ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Հայկական բանակը ցոյց տուեց, որ Հարաւային Կովկասում ամենամարտունակն է եւ որեւէ մէկը չի կարող յաղթել հայկական բանակին, վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ աշխատանքային հանդիպմանը նաեւ Տաւուշի իրադարձութիւնների քննարկման համատեքստում ասել է նախագահ Արմէն Սարգսեանը:
«Բանակը ոչ միայն զէնքը, կարգապահութիւնն ու պատրաստակամութիւնն է, այլ նաեւ ոգին, որը որեւէ մէկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդէպ փարատուել են», յայտարարել է նախագահ Սարգսեանը:
Նրա այդ յայտարարութիւնը խիստ ուշագրաւ է: Սարգսեանը դա արել է այն համատեքստում, որ դեռեւս արցախեան առաջին պատերազմի տարիներին արտերկրում դիւանագիտական գործունէութեան ընթացքում ՆԱՏՕի շատ դիւանագէտներ, ռազմական մասնագէտներ, այլ երկրների ներկայացուցիչներ իրեն ասել են, թէ հայերի պայքարն անիմաստ է, Ադրբեջանն ունի շատ զօրք, շատ զէնք, աջակցութիւն երրորդ երկրից, սակայն նոյն մարդիկ, ըստ Արմէն Սարգսեանի, մի քանի տարի յետոյ իր հետ խօսելիս նշել են, որ Հայաստանն ունի տարածաշրջանի հզօր բանակը:
Ահա այդ համատեքստում ուշագրաւ է, որ Արմէն Սարգսեանը, խօսելով Տաւուշի մասին եւ արձանագրելով, որ հայկական բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, նշում է հայկական բանակի հանդէպ կասկածները փարատուելու մասին: Այլ կերպ ասած, նախագահ Սարգսեանը խօսում է ռազմա-քաղաքական լայն նշանակութեան կարեւորագոյն հանգամանքի՝ հայկական առանցքով ռեգիոնալ (շրջանային- Խմբ.) անվտանգութեան համակարգի հարցում հայկական զինուած ուժերի կարողունակութեան եւ պատասխանատուութեան մասին, ինչը վաղուց արդէն միջազգային անվտանգային համակարգի էական գործօն է եւ հիմնաւորապէս պայմանաւորում է համաշխարհային ուժի կենտրոնների հարաւ կովկասեան ռեգիոնալ քաղաքականութիւնը:
Այդ տեսանկիւնից, Հայաստանի զինուած ուժերը վերահաստատել են որպէս ռազմա-քաղաքական գործընկեր իրենց վստահելիութիւնը եւ յուսալիութիւնը: Եւ քանի որ զինուժը այդուհանդերձ մարտունակ կարող է լինել պետական օրգանիզմի շղթայական կենսագործունէութեան արդիւնքում, գործնականում իր վստահելիութիւնն ու յուսալիութիւնն է արձանագրել հայկական պետութիւնը:
Այլ կերպ ասած, Տաւուշը տուել է թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ առաջացած սկզբունքային հարցերի պատասխաններ, այն իմաստով, թէ որքանով է այդ յեղափոխութիւնը էական փոփոխութիւններ առաջ բերելու զինուած ուժերի վարքագծում եւ մօտեցումներում, առաջացնելով ռեգիոնալ անվտանգութեան հնարաւոր բացեր:
Այդ տեսանկիւնից արձանագրուեց, որ Հայաստանում յեղափոխութիւնը ոչ միայն չի թուլացրել, այլ ամրացրել է ռեգիոնալ անվտանգութեան նոր համակարգի հայկական առանցքը, հաղորդելով դրան նոր որակ: Բանն այն է, որ Տաւուշում գործողութիւնների առանձնայատկութիւնն այն էր, որ դրանք ոչ թէ պատասխան էին լոկ ներկայ ռեժիմում թոյլ տրուած սադրանքին, այլ պատասխան էին ապագայ մարտահրաւէրներին՝ հայկական ռազմարդիւնաբերութեան նոր տարրով, ինչպէս նաեւ ռազմա-քաղաքական նոր հայեցակարգով, որը ձեւակերպուել է պաշտպանութեան նախարարի «նոր պատերազմ՝ նոր տարածք» բանաձեւով:
«ԼՐԱԳԻՐ»