ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան 9 Մայիսին հետեւեալ շնորհաւորական ուղերձը յղեց Յաղթանակի տօնին, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիմնադրութեան եւ Շուշիի ազատագրութեան 28րդ տարեդարձին առիթով.
«Այսօր տօն է իւրաքանչիւրիս ընտանիքում, մեր ամէնէն նուիրական տօներից մէկը, որը սրբագործուել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախութեամբ ու անձնազոհութեամբ: Տասնամեակներ շարունակ մենք մեծագոյն խանդավառութեամբ ու ցնծութեամբ տոգորուած տօնում էինք Մայիսի 9ը, տօնում եւ խորին հպարտութեամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միութեան ժողովուրդների հետ միասին կերտեցին մեծ յաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսութեան տիպար, ում օրինակով հետագայում պիտի զէնք վերցնէինք ու կրէինք մեր բաժին յաղթանակը, գրէինք պատմութեան մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառաւոր:
«Մենք ապացուցեցինք մեզ եւ աշխարհին, որ կարող ենք կռուել մինչեւ վերջին շունչը եւ պաշտպանել հող հայրենին, կարող ենք յառնել փլատակներից եւ կերտել պետութիւն, միջազգային կանոններին ու չափանիշներին համապատասխան,ազատ, անկախ ու ժողովրդավարական պետութիւն:
«Այս տօնական օրը մենք նախ եւ առաջ յիշում ենք հայրենիքի համար զոհուած մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ յիշատակի առջեւ: Մեր պարտքն է` իրականութիւն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզօր, անվտանգ ու զարգացած երկիր»։