ԵՐԵՒԱՆ, «Ապառաժ».- ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն 25 Մայիսին հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակեայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների արդիւնքներով այժմ կազմաւորւում են երկրի գործադիր եւ օրէնսդիր նոր իշխանութիւնները:
«2020 Ապրիլի 9ի յայտարարութեամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային ժողովի ընտրութիւնների կապակցութեամբ մեր գնահատականների եւ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:
«Նկատի ունենալով համապետական ընտրութիւնների եւ ընտրուած նախագահի հետ բանակցութիւնների արդիւնքները` նպատակայարմար չենք գտնում մաս կազմել ձեւաւորուող կառավարութեանը:
«2019 Յուլիսի 7ի եւ Օգոստոսի 30ի ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթութիւնների եւ նախընտրական ծրագրի հիման վրայ յարաբերութիւններ ենք կառուցելու ինչպէս քաղաքական ուժերի, այնպէս էլ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:
«Յոյսով ենք, որ նոր իշխանութիւնները ջանք չեն խնայի յաջողութիւններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում առաւել կարեւորուած` պետականութեան ամրապնդման, անվտանգութեան ապահովման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետութեան հետ ռազմաքաղաքական դաշինքի իրաւապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարութեան հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ուղղութիւններով:
«ՀՅ Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցով հաստատակամօրէն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի բարգաւաճման գործում: ՀՅ Դաշնակցութեան ելակետային ուղենիշը եղել եւ մնում է ազատութեան, արդարութեան, ազգային ու համամարդկային արժէքների ամրակայումը եւ ներազգային համերաշխութեան ապահովումը»։