ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ
Ռազմական յաղթանակը անհրաժեշտ է ամրագրել քաղաքական եւ դիւանագիտական յաղթանակով՝ արժանի լինելով զինուորների թափած արեանը:
Դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ Թուրքիան կ՛արագացնի գործընթացները տարածաշրջանում, իսկ պատերազմի հէնց սկզբից պարզ դարձաւ, որ նոյնիսկ պատրաստ է զոհաբերել փոքր եղբօրը` յանուն սեփական մեծ գաղափարների։ Այո, ինչպէս նշել էինք, Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն կարողացել եւ չեն կարողանայ մարտի դաշտում հասնել առաւելութեան Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդէպ։ Փոխարէնը թուրք-ադրբեջանական զոյգին մշտապէս յաջողուել է Հայաստանին պարտադրել իրենց ցանկալի արդիւնքը քաղաքական եւ դիւանագիտական ասպարէզում։ Դա եղել է թէ՛ Առաջին Հանրապետութեան տարիներին, թէ՛ խորհրդային ժամանակաշրջանում, թէ՛ Անկախութեան ձեռք բերումից յետոյ։
Այս անգամ նոյնպէս յաղթական Հայոց բանակը լաւագոյնս լուծելու է իր առջեւ դրուած ռազմական խնդիրները։ Սակայն մեր զինուորների թափած արիւնը, նրանց կեանքերի գնով ձեռք բերուած խաղաղութիւնն ու յաղթանակը հերթական անգամ կարիք են զգալու դիւանագիտական ամրագրման։ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ունակ լինի որակապէս նոր մակարդակի վրայ բարձրացնելու արտաքին քաղաքական աշխատանքը եւ ներկայանայ աշխարհին որպէս յաղթող պետութիւն՝ խնդրի կարգաւորման սեփական բանաձեւով։ Ընդ որում` կարեւոր է արձանագրել, որ պատերազմական այս փուլը տալիս է այդ հնարաւորութիւնը աւելի լաւ, քան նախկինում։
Անկախութեան ձեռք բերումից յետոյ վարուող «համեստ» դիւանագիտական քաղաքականութիւնը պէտք է վերածուի յաւակնոտ, վճռական եւ համոզիչ քաղաքականութեան։ Աշխարհը չունի խնդրի լուծման որեւէ բանաձեւ, իսկ Հայաստանն այսօր ունի առաւելութիւն։
Կարծես հասկացել են բոլորը՝ նախկինում առաջարկուող կարգաւորման մոդելն (տեսակը-Խմբ.) անիմաստ է եւ անարդիւնաւէտ, իսկ նորը չկայ։ Դրա լաւագոյն ապացոյցը ընթացող պատերազմն է։ Եւ կարիք չկայ մեզ մնալ անպտուղ կարծրատիպերի գերի։ Համեստ եւ զուսպ փոքր գործընկերոջից Հայաստանը պէտք է վերածուի տարածաշրջանային թելադրող գործօնի եւ նախկին մեռելածին գաղափարների անիմաստ կրկնութեան փոխարէն ներկայացնի կարգաւորման սեփական մոդելը։ Պատերազմն ունի սեփական օրէնքները, եւ թէ՛ յաղթողները, թէ՛ պարտուողները պարտաւոր են ենթարկուել որոշակի գրուած ու չգրուած կանոնների՝ պատրաստ լինելով կոնկրետ (յստակ-Խմբ.) հետեւանքների։
Խնդրի կարգաւորումը չի կարող ամբողջական լինել, եթէ չի նախատեսում հատուցում, պատիժներ, սանկցիաներ (պատժամիջոց-Խմբ.) եւ երաշխիքներ։ Չի կարելի խնդիրը համարել կարգաւորուած, եթէ Ադրբեջանը նաւթարդիւնաբերութիւնից ստացած եկամուտները ուղղելու է պատերազմին, հարստանալուն, զինուելուն եւ քանդելու է Հայոց աշխարհը, իսկ վերականգնումն իրականացուելու է տուժող կողմի հաշուին։ Նման կարգաւորումը նոնսենս (անիմաստութիւն-Խմբ.) է։
Արցախեան խնդրի կարգաւորումը չպէտք է սահմանափակուի միայն տարածքների կամ կարգավիճակի քննարկմամբ։ Հայաստանը պէտք է ներկայացնի ամբողջական կարգաւորման հետեւեալ պայմանները:
- Կարգավիճակ եւ տարածքային խնդիրներ
1.1. Արցախի եւ Ադրբեջանի միջեւ իրականացւում է միայն սահմանների ճշտում (դէմարկացիայ)՝ դա որեւէ կերպ չկապելով նախկին ԽՍՀՄ ժամանակահատուածում արհեստականօրէն գծուած վարչական շրջանների հետ (որոնք, ի դէպ, հէնց ԽՍՀՄ տարիներին մշտապէս փոխուել են՝ փոքրացնելով Լեռնային Ղարաբաղը եւ կտրելով այն Հայաստանից)։
1.2. Արցախի հետագայ կարգավիճակը կարգաւորւում է Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան միջեւ կնքուող համաձայնագրով, նախատեսելով ինտէգրման (միացման) անցումային միջոցառումներ որոշակի կարճ ժամանակահատուածի համար։
