ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Ադրբեջանն իր հռետորաբանութեամբ եւ սպառնալիքներով խաղաղ գործընթացը վերադարձրել է 2016ի Ապրիլի դրութիւն, ռուսական Կոմերսանտին ասել է Հայաստանի ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը: Հայաստանը տաւուշեան իրողութիւնների համատեքստում անում է խորհրդանշական արձանագրում: Նախօրէին, վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ պէտք է հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմ, որպէսզի իրավիճակը դուրս բերուի դրուագային կառավարումից եւ լինի երկարաժամկէտ կառավարելիութեան շրջանակում:
2016ի Ապրիլը խաղաղ գործընթացի օրակարգում հասունացրեց այդ հրամայականը, որն ամրագրուեց Վիեննայի յայտնի օրակարգով: ԱՄՆ հովանու ներքոյ անցած Սարգսեան-Ալիեւ յետքառօրեայ առաջին հանդիպմանը սեղանին դրուեց այդ մեխանիզմների տեղակայման հարցը, որը իր մէջ դէ ֆակտոյ (իրողապէս- Խմբ.) ներառում էր ստատուս-քուոյի (իրախիճակի- Խմբ.) միջազգային արձանագրում եւ Արցախի որոշակի սուբյեկտութեան (ինքնութեան- Խմբ.) ճանաչում:
Ադրբեջանն այն մերժեց, ինչին աջակցեց նաեւ Ռուսաստանը: Մոսկուայի համար ապրիլեան քառօրեան առաջ բերեց լուրջ խնդիրներ, մերկացնելով մինչ այդ տարիների ռեգիոնալ (շրջանային- Խմբ.) քաղաքականութիւնն ու դրա հակահայկական բնոյթը եւ դրա հետեւանքով առաջացրած սպառնալիքները: Միւս կողմից, Ռուսաստանը սակայն շահագրգռուած չէր առկայ իրադրութեան քաղաքական կառավարման միջազգային մեխանիզմով (գործիքակազմով- Խմբ.), չուզենալով բաց թողնել այդ «կառավարման» հարցում իր գերիշխող դերը:
Այդ համատեքստում ձեւաւորուեց Ռուսաստան, Ադրբեջան եւ Թուրքիայ շահերի ընդհանրութիւն, որն էլ բերեց Վիեննայի օրակարգի չէզոքացման, օգտագործելով Հայաստանի քաղաքական ղեկավարութեան լեգիտիմութեան (օրինականութեան- Խմբ.) բացակայութիւնը, որը Երեւանին թոյլ չտուեց քաղաքական կապիտալիզացիայի (դրամագլուխի- Խմբ.) ենթարկել ապրիլեան քառօրեայում բանակի արձանագրած ռազմական արդիւնքը: Հետեւանքն այն էր, որ 2017ի Հոկտեմբերին Սարգսեան-Ալիեւ հանդիպմանն այլեւս չկար Վիեննայի մասին որեւէ խօսք:
Տաւուշի ադրբեջանական սադրանքից եւ դրան հայկական ուժեղ հարուածից յետոյ Երեւանը թափանցիկ ակնարկով խորհրդանշում է իրադրութեան տրամաբանութիւնը, իսկ վարչապետ Փաշինեանը գործնականում մատնանշում Վիեննայի օրակարգի բովանդակութիւնը՝ միջազգային մեխանիզմներ: Կայ եւս մի էական նրբերանգ. 2018ի Մայիսից ի վեր «հող յանձնելու» համար մեղադրուող քաղաքական ղեկավարութիւնը ներկայում «Ապրիլի դրութիւն» է ազդարարում ոչ թէ հող յանձնած, այլ ռազմավարական բարելաւում արձանագրած, ինչը չափազանց ամուր է դարձնում Հայաստանի քաղաքական դիրքը յետագայ օրակարգ ձեւաւորելու հարցում:
Այդ միջավայրում Հայաստանի դէմ ուժգնանում է այլ՝ այսպէս ասած «հակառուսականութեան» կամ «Ռուսաստան յանձնելու» մեղադրանքը, թէեւ այն աշխատեցնելը գործնականում չափազանց բարդ է հէնց լեգիտիմութեան բերումով: Այդ «մեղադրանքները» աւելի նպաստում են լեգիտիմութեանը, յատկապէս, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը չի տուել մեղադրանքները հաստատող ծանրակշիռ փաստարկի որեւէ առիթ կամ պատճառ, հանդարտ եւ տրամաբանուած քայլերով գնալով Հայաստանի ինքնիշխանութեան ամրապնդման:
Այդտեղ ահա կարծես թէ նշմարւում է Հայաստանի դէմ փորձուած մեթոդի (դրութեան- Խմբ.), այսպէս ասած «աքցանի» տրամաբանութեան գործարկման ջանքը: Արդէն իսկ հրապարակում են յայտնւում կարծիքներ ու հարցադրումներ, որոնց տողատակում առկայ է «միտք», որ Տաւուշում իրավիճակի հանդարտեցումը ինչ որ «գործարքի» հետեւանք է: Մի բան, որ փաստացի կարող է միտուած լինել հայկական բանակի պարտադրած եւ դրա շնորհիւ հաստատուած հանդարտութեան «քաղաքական ապալեգիտիմացմանը» (անօրինականացման- Խմբ.):
Աքցանը նշմարելի է՝ մի կողմից «հակառուսականութեան» այսպէս ասած մեղադրանք, միւս կողմից Ռուսաստանի հետ «գործարքի» հասունացող կամ ուրուագծուող մեղադրանք: Հայաստանի դէմ փորձ է արւում գործի դնել մինչ յեղափոխութիւնն արդէն իսկ մի քանի անգամ յաջող կիրառուած այդ երկու ծայրայեղութիւնների «աքցանը»։ Ներկայում քաղաքական ղեկավարութիւնը պէտք է աշխատի երկրի ներսում այդ «աքցանը» հիմնովին չէզոքացնելու ուղղութեամբ, երբ նշմարւում է յաղթանակից յետոյ Հայաստանը «սեղմելու» հերթական փորձը:
«ԼՐԱԳԻՐ»