ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ «Քորոնա» ժահրի համաճարակի երկրորդ ալիքի վտանգը կայ, եւ «խմորը դեռ շատ ջուր է տանելու»։ Կառավարութեան նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորեան յայտնեց, որ «Քորոնա» ժահռի համաճարակի երկրորդ ալիքի վտանգը օդին մէջ կախուած է. վարչապետը հակադարձեց. «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թէ օդում կախուած է, այլ երկրորդ ալիք եւրոպական շատ երկրներում տեղի է ունենում, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ յայտարարել են, որ յաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպէս որ՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, եւ ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապուած պատմութիւններից հետեւութիւններ անելը շատ վաղ է»։
Նիկոլ Փաշինեան նշեց, որ դպրոցները բանալու պարագային պէտք է կանոնները առաւելագոյնս պահել: «Փորձը ցոյց տուեց, որ, ցաւօք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացւում: Մենք երկար ժամանակ ամէն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամէնօրեայ ռեժիմով, սակայն երբ դա չի ստացւում, պէտք է վարչական միջոց կիրառուի», դիտել տուաւ Փաշինեան: