ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի (հակամարտութեան- Խմբ.) ֆոնին պէտք է աւելի լուրջ վերաբերուել Թուրքիայի այս անգամուայ յայտարարութիւններին, քանի որ դրանք հերթապահ քարոզչական յայտարարութիւններ չեն։ Եւ Թուրքիայից բխող տեսական սպառնալիքները կարող են վերածուել իրական սպառնալիքների։ Lragir.am-ի հետ զրոյցում այս մասին ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։
«Նախ պէտք է փաստենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկիտի հետ կապուած Թուրքիայի վերջին ակտիւացումը (աշխոյժացում- Խմբ.) բաւական ցցուն է եւ եթէ մի քիչ գոյները խտացնենք՝ աննախադէպ է։ Սահմանային լարուածութեան նախորդ դէպքերի ժամանակ Թուրքիայի արձագանգը լինում էր, բայց ոչ այսչափ ակտիւ։ Սրանում, բնականաբար, մենք պէտք է տեսնենք առնուազն երկու հանգամանք»,- ասաց Մելքոնեանը։
Նրա խօսքով՝ առաջին հանգամանքն այն է, որ Թուրքիան, ինչպէս լայն տարածաշրջանում, այնպէս էլ մեր տարածաշրջանում, շարունակում է իր ապակառուցողական քաղաքական ոճը։ Երկրորդ, ընդգծուած հակահայ քաղաքականութիւնը, որը տասնամեակներ շարունակ եղել է այդ երկրի պետական մտածողութեան հիմքում, հերթական անգամ հիմա ի ցոյց է դրւում։
«Կարծում եմ, որ մենք պէտք է թուրքական այս անգամուայ ակտիւացումը շատ աւելի լուրջ ընդունենք, որովհետեւ եւ համաշխարհային քաղաքականութեան մէջ իրավիճակն է մի փոքր փոխուած, եւ տարածաշրջանային տարբեր հաւասարակշռութեան մեխանիզմներն (կառուցակազմ- Խմբ.) են փոխուած։ Եւ Թուրքիայից ամենաանսպասելի բացասական անակնկալները միշտ կարելի է իրատեսական համարել՝ հաշուի առնելով նրա հետաքրքրուածութիւնը Նախիջեւանի հանգամանքով, հաշուի առնելով հետաքրքրուածութիւնը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում Արցախեան խնդրի մէջ ներթափանցելու առումով։ Եւ, բնականաբար, նաեւ այլ ծաւալապաշտական հետաքրքրուածութիւնները պէտք է հաշուի առնել»,- յաւելում է թուրքագէտը։
Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ Տաւուշում լարուածութեան առաջին իսկ ժամերին Թուրքիայի արտգործնախարարութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, բայց դրան հետեւեցին թուրքական քաղաքական գրեթէ ամբողջ վերնախաւի եւ ներկապնակի յայտարարութիւնները։ «Այսօր քիչ առաջ նաեւ յայտարարութիւն է արել Թուրքիայի պաշտպանութեան նախարարը, որը բաւական կոշտ շեշտադրումներ է պարունակում իր մէջ՝ հաշուի առնելով նաեւ նրա զբաղեցրած պաշտօնը։ Ի հարկէ, բովանդակութիւնը գրեթէ նոյնն էր, որ՝ մենք ամէն ինչով ու ամէն կերպ կանգնած ենք Ադրբեջանի կողքին։ Եւ եթէ դա անում է պաշտպանութեան նախարարը, ապա դա չի կարող ունենալ խաղաղասիրական ենթատեքստ։ Դա, բնականաբար, ունի ռազմական ենթատեքստ», ասաց նա։
Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕի երկրորդ բանակն ունի քանակով եւ ռազմական առումով տարածաշրջանային գերտէրութիւն է։ Եւ այդ երկրին զսպելու մեխանիզմները շատ յստակ են։
«Երկու մեխանիզմ ունենք, դա ՀԱՊԿն ու հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւններն ու հայ-ռուսական համատեղ զօրաբանակն են։ Ուրիշ ռէալ մեխանիզմներ չկայ։ Ես կարծում եմ՝ այդ երկու խողովակները պէտք է ակտիւացնել եւ եւս մէկ անգամ հասկանալ, ընկալել, որ մեր պետութեան անվտանգութիւնը եւ այդ անվտանգութեան մեխանիզմները վեր են ամէն ինչից՝ ներքաղաքական պայքարից, քաղաքական կողմնորոշումներից եւ այլն։ Եւ նման կրիտիկական (ճակատագրական- Խմբ.) վիճակներում նման ընկալումը թերեւս աւելի ակնյայտ է դառնում, բայց պէտք է նաեւ ուղեցոյց լինի մեր յետագայ քաղաքական զարգացումների ու քաղաքական քայլերի համար։ Թուրքիան այնպիսի պետութիւն է, որ ցանկացած պահի կարող է ռազմական ագրեսիա (յարձակում- Խմբ.) իրականացնել իր ցանկացած հարեւանի եւ անգամ ոչ-անմիջական հարեւանի նկատմամբ։ Այս պահին Թուրքիան երեք երկրների նկատմամբ իրականացնում է ռազմական ագրեսիայ՝ Սիրիա, Իրաք եւ Լիբիա։ Եւ պէտք է հասկանալ, որ թուրքական սպառնալիքը միայն խօսքեր չեն, դա իրականութիւն է։ Եւ պէտք է համապատասխան քայլերով ամրապնդել մեր անվտանգային մեխանիզմները», յաւելեց Մելքոնեանը։
«ԼՐԱԳԻՐ»