Հանրային հեռուստատեսութեամբ խօսելով Իսրայէլի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինութեան մատակարարման մասին, ՀՀ ԱԺ Պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը յայտարարեց, որ Իսրայէլն այս օրերին էլ սպառազինութիւն է մատակարարում Ադրբեջանին: Նա ասաց, որ դրան պէտք է գնահատական տրուի:
Իր հերթին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը Գորիսում ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձաւ այդ խնդրին, ակնարկելով նաեւ, որ հայկական ուժերի դէմ կիրառուող իսրայէլական անօդաչուները եւ հրթիռային համակարգերը կառավարւում են ոչ ադրբեջանցի մասնագէտների կողմից:
Իսրայէլի նախագահը, տարբեր պաշտօնեաներ, նաեւ յայտնի բլոգեր, Իսրայէլի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, Հայաստանում իսրայէլական կողմի փաստաբանութեամբ զբաղուած շրջանակները պատրաստի կլիշէներ (կարծրատիպ-Խմբ.) ունեն այդ պարագայի համար՝ սա բիզնես (գործառնութիւն-Խմբ.) է, ուղղուած չէ երրորդ կողմի դէմ, Հայաստանը ժամանակին՝ 2015 թուականից պէտք է աշխատէր այդ ուղղութեամբ, եւ այլն:
Վերջին իրադարձութիւնները ռազմաճակատում եւ քաղաքական ճակատում ցոյց են տալիս այս պնդումների անհեթեթութիւնը: Իսկ ԱՄՆ ֆինանսական հետախուզութեան փաստաթղթերի արտահոսքը հանում է բոլոր հարցերը Իսրայէլ-Բաքու գործարքի զուտ բիզնես լինելու առնչութեամբ:
Իսրայէլը շարունակում է համալրել հայ զինուորների անպատմելի հերոսութիւնների արդիւնքում Ադրբեջանի սպառուող պաