ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Սուրիոյ մէջ մարդասիրական առաքելութիւն իրականացնող Հայաստանի 4րդ խումբի սակրաւորները Ապրիլին տարին 5041 քառակուսի մեթր ականապատ տարածք ականազերծելու աշխատանք, որուն ընթացքին յայտնաբերեցին 16 ականներ:
«Առաքելութեան առաջին իսկ օրուանից ականազերծուել է ընդհանուր 152,738 քառակուսի մետր: 4րդ խմբի բժիշկներն Ապրիլին կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանաւորուած բուժօգնութիւն է ցուցաբերել թուով 144 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թուականի Փետրուարից մինչեւ այսօր ցուցաբերել է ընդհանուր 12035 հիւանդների բուժօգնութիւն:
«Այս ժամանակահատուածում Հալէպի բուժ հաստատութիւններին փոխանցուել են բժշկական պարագաներ եւ մեծ քանակութեամբ դեղորայք: Ինչպէս նաեւ` ՊՈԱԿ փորձագիտական կենտրոնի կողմից ուղարկուած մարդասիրական օգնութեան մի մասը տրուել է հայ համայնքին պատկանող մանկատանը:
«Հալէպում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան հետ համագործակցութեամբ Ապրիլի 12ին Հայաստանի Հումանիտար առաքելութիւն իրականացնող խումբը Հալէպի զինուորական հոսպիտալին եւ այլ բժշկական հաստատութիւններին փոխանցել է բժշկական պարագաներ: Բժշկական կենտրոնների ղեկավարներն իրենց երախտագիտութիւն են յայտնել հայ բժիշկներին տրամադրուած բժշկական պարագաների եւ ցուցաբերուող ամէնօրեայ օժանդակութեան համար: Հալէպի զինուորական հոսպիտալի (հիւանդանոցի-Խմբ.) պետ, գեներալ Ֆայէզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ եւ սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նուիրեալ աշխատանքը, մասնագիտական բարձր յատկանիշները, ոչ միայն պատերազմի հետեւանքով տուժածներին բուժօգնութեան ցուցաբերումը, այլեւ` համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դէմ պայքարելու պատրաստակամութիւնը:
«Գեներալը նշել է, որ հայ գործընկերները հաւատարիմ են մարդասիրութեան վեհ սկզբունքներին եւ ամէն օր պրոֆեսիոնալ (արհեստավարժ-Խմբ.) մօտեցմամբ օգնութիւն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչութեանը: Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժուար իրավիճակում իրենց կողքին են:
«Հոսպիտալի տնօրէնը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալէպում ՀՀ հիւպատոսութեանը եւ իշխանութիւններին մշտական աջակցութեան համար:
«Միեւնոյն ժամանակ, Ապրիլի 19ին Սիրիայում հումանիտար առաքելութիւն իրականացնող խմբի մասնագէտները Հալէպի Ազգային պատսպարանի Հայ ծերանոցին եւ հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հաւաքուած նուէրները», կը հաղորդէ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» կազմակերպութիւնը: