ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

5.5ամեայ Անգելինան եւ 4ամեայ Դանիէլը Քարվաճառի միւս երեխաների պէս արդէն երկու ամիս է` մանկապարտէզ չեն գնում: Քարվաճառի մանկապարտէզի աւագ խմբի սան Անգելինան եւ կրտսեր խմբի սան Դանիէլը կարօտել են մանկապարտէզն ու ուզում են նորից յաճախել այնտեղ:
«Քարվաճառի մանկապարտէզի սաների համար տարբեր առարկաներից առցանց պարապունքներն սկսուել են մօտաւորապէս Ապրիլի կէսերին եւ կը շարունակուեն մինչեւ Մայիսի վերջ, ինչպէս նախատեսուած է ծրագրով», մեզ հետ զրոյցում նշեց Քարվաճառի մանկապարտէզի վարիչ Սուետլանա Խաչատրեանը: Ըստ մեր զրուցակցի` առցանց պարապունքներ նախատեսուած են բոլոր առարկաներից: «Արդէն անցկացուել են պարապունքներ խօսքի զարգացում, շրջապատի ծանօթացում, նկարչութիւն եւ մաթեմատիկա (ուսողութիւն-Խմբ.), ծեփ, ապլիկացիա (կիրարկութիւն-Խմբ.), երգ, պար առարկաներից»:
Ինչպէս մեզ հետ զրոյցում պատմեց Անգելինայի ու Դանիէլի մայրիկը` Վարսիկ Գրիգորեանը, երեխաները, չնայած որ շատ են կարօտել մանկապարտէզը եւ անհամբեր սպասում են նորից յաճախելուն, սիրով են մասնակցում նաեւ առցանց դասերին: «Ուսուցչի ուղարկած ձայնագրութիւնները ժպիտով լսում են ու սկսում են կատարել դաստիարակի տուած յանձնարարութիւնը: Կախուած առաջադրանքից` այն կատարում են միասին կամ առանձին», նշեց նա:
Նկարագրելով առցանց դասապրոցեսը` Սուետլանա Խաչատրեանը տեղեկացրեց, որ դաստիարակները ձայնագրում են տուեալ առարկայի դասի բացատրութիւնը, եթէ տեսաուղերձի անհրաժեշտութիւն կայ, կցւում է նաեւ տեսաուղերձը, եւ աուդիօ (ձայն, լսողական-Խմբ.) եւ տեսաձայնագրութիւններն առցանց հարթակների միջոցով ուղարկւում են երեխաների ծնողներին:
«Ծնողներն աշխատում են երեխաների հետ եւ տուեալ թեմայով երեխաների կատարած աշխատանքը մէկ-երկու օրուայ մէջ ուղարկում են դաստիարակներին: Որոշ աշխատանքներ պարբերաբար նաեւ հրապարակում ենք մանկապարտէզի ֆէյսբուքեան էջում», ընդգծեց տիկին Խաչատրեանը:
Առցանց պարապունքներին կարողանում են մասնակցել մանկապարտէզի սաների կէսից աւելին:
«Ցաւօք, ոչ բոլոր սաներն են կարողանում մասնակցել դասապրոցեսին. դրա պատճառները տարբեր են. ծնողների աշխատանքային զբաղուածութիւն, տեխնիկական միջոցների բացակայութիւն», նշեց մանկապարտէզի վարիչը:
Քարվաճառի մանկապարտէզում գործում է երկու տարիքային խումբ. իւրաքանչիւր տարիքային խմբերի համար պատրաստւում են համապատասխան առանձին նիւթեր:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից