ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Մինսկի խմբի անդամները պէտք է պատասխանատու մօտեցում ցուցաբերեն եւ զերծ մնան յայտարարութիւններից, որոնք կը հրահրեն լարուածութեան աճ: Ռուսաստանի արտգործնախարարութիւնն այդ միտքը տարածել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սերգեյ Լաւրովի հեռախօսազրոյցի մասին հաղորդագրութեան շրջանակում:
Մոսկուայի խօսքն անկասկած ուղղուած է Թուրքիային, որը Մինսկի խմբի անդամ պետութիւններից միակն է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի առնչութեամբ արել է ադրբեջանական սադրանքին աջակցող յայտարարութիւն եւ սպառնալից խօսքեր հնչեցրել Հայաստանի հասցէին, յայտարարելով, որ Բաքուի կողքին են ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը:
Անկարայի այդ յայտարարութիւնը ի հարկէ հասկանալի է՝ Թուրքիան ոչ միայն Մինսկի խմբի միակ անդամն է, որ Ադրբեջանի հետ ունի «եղբայրական» յարաբերութիւն, այլ Մինսկի խմբի միակ անդամն է, որ հարուած է զգացել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածից: Աւելին, սահմանային իրադարձութիւններից ժամեր անց թուրքական արձագանգը խօսում է այն մասին, որ Անկարան զգացել է այն խորքային հարուածը, որ հայկական ուժերի գործողութիւնից ստացել է Թուրքիան:
Ընդ որում, իրաիճակը այստեղ բաւականին բազմիմաստ է: Անկասկած է, որ Թուրքիայի համար Ալիեւը վերածուել է ռեգիոնալ (շրջանային– Խմբ.) քաղաքական մահապարտի, որին անհրաժեշտ պահին «ուղարկելու» են գործողութեան՝ նոր աշխարհակարգում Անկարայի համար ուժեղ տեղ ապահովելու նպատակով:
Տաւուշի ուղղութեամբ եղել է հէնց այդ գործողութիւնը՞: Թէ՞ հայկական կողմը լաւ պատկերացնելով եւ գնահատելով ստեղծուած իրադրութիւնն ու աշխարհաքաղաքական միջավայրը՝ դրանում Թուրքիայի վարքագծի այլ դրսեւորումներն ու ռուս-թուրքական խնդիրները, Ալիեւի սադրանքը օգտագործել է կանխարգելիչ աւելի լայն նշանակութեան ուժգին հարուած հասցնելու համար:
Թուրքիայի արձագանգի համատեքստում «ֆալստարտի» (սխալ մեկնարկի- Խմբ.) զգացողութիւնն է: Անկարայի արձագանգը վկայում է այն մասին, որ Թուրքիան հայկական հարուածն ընկալում է այն համատեքստում, որ Ռուսաստանն անցել է իրենից մէկ քայլ առաջ:
Այն, որ հայկական հարուածն իր ուժգնութեամբ ու ռազմավարական նշանակութեամբ գոհացնող էր լինելու Մոսկուայի համար, թերեւս անկասկած է, անկախ այն հանգամանքից, թէ որքան կարող էր տեղեկացուած լինել Ռուսաստանը հայկական զինուժի գործողութիւնների մասին, որքան էին դրանք նախապէս պլանաւորուած (ծրագրուած- Խմբ.) եւ կախուած Ադրբեջանի սադրանքից, եւ որքանով են որոշումները կայացուել հէնց անմիջապէս սադրանքից յետոյ՝ յընթացս:
Թուրքիային ուղղուած զսպուածութեան գործնականում բացայայտ կոչը խօսում է այն մասին, որ առկայ իրավիճակում Ռուսաստանը զգում է իրեն առաւել լաւ դիրքում, ինչի կարիքը Մոսկուան ունէր հաշուի առնելով ռուս- թուրքական լիպիական զարգացումներում թուրքական քայլերից անյարմարութիւնները: Բաւականին ուշագրաւ է, որ Մոսկուային «հռետորաբանութեան» ազատութիւն են տուել Մինսկի խմբի միւս երկու համանախագահները, առնուազն առաջին օրուայ ընթացքում:
Միւս կողմից, իրավիճակի բաւականին սառը գնահատման վկայութիւն է նաեւ Անկարայի արձագանգը, մասնաւորապէս այն, որ Ադրբեջանին աջակցութեան եւ Հայաստանին հաթաթայի (սպառնալիքի- Խմբ.) ֆօնին, ինչը ի հարկէ «աւագ եղբօր» միանգամայն բնական պահուածք է, Թուրքիայի արտգործնախարարը յայտարարում է, որ կ’աջակցեն արցախեան կարգաւորման գործընթացում Բաքուի ցանկացած որոշման:
Աջակցութեան առերեւոյթ միարժէք, սակայն համատեքստի առումով բազմիմաստ կոչ է: Անկարան փաստօրէն պատասխանատուութիւնը թողնում է Ադրբեջանի վրայ, Իլհամ Ալիեւի վրայ: Իսկ ի՞նչ որոշում կարող է կայացնել Ալիեւը: Սկսել պատերա՞զմ եւ վտանգել ռեգիոնալ ամբողջ կայունութիւնը՞, դրանից բխող համընդհանուր աղէտի հեռանկարով, թէ՞ բանակցութիւն ուժային կենտրոնների հետ՝ նախագահի պաշտօնը թողնելու եւ անվտանգ հեռանալու մասին:
«ԼՐԱԳԻՐ»