«Փաստաբանների Պալատի Նախագահը Խնդրահարոյց Է Համարում Սահմանադրական Փոփոխութիւնների Ապրիլի 5ի Հանրաքուէն»
Վարեց՝ ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ
Արա Զոհրաբեանը «Ազատութեան» «Կիրակնօրեայ վերլուծական»ի հիւրն էր:
Ստորեւ՝ հատուած հարցազրոյցից.
ԱՐԱ ԶՈՀՐԱԲԵԱՆ.- Նախկինում էլ քննադատել ենք նախորդ իշխանութեան գործընթացները, յատկապէս՝ կուտակային կենսաթոշակի, փաստաբանների ռէեստրի (տոմարի-Խմբ.), դատական տուգանքի, եւ աւելին՝ նաեւ երբ պարոն Փաշինեանը հէնց էդ, իշխանափոխութեան էդ գործընթացի ժամանակ երբ իրեն ձերբակալել էին եւ իր տեղը չէին յայտնում, այն ժամանակ էլ իրենց փաստաբանական գրասենեակի դիմումի հիման վրայ Պալատի խորհուրդը դատապարտեց նաեւ իշխանութեանը եւ յորդորեց, որպէսզի այդ գործընթացը օրէնքի դաշտ տեղափոխեն:
Ինչեւէ, սա՝ իմիջիայլոց, որ երբ խնդիր ենք տեսնում, մենք անպայման արձագանգում ենք:
Հիմա գանք այս գործընթացին: Ես կարծում եմ, որ այս հանրաքուէն՝ սահմանադրութեան մէկ յօդուածի հետ կապուած, խնդրահարոյց է: Եթէ կ՛ուզէք, ես մանրամասները կը փորձեմ ներկայացնել:
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Այո՛, իհարկէ, խնդրե՛մ:
ԱՐԱ ԶՈՀՐԱԲԵԱՆ.- Տեսէք, երբ տեղի ունեցաւ իշխանափոխութիւն, բնական է, որ ինձ մօտ՝ որպէս քաղաքացու, հարց ծագեց՝ ինչպէս են վերանայելու բոլոր այդ ինստիտուտների (հիմնարկներու) գործունէութիւնը: Պարզ է, որ դա դժուար է լինելու, որովհետեւ եթէ կայ խնդիր, այդ մետաստազները (ախտածին բջիջները-Խմբ.), բնականաբար, շատ խորն են լինելու, եւ դրանք վերափոխելու համար պէտք է վիրահատական միջամտութիւն: Դա շատ, պարզից պարզ էր՝ նոյնիսկ ինձ համար, որ ոչ քաղաքագէտ եմ, ոչ էլ այդ հարցի մասնագէտ:
Բայց ընթացքը, ուղղութիւնը փոխուեց՝ ինչ առումով. տեսէք, էստեղ ոչ թէ պէտք է մէկ յօդուած, մէկ ինստիտուտի նկատմամբ քայլ անէր, այլ պէտք էր համակարգային: Եւ ինչումն է կայանում խնդիրը: Հիմա, նայէք՝ մէկ ամբողջ ռեսուրսը (միջոցները-Խմբ.), փաստօրէն, պետական ռեսուրսը ուղղորդւում է սահմանադրութեան մէկ յօդուածի փոփոխութեանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների՝ որպէս դատաւորի կարգավիճակի հաւասարեցմանը: Ընդ որում՝ այդ նորմը, ըստ էութեան, պայմանական, զուտ պատկերաւոր ասած՝ ինքը մեռած կանոն է, ինչո՛ւ, որովհետեւ իր գործն արդէն արել է. նա այդ անցումը ապահովել է, եւ այլեւս այդ անդամները դատաւորի կարգավիճակին հաւասար աշխատում են, եւ Ազգային ժողովն էլ է ընդունել, որ իրենք դատաւորներ են: Հիմա՝ ինչո՞ւ այս ամբողջ ուժը ծախսել եւ գնալ էդ յօդուածը փոխելու, եթէ, օրինակ, կարելի էր ընդունել նոր սահմանադրութիւն եւ լուծել մի շարք պետական ինստիտուտների հարցերը, օրինակ՝ դատական համակարգ, դատախազութիւն, քննչական կոմիտէ եւ մնացած բոլոր կառոյցները:
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Դուք հիմա ասում էք, որ պէտք է ամբողջ սահմանադրութիւնը դրուէր հանրաքուէի:
ԱՐԱ ԶՈՀՐԱԲԵԱՆ.- Սկզբից գամ: Հիմա, նայէք, ես հասկանում եմ, որ երբ, օրինակ, պարոն Փաշինեանը իր խորհրդատուներին հարցնում է՝ «ինչպէ՞ս կարելի է, օրինակ, փոխել այս ինստիտուտները, որպէսզի մեր յեղափոխական ծրագրերը իրագործուէն», ընդունենք, լաւ։ Իրեն ասում են, որ «Սահմանադրական դատարանը մեզ կարող է խանգարել, մենք ինչ լաւ գաղափար բերենք՝ Սահմանադրական դատարանը կը խանգարի»: Հիմա, ինչպէ՞ս անել, որպէսզի շրջանցուի Սահմանադրական դատարանը: Դրա համար կայ երկու ճանապարհ. մէկը, որը հիմա ընտրուեց, այս ճանապարհը, որը, ես կարծում եմ, շատ լուրջ իրաւական ականներ ունի իր տակը, եւ երկրորդ ճանապարհը դա նոր սահմանադրութիւն ընդունելն էր, որովհետեւ միայն նոր սահմանադրութիւն ընդունելու դէպքում է, որ Սահմանադրական դատարանի կարծիքը նախապէս չպէտք է հարցնել՝ չկայ նման սահմանափակում: Եւ տրամաբանութիւնն էլ յուշում է. եթէ դու յօդուած ես փոխում սահմանադրութեան մէջ, Սահմանադրական դատարանը պէտք է նայի՝ էդ յօդուածի փոփոխութիւնը համապատասխանո՞ւմ է ընդհանուր սահմանադրութեան անփոփոխելի յօդուածներին, եւ ներքին հակասութիւններ կա՞յ, թէ չկայ: Բայց եթէ դու նոր սահմանադրութիւն ես բերում, ինքը համադրելու օբյեկտ (առարկա-Խմբ.) չի՛ ունենայ:
Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն Հայաստանում նշանակուած է Ապրիլի 5ին: Փոփոխութիւններով առաջարկւում է դադարեցնել մինչեւ 2018 թուականի Ապրիլի 9ը ընտրուած ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի ու եւս 6 անդամների լիազօրութիւնները: Նախագիծը չի վերաբերւում միայն ՍԴ դատաւորներ Արման Դիլանեանին եւ Վահէ Գրիգորեանին: