սովորում: Հարց է առաջացել. ի՞նչն է առաջնահերթ՝ ուսուցի՞չը, թէ շէնքը: Եթէ ներդրում կատարենք տուեալ աշակերտի կրթութեան համար, տասը տարի անց նա ինքը կարող է կառուցել դպրոց: Այժմ մենք ոսկէ առիթ ունենք. այդ թւում՝ կառավարութիւնը, որը լսում է, պատրաստ է համագործակցելու եւ կենտրոնացած է, թէ ինչպէս նաեւ բանակը մրցունակ դարձնել տարբեր ոլորտներում: Իմ առաջիկայ ծրագրերի թիրախում էլ մեր բանակն է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նաեւ խորհրդատուութիւն էք տրամադրում երիտասարդներին: Ո՞րն է յաջողութեան հասնելու ձեր բանաձեւը:
ԱԼՖՐԵԴ ԵՍԱՅԵԱՆ.- Ամէնից առաջ պէտք է նուիրումով վերաբերուել, հոգատար լինել իւրաքանչիւր նախաձեռնութեանը: Երկրորդ, պէտք է պատասխանատուութիւն ունենալ, երբ յանձն ես առնում գործ կամ ուխտ՝ պէտք է պահպանել եւ չպայմանաւորել ոչ մի բանով: Երրորդը, որ շատ կարեւոր է, մասնագիտական մօտեցումն է. միայն այն դէպքում, երբ լիարժէք տիրապետում ես գործին՝ կարող ես թոյլ տալ ազատօրէն ստեղծագործական մօտեցում ցուցաբերել: Ես երբ ինչ-որ միտք եմ ունենում, կարողանում եմ խանդավառել տուեալ աշխատանքի համար անհրաժեշտ այլ մասնագէտների, որ հաւատան ինձ ու աշխատենք, ստեղծագործենք միասին: Եւ կարեւոր է, թէ ո՛ւմ համար ես ստեղծում, ո՛վ է թիրախը: