Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է յարձակումի: Իր երկրի ներքաղաքական անյաջողութիւններից ուշադրութիւնը շեղելու նպատակով այս անգամ թիրախաւորուել է Հայաստանի Հանրապետութեան սահմանի հիւսիս-արեւելեան հատուածը, այդ թւում հրետակոծուել են նաեւ խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգութիւնների փորձերը ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա դատապարտուած են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ եւ հայրենանուէր հակազդման շնորհիւ:
Թուրքիայի Հանրապետութիւնն անթաքոյց յայտնում է իր սատարումն Ադրբեջանի զաւթողական գործողութիւններին՝ հերթական անգամ ապացուցելով ազգային թշնամանք ու ատելութիւն քարոզող վարչակազմերի էութիւնը: Դէպի հայն ու Հայաստանը ուղղուած նրանց կոյր ատելութեան դէմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղուող սրբազան պայքարով: Պատմութեան ընթացքում բազմիցս է ապացուցուել հայրենիքի պաշտպանութեան հարցում հայոց միասնականութիւնը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ինչպէս միշտ, իր աշխարհասփիւռ կառոյցով վճռականօրէն կանգնած է հայոց յաղթական բանակի, նրա զինուորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանութեան առաջնային դիրքերում:
Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրութիւնն ու քաղաքակիրթ մարդկութիւնը պէտք չէ անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դէպքում` այն կործանարար կը լինի ինչպէս փխրուն զինադադարի, այնպէս էլ տարածաշրջանի համար:
Ուստի, դիմելով միջազգային հանրութեանը, կոչ ենք անում ոչ թէ կողմերին հերթական` համարժէք զսպուածութեան յորդորներն անել, այլ յստակ գնահատել թուրք-ադրբեջանական յարձակումը եւ համարժէք միջոցներ ձեռնարկել արհաւիրքից խուսափելու համար:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հայաստանի Գերագոյն Մարմին