ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնեանը Լոս Անջելեսում գործող հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ Մարտի 5ին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձաւ հայաստանեան քաղաքական գործընթացներին՝ հիմնականում խօսելով սահմանադրութեան նախատեսուած փոփոխութեան անհրաժեշտութեան մասին: «Այսօր մենք ունենք իշխանութեան երրորդ ճիւղի՝ դատական իշխանութեան խնդիրը, որովհետեւ դատական համակարգը, տասնամեակներ շարունակ, կառուցուել է սպասարկելու այն մարդկանց, ում մենք բոլորս մերժեցինք, այդ դատական համակարգը մէկից գոյքը խլել է եւ տուել է մէկ ուրիշին, ընտրութիւնների ժամանակ աչքերը փակել է եւ ասել, որ խախտումներ չեն եղել: Այսօր ունենք իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանն ու դատարանի նախագահին, նախկին իշխանութիւնները համարում են իրենց վերջին բաստիոնը (հենակէտը-Խմբ.), որ պէտք է պահեն, որպէսզի իրենց կոռուպցիոն գործարքները, սպանութիւնները կամ այլ գործեր հասցնեն ՍԴ եւ այնտեղ հակասահմանադրական համարեն: ՍԴի շուրջ ստեղծուած իրավիճակն իր բնական արտացոլումն է ունենում ամբողջ դատական բուրգի վրայ, եւ այն դատաւորները, ովքեր նշանակուել են նախկին նախագահների կողմից, գիտակցում են, որ իրենք ունեն մի տեղ, որ կարող են խոյս տալ եւ անել այն, ինչ տարիներ շարունակ արել են», ներկայացրեց Սիմոնեանը: Շարունակելով թեման, նա նշեց, որ նախկին իշխանութիւնները, սահմանադրութեան նոր տարբերակի ուժի մէջ մտնելուց օրեր առաջ, նշանակումներ են կատարել հին սահմանադրութեամբ, այդ թւում՝ պաշտօնավարման երկար ժամանակով դատարանի նախագահ են կարգել Հրայր Թովմասեանին եւ նշանակել միւս դատաւորներին:
Նա նշեց, որ իշխանութիւններն ընտրել են հարցը լուծելու ամենաճիշդ ճանապարհը՝ հանրաքուէի միջոցով, որը ժողովրդավարութեան ամենաբարձր արտայայտչաձեւն է: «Տարիներ շարունակ ապրել ենք մի իրականութիւնում, որտեղ մարդիկ ասում էին, որ իրենցից ոչինչ կախուած չէ: Այսօր ՀՀ քաղաքացիները որոշող են, իրենց երկրի իրական տէրերն են: Հանրաքուէն ժողովրդի լծակներից մէկն է, եւ որեւէ խնդիր չենք տեսնում ու չենք զլանայ կարիքի դէպքում յաճախ դիմել ՀՀ ժողովրդին ինչ-որ հարցերի լուծման համար»: ԱԺ փոխնախագահը կոչ արեց Հայաստանի քաղաքացիութիւն ունեցող ամերիկահայերին ներկայ գտնուել հանրաքուէին եւ օգտուել քուէարկելու իրենց իրաւունքից:
Անդրադառնալով սփիւռքահայերի քուէարկելու իրաւունքի վերականգնման հարցին՝ նա մասնաւորապէս նշեց. «Հայաստանի դէպքում այդ հարցը պէտք է բազմակողմանի դիտարկել, քանի որ որոշ դէպքերում այն երկրի անվտանգութեանն առնչուող ազդեցութիւն կարող է ունենալ: Մենք աշխարհում եզակի երկրներից ենք, որը դրսում աւելի շատ բնակչութիւն ունի, քան երկրի ներսում: ՀՀ իշխանութեանը շատ ձեռնտու է, որ Սփիւռքը քուէարկի, քանի որ շատ մեծ աջակցութիւն ունենք, բայց կայ լոբիինգի խնդիր, եւ պէտք է շատ զգոյշ լինենք, որ Հայաստանը մի քաղաքական բեւեռից մէկ այլ քաղաքական բեւեռ չշպրտենք, կամ ենթադրենք, ինչ որ «իքս» երկրի շահեր չդառնան գերակշիռ ՀՀում՝ ելնելով այդ երկրում առկայ հայերի թուից»:
Արցախեան հակամարտութեան կարգաւորման ներկայ գործընթացների մասին «Ասպարէզ»ի հարցին, ԱԺ փոխնագահը պատասխանեց. «Մեր որդեգրած տրամաբանութիւնն այն է, որ այն ամէնն ինչ կատարւում է, եթէ դա Ազգային անվտանգութեանը կամ որեւէ հարցի ձախողմանն ուղղուած չէ՝ բարձրաձայն ասում ենք: Երկրորդ, բանակցութիւններ, որպէս այդպիսին, չկան, այլ կայ մեր տեսակէտը, որը հետեւեալն է՝ Արցախը կայ եւ պէտք է լինի բանակցութիւնների մաս, ներկայ լինի բանակցային սեղանի շուրջ եւ արցախցին ինքը պէտք է որոշի Արցախի ճակատագիրը, իսկ ՀՀն այդ որոշման երաշխաւորն է: Մենք նաեւ ասել ենք, որ իւրաքանչիւր կրակոց Ստեփանակերտի ուղղութեամբ՝ կրակոց է Երեւանի ուղղութեամբ», յայտնեց Սիմոնեանը: Նա կարեւոր քայլ համարեց Միւնխենում երկու երկրների հանդիպման ձեւաչափը՝ նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ փակ դռների յետեւում նախկինում ընթացող հանդիպումներից յետոյ, իւրաքանչիւր կողմի ասածը հակասում էր միւսին, եւ այդ ընթացքում էլ ադրբեջանցիները սպանում էին մեր երեխաներին սահմանին. «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ 2018 թուականից սկսած, կրակոցների թուի տասնապատիկ անկում է գրանցուել: Մենք Ադրբեջանի ղեկավարութեանը բերել ենք այն ձեւաչափի, որը ձեռնտու է մեզ, այն է՝ բաց ձեւաչափ, երբ աշխարհի հանրութեան, տեսախցիկների առջեւ ենք խօսում: Այսօր մեր ընդդիմախօսները յաճախ ասում են, որ իրենց կատարած գործը տապալել ենք, բայց իրականում, ցանկութեան դէպքում, կարող ենք վերադառնալ նրան, ինչ եղել է եւ դրա մասին ասաց նաեւ Ադրբեջանի ղեկավարը Միւնխենեան հանդիպման ժամանակ», նշեց Ալեն Սիմոնեանը:
Պատասխանելով Հայաստանում ամենաշատ քննարկուող՝ պարգեւավճարների հարցին, Սիմոնեանը նշեց. «Հայաստանում այսօր գոյութիւն չունի կոռուպցիա (զեղծարարութիւն-Խմբ.) դասական եւ ոչ դասական իմաստով: ՊԵԿի աշխատակիցներն այսօր տասնեակ միլիոնաւոր դոլարների հասնող շատ աւելի հաւաքագրում են անում, եւ ես որպէս ՀՀ գործատու, այո՛, պէտք է նրանց վճարեմ, որ շարունակեն լաւ աշխատել, կաշառք չվերցնել ու գործարարից կախուած չլինել: Լաւ աշխատողին եւ պետութեանը հարիւր միլիոնի օգուտ բերողին, այո, պատրաստ եմ մի միլիոն դոլար աւելի վճարել», հաւաստիացրեց ԱԺ փոխնախագահը: