ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Արցախի Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում այս օրերին ընթացքի մէջ է շրջանային բուժմիաւորման նոր մասնաշէնքի շինարարութիւնը: Այն իրականացւում է Հայաստան Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ Արցախի կառավարութեան համաֆինանսաւորմամբ: Նոր մասնաշէնքի կառուցման հետ հիմնանորոգուելու է նաեւ Քարվաճառի շրջանային բուժմիաւորման առկայ մասնաշէնքը:
Մեզ հետ զրոյցում անդրադառնալով բուժմիաւորման առաջնային խնդիրներին` գործադիր տնօրէն Կարէն Սարգսեանն ընդգծեց բուժսարքաւորումների հիմնաւոր բացակայութիւնը:
«Վերանորոգումից եւ նոր մասնաշէնքի կառուցումից յետոյ ըստ նախագծի նախատեսւում է նաեւ բուժմիաւորումն ապահովել անհրաժեշտ սարքաւորումներով, եւ ես վստահ եմ, որ մեծ առաջընթաց կը լինի», նշեց մեր զրուցակիցը:
Նոր կառուցուող մասնաշէնքում նախատեսւում է ունենալ վիրաբուժական, վերակենդանացման, թերապեւտիկ բլոկներ (բուժական բաժիններ-Խմբ.), ծծնդասենեակ, ատամնաբուժարան:
«Կ՛աւելացուի լաբորատոր կորպուս (տարրալուծարանային զանգուած-Խմբ.), ինչի շնորհիւ տեղում հնարաւոր կը լինի պատշաճ ախտորոշում իրականացնել: Այս հիմնանորոգման արդիւնքում բուժմիաւորումը կը դառնայ ժամանակակից, իր չափերին համապատասխան մրցունակ հիւանդանոց` որակեալ բուժսպասարկմամբ», վստահ է բուժմիաւորման գործադիր տնօրէնը:
Մասնագիտութեամբ թերապեւտ, առողջապահութեան կազմակերպիչ Կարէն Սարգսեանն առաջնային է համարում նաեւ բուժմիաւորումը ոչ միայն սարքաւորումներով, այլ նաեւ մասնագէտներով զինելը:
«Առաջնային է նաեւ մասնագէտների խնդիրը: Եւ նոր մասնաշէնքի կառուցման ու եղած մասնաշէնքի հիմնանորոգման հետ փորձ է արուելու լուծում տալ նաեւ այս խնդրին: Նոր հաստիքներ կը լինեն, կը բացուեն նոր աշխատատեղեր»: Ըստ մեր զրուցակցի, այս պահին բուժմիաւորմանն առաջնային անհրաժեշտ է մանկաբոյժ, եւ այս հարցն առաջիկայում կը լուծուի:
Նշենք, որ Քարվաճառի հիւանդանոցի այսօրուայ շէնքը կառուցուել է խորհրդային տարիներին: Վերջին անգամ այն մասնակի նորոգուել է 1998-2000ական թուականներին։
Բուժմիաւորումը շրջանի առողջապահական հիմնական կառոյցն է:
Նշենք, որ հիմնանորոգման եւ կառուցապատման շինարարական աշխատանքները նախատեսւում է աւարտել 2021 թուականի վերջին:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից