ԷՄՄԱ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Վերջին 10-15 տարիներին բաւական ակտիւ (աշխուժ-Խմբ.) քննարկւում է թուրքական գործօնի մեծացման փաստը՝ հարեւան Վրաստանում, յատկապէս՝ Աջարիայում: Մասնաւորապէս, ամրան ամիսներին հայաստանցի զբօսաշրջիկների համար թուրքական ներկայութիւնը Բաթումիում եւ Վրաստանի ծովափնեայ քաղաքներում վաղուց արդէն ակնառու է: Վերջերս Region Monitor-ը ուշագրաւ յօդուած էր հրապարակել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Վրաստանում հետեւողականօրէն տարուող ազդեցութեան ընդլայնման քաղաքականութեան թեմայով:
Յօդուածում նշւում է, որ՝ «շրջանի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն խոչընդոտում էր Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան՝ հեռատեսօրէն համարելով, որ նրան 1 մետր հող վաճառելը հաւասարազօր է ամբողջ Աջարիայի կորստին: Սակայն նրա հեռանալուց յետոյ իրավիճակը արմատապէս փոխուեց»: Աջարիայում մեծ ներկայութիւն ունի թուրքական կապիտալը (դրամագլուխը-Խմբ.). Թուրքիան մեծ ներդրումներ է իրականացնում, թուրքերը արձակուրդներն անց են կացնում Աջարիայի ծովափնեայ քաղաքներում, հիմնականում՝ Բաթումիում: Բայց սա ամէնը չէ: Յօդուածում նշւում է, որ վրացական բիզնեսի (գործառնութիւն-Խմբ.) չափաբաժինը Բաթումիում տարիների ընթացքում նուազում է, մինչդեռ ներդրումների 70%-ը թուրքական է, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներում վրացական եւ աջարական գրեթէ ոչինչ չի մնացել, անգամ ռեստորանների (ճաշարաններ-Խմբ.) անուններն են խօսում այդ մասին՝ դրանք յաճախ թուրքերէն անուանումներ են:
Ակնյայտ է, որ թուրքական շրջանակներն իրենց բաւական վստահ են զգում Աջարիայում: Բաթումիի ծովափնեայ հատուածում ժամանակակից եւ շքեղ հիւրանոցների մեծ մասը նոյնպէս պատկանում են թուրքերին, ինչպէս նշւում է յօդուածում. «Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, խօսելով այն քաղաքների մասին, որոնք թուրքերի սրտերում են (սիրիական Հալէպը, յունական Սալոնիկը եւ իրաքեան Մոսուլը), յիշատակել էր նաեւ վրացական Բաթումին»: Թուրքական քաղաքականութիւնը նպատակաուղղուած է: Յօդուածում պարզաբանում են. «Եթէ Անկարայից կամ Ստամբուլից ինչ-որ մէկը ցանկանում է մեկնել երկրի արեւելք՝ նայելու Ռիզէի ամրոցը կամ հանգստանալու ծովափնեայ Հոփայ քաղաքում, նա կարող է ապահով կերպով տոմս պատուիրել դէպի Բաթումի՝ «Հոփայ» մակնշմամբ, եւ այդ թռիչքը միջազգային չի համարւում: Թուրքական օդանաւակայանում անցնում են անձնագրային եւ մաքսային հսկողութիւն, իսկ Բաթումիում վրացական մաքսայինի որեւէ ներկայացուցիչ իրաւունք չունի նրանց մատով դիպչել: Բաթումիի օդանաւակայանից թուրքերը աւտօբուս են նստում եւ մեկնում Հոփայ, Ռիզէ եւ այլն»: Ըստ յօդուածի հեղինակների՝ սա ինչ որ ձեռներէցային մօտեցում չէ, այլ՝ թուրքական կառավարութեան կողմից տարուող յստակ քաղաքականութիւն, քանի որ Աջարիայում թուրքերի ձեռնարկատիրական շահերը ակտիւօրէն սուբսիդաւորւում (նիւթական նպաստ կը ստանան-Խմբ.) են պաշտօնական Անկարայի կողմից: Պարզւում է, Թուրքիայի իշխանութիւնները նոյնիսկ ցածր տոկոսադրոյքով վարկեր են տրամադրում այն թուրքերին, որոնք մեկնել են Աջարիայ՝ բնակարան գնելու: Յօդուածում ամփոփւում է հետեւեալ միտքը. «Վրաստանի իսլամացման գործընթացը շարունակւում է: Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը Էրդողանի ջանքերով տարածւում են ոչ միայն Լիբիայում, Սիրիայում եւ Էգեյեան ծովում, այլ նաեւ՝ Անդրկովկասում: Ուստի պէտք չէ զարմանալ Վրաստանի աստիճանական թուրքացման վրայ»: Էրդողանի հետեւողական քաղաքականութիւնը՝ Աջարիայում Պաշտօնական Անկարան աւելի ու աւելի է մեծացնում իր ազդեցութիւնը Վրաստանում՝ կոմերցիոն (առեւտրական-Խմբ.) լայնամասշտաբ պրոյեկտներից (ծրագիրներ-Խմբ.) սկսած, Աջարիայում ձեռներէցութեան մենաշնորհային դիրքով՝ մինչեւ հարեւան երկրի ներքաղաքական խնդիրներին խառնուելը: Այս հանգամանքը վերջին տարիներին բազմաթիւ փորձագէտներ են արձանագրում: Թուրքիան Վրաստանում իրականացուող ներդրումների ծաւալով առաջատարների շարքում է: Պարզ է, որ ներդրումների նպաստման այդ քաղաքականութեանն առաւելապէս նպաստեց Վրաստանի նախկին նախագահ Միխէիլ Սաակաշուիլին, որը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տանդեմային (լծակից-Խմբ.) քաղաքականութեանը զարկ տուեց՝ տնտեսական խթանման քաղաքականութիւնից մինչեւ այդ երկրների հետ զօրավարժութիւնների անցկացումը: Ի դէպ, Էրդողանի ակտիւութիւնը Յուլիսին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտական գործողութիւններից յետոյ, եւս վկայում են այն մասին, որ այսօրուայ Թուրքիան նաեւ Հարաւային Կովկասում ազդեցութեան մեծացման, սեփական շահերի ցուցադրման քաղաքականութիւն է վարում: Ըստ վրացի տնտեսագէտների վերլուծութիւնների՝ այսօր Վրաստանում 270 հազար թուրք եւ ադրբեջանցի աշխատելու իրաւունք է ստացել (առաւելապէս՝ թուրքեր): Ուշագրաւ են հետեւեալ թուերը: 2004-2018թթ. Վրաստանում ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 16 միլիարդ 732 միլիոն դոլար, որից 12 միլիարդը՝ թուրք-ադրբեջանականն է, 2 միլիարդը 2008ին՝ ԱՄՆ-ի կողմից է իրականացուել, եւ նոյն թուականին՝ 2,5 միլիարդը ցածր տոկոսով վարկ է եղել: Համեմատութեան համար նշենք, որ ՀՀ-ում 2004-2018թթ. ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 6 միլիարդ 830 միլիոն դոլար: Այսպէս, պաշտօնական Անկարան խրախուսում է ներդրումների իրականացումը Վրաստանում, ընդ որում, թուրքական ներդրում իրականացնողները Թուրքիայում եւ Վրաստանում ազատուած են թէ՛ եկամտահարկից, թէ՛ շահութահարկից, այսինքն՝ հետեւողականօրէն տարւում է քաղաքականութիւն, որպէսզի թուրքերը ներդրումներ իրականացնեն Աջարիայում:
Եթէ այս ամէնին էլ գումարում ենք Բաթումիում տարիներ շարունակ իրականացուող շինարարական թոհուբոհը, որը նոյնպէս առաւելապէս թուրքական ընկերութիւնների կողմից է, ապա թուրքական քաղաքականութիւնը բաւական խօսուն է դառնում՝ իր բոլոր դրսեւորումներով: Ադրբեջանական ճնշումներ, վրացական ներողամտութիւն Ադրբեջանցիները վրացիներից յետոյ մեծութեամբ երկրորդ էթնիկ խումբն են Վրաստանում: Քուեմոյ-Քարթլի, Մառնէուլի, Բոլնիսի, Դմանիսի, Գարդաբանի շրջաններում ադրբեջանցիներն, ինչպէս յայտնի է, կազմում են բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը: Երբեմն, փորձագէտները նոյնիսկ մտահոգութիւններ են յայտնում ադրբեջանցիների յաւակնութիւնների մասին, յաճախ կարծիքներ են հնչում, թէ Ադրբեջանը Վրաստանում վարում է մեղմ «մշակութային էքսպանսիայի» (ծաւալապաշտութեան-Խմբ.) նոյն քաղաքականութիւնը, ինչպէս՝ Թուրքիան: Յայտնի է, որ Վրաստանում մեծ տարածում ունեն ադրբեջանական SOCAR ընկերութեան բենզալցակայեանները, իրականացւում է նաւթի եւ գազի տարանցում Վրաստանի տարածքով, ադրբեջանցիները կառավարում են տարբեր օբյեկտներ (հիմնարկներ-Խմբ.) Թբիլիսիում, Բաթումիում, Քոբուլեթիում, Ուռեկիում եւ այլ քաղաքների առողջարանային տարածքներում, ունեն պետական եւ մասնաւոր ձեռնարկութիւններում սեփական բաժնետոմսեր: Ադրբեջանի կողմից Վրաստանում վարուող քաղաքականութիւնը, երբեմն, բաւական յանդուգն է: Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կռուախնձոր դարձած եւ տասնամեակներ շարունակուող «Դաւիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ պարբերաբար սրուող իրավիճակը դրա վառ ապացոյցներից մէկն է: Անցեալ տարի ամրանն, օրինակ Վրաստանի հարիւրաւոր քաղաքացիներ հաւաքուել էին Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատուածում գտնուող համալիրի մօտ` պահանջելով այս տարածքը վրացական պետութեան բաղկացուցիչ մաս ճանաչել: «Դաւիթ Գարեջի»ի շուրջ իրադրութիւնն է՛լ աւելի սրուեց, երբ յայտնի դարձաւ, որ ադրբեջանական իշխանութիւնները դէպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում: Մինչդեռ Վրաստանի իշխանութիւնները պարբերաբար կոչ են անում իրենց քաղաքացիներին «Դաւիթ Գարեջի»ի շուրջ անհարկի լարում չստեղծել, քանի որ՝ «գործ ունեն բարեկամ Ադրբեջանի հետ»: Անցեալ տարի Յուլիսին բանը հասաւ նրան, որ Բաքուն Թբիլիսիից պարզաբանումներ պահանջեց: Ադրբեջանի հետ 446 կմ ընդհանուր սահմանի մէկ երրորդ մասը կազմող եւ տասնեակ պատմական յուշարձաններ ներառող «Դաւիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրուել էր, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել էին համալիրում գտնուող բոլոր սրբապատկերները եւ փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զօրքերի զինծառայողներին: Ադրբեջանական կողմը պնդել էր, թէ վանական համալիրը գտնւում է Ադրբեջանի տարածքում եւ այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Միջադէպի կապակցութեամբ յատուկ յայտարարութեամբ էր հանդէս եկել Վրաստանի ներքին գործերի նախարարութիւնը՝ կոչ անելով տեղում հերթապահող ակտիւիստներին (գործիչներուն-Խմբ.), տեղացիներին զերծ մնալ իրավիճակը սրելուց եւ թոյլ տալ մասնագէտներին զբաղուել իրավիճակի յանգուցալուծմամբ:
Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանութիւններն ԱԳՆ էին կանչել Բաքւում Վրաստանի դեսպանին եւ բացատրութիւններ պահանջել ադրբեջանցի սահմանապահներին վիրաւորելու միջադէպի կապակցութեամբ: Ադրբեջանական կողմը, սակայն, չէր պարզաբանում՝ ինչու՞ են տարհանուել սրբապատկերները: «Ցաւով նշում ենք, որ նման գործողութիւնները հակասում են Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերութեան ոգուն, եւ տեղի ունեցածը գնահատում ենք սադրանք, որն ուղղուած է երկու երկրների միջեւ հակասութիւններ առաջացնելուն», – ասւում էր ադրբեջանական դիւանագիտական գերատեսչութեան տարածած յայտարարութիւնում: Պաշտօնական Բաքուն նաեւ պահանջել էր հետաքննել տեղի ունեցածը, համապատասխան քայլեր ձեռնարկել եւ այդ մասին տեղեկացնել ադրբեջանական իշխանութիւններին: Ինչեւէ, ակնյայտ է, որ նշեալ վանական համալիրի շուրջ պաշտօնական Թբիլիսին փորձում է խուսափել ճգնաժամի խորացումից, որպէսզի դիւանագիտական հակամարտութեան ճակատ չբացի Ադրբեջանի հետ: Թբիլիսիի կողմից Ադրբեջանի հանդէպ վարուող մեղմ եւ ներողամիտ քաղաքականութեան վկայութիւն էր նաեւ մէկ այլ ակնառու ու աղաղակող փաստ: 2017թ. Մայիսին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին առեւանգուեց Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխուեց Ադրբեջան: Մի շարք միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններ, այդ թւում՝ Amnesty international-ը եւ Լրագրողների պաշտպանութեան կոմիտէն, դատապարտեցին կատարուածը՝ կոչ անելով անյապաղ ազատ արձակել լրագրողին: Լրագրողի հարազատներն ու իրաւապաշտպանները պնդել էին, որ Աֆղան Մուխտարլիին իրականում վրացի ուժայիններն են առեւանգել ու ապօրինաբար արտայանձնել Ադրբեջանին:
Յայտնի է, որ լրագրողը Վրաստանում ապաստան էր ստացել 2014թ., երբ Ալիեւների կոռուպցիոն (զեղծարար-Խմբ.) գործարքները բացայայտող նիւթերից յետոյ յայտնուել էր իշխանութիւնների թիրախում: Մուխտարլիի հետաքննական յօդուածներից մէկն, օրինակ, ներկայացնում էր իրավիճակը Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնում, նա փորձել էր պարզել՝ որտեղ են կորչում զինուորների համար նախատեսուած միսն ու այլ մթերքները: Ինչեւէ, 2017թ. Մայիսին, ըստ վրացական ԶԼՄ-ների՝ Մուխտարլին Թբիլիսիի կենտրոնից անհետացաւ ու յանձնուեց Ադրբեջանին: Այդ օրերին լրատուամիջոցները հրապարակել էին առեւանգումից ընդամէնը մի քանի օր առաջ «Ջեմնիւզ» ինտերնետային (առցանց-Խմբ.) կայքի հետ զրոյցում Մուխտարլիի խօսքը, թէ՝ «Վրաստանն այլեւս ապահով երկիր չէ ադրբեջանցի ընդդիմադիրների համար»: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը յաւելել էր. «Լինում է, որ քեզ բացայայտօրէն ողջ օրը հետեւում են, իսկ յետոյ դրան տակ լուսանկարներ են թողնում, որտեղ երեւում է, թէ որտեղ ես եղել եւ ինչ ես արել: Վերջին կէս տարում Վրաստան տեղափոխուած ադրբեջանցի ակտիւիստներին՝ լրագրողներին, իրաւապաշտպաններին, ձգտում են այստեղից դուրս հանել»: Այս տարուայ Մարտի 17ին Բաքուի դատարանը, քննելով Աֆղան Մուխտարլիի պատիժը մեղմելու դիմումը, որոշեց հազար մանաթի (600 դոլար) տուգանք սահմանել եւ ազատ արձակել նրան: Դատարանից ոստիկանական մեքենայով նրան տարել էին օդանաւակայան, որտեղ նա հանդիպել էր Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ Մուխտարլին ժամանել էր Բեռլին, որտեղ նրան դիմաւորել էին ընտանիքի անդամներն ու ադրբեջանցի տարագիր ակտիւիստները: Մուխտարլին յայտարարեց, որ կը շարունակի լրագրողական գործունէութիւնը եւ Ադրբեջանում ժողովրդավարական վերափոխումների ջանքերը:
«ԱՌԱՒՕՏ»