- Ռազմական խնդիրներ
2.1. Ադրբեջանի Հանրապետութիւնը ճանաչւում եւ դատապարտւում է որպէս բազմակի անգամ ագրեսիա (յարձակում-Խմբ.) իրականացրած եւ մարտական գործողութիւններ սկսած պետութիւն, որը վտանգում է տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը։
2.2. Որպէս զինուած բախումներ եւ պատերազմ հրահրող ու իրականացնող պետութիւն` Ադրբեջանի նկատմամբ սահմանւում են ռազմականացման սահմանափակումներ, այդ թւում՝ զէնքի եւ որոշ սարքաւորումների մատակարարման վերաբերեալ, իսկ Ադրբեջանին թոյլատրւում է ունենալ միայն սահմանափակ քանակութեամբ զինուած ուժեր։
2.3. Նախիջեւանում արգելւում է այլ պետութիւնների ռազմական ուժերի ներկայութիւնը։
2.4. Ադրբեջանը հրաժարւում է ռազմատենչ հռետորաբանութիւնից եւ ատելութեան քարոզչութիւնից։
- Ֆինանսական հատուցման խնդիրներ
3.1. Ձեւաւորւում է Արցախի վերականգնման հիմնադրամ. Ադրբեջանը վճարում է հատուցում (կոնտրիբուցիայ) իր կողմից հասցուած ահռելի մարդկային, նիւթական, բարոյական վնասների համար։ Այդ հիմնադրամը ձեւաւորւում է դոնոր պետութիւնների (այդ թւում՝ Մինսկի խմբի անդամների) կողմից, ինչպէս նաեւ Ադրբեջանի՝ նաւթագազային արդիւնաբերութիւնից ստացուած եկամուտներից։
3.2. Հիմնադրամի գումարները ուղղւում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին եւ Արցախին աւելի քանի 30 տարուայ ընթացքում պատճառուած ահռելի վնասի վերականգնման, պետութեան ու ժողովրդի կորուստների, ինչպէս նաեւ Ադրբեջանից եւ Արցախից հայ փախստականների կրած նիւթական վնասների հատուցմանը։
3.3. Սահմանւում է Ադրբեջանի պետական բիւջէում ռազմական ծախսերի առաւելագոյն չափը, իսկ Ադրբեջանը ստանձնում է պարտաւորութիւն` լուծել ադրբեջանցի փախստականների սոցիալական (ընկերային-Խմբ.) խնդիրները եւ իր ֆինանսական միջոցներն ուղղել ներքին սոցիալական խնդիրների ու ժողովրդավարութեան հաստատմանը, այլ ոչ թէ ռազմական ծախսերին։
- Միջազգային իրաւունքի այլ խնդիրներ
4.1. Միջազգային քրէական դատարանը (տրիբունալը) հետաքննում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի խախտման, ահաբեկչութեան խրախուսման եւ այլ միջազգային յանցագործութիւնների կատարման դէպքերը, ներառեալ`
– խաղաղ բնակչութեան եւ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը, որն առաջացրել է բազմաթիւ զոհեր եւ հասցրել հսկայական նիւթական վնաս,
– ռազմական նշանակութիւն չունեցող քաղաքացիական ենթակառուցուածքների, բնակելի շէնքերի, դպրոցների, առանձնատների, մշակութային եւ կրօնական կառոյցների եւ այլն հրետակոծումը,
– իրենց լրագրողական գործունէութիւնն իրականացնող տեղական եւ արտասահմանեան ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղղութեամբ կրակելն ու հրետակոծելը:
4.2. Թուրքիայի Հանրապետութեան նկատմամբ կիրառւում են միջազգային պատժամիջոցներ` որպէս պատերազմը հրահրող եւ անուղղակիօրէն մասնակից պետութիւն։ Նախատեսւում են սահմանափակումներ զէնքի եւ զինամթերքի մատակարարումների վերաբերեալ։
Այսպիսով` Ղարաբաղեան կարգաւորումը պէտք է դառնայ հէնց այն Նիւրենբերգեան դատավարութեան նախաբանը, որին շուտով արժանանալու է Թուրքիան։
Հայաստանը դեռ ունի մի քանի օր` պատրաստուելու եւ առաջարկութիւնների նոր փաթեթով միջնորդներին ներկայանալու համար։ Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը հերթական անգամ չկարողանայ դիւանագիտական ասպարէզում ամրագրել Հայոց բանակի յաղթանակները, ապա հայ ժողովուրդը որոշ ժամանակ անց կրկին յայտնուելու է նոր պատերազմի եւ նոր ցեղասպանութեան վտանգի առջեւ։
Քաղաքական վերնախաւը պարտաւոր է արժանի լինել մեր ազգին եւ զինուորների թափուած արեանը ու վերջնական ամրագրել տղաների կեանքի գնով վաստակուած այդքան թանկ խաղաղութիւնը։
9 Հոկտեմբերի 2020 թ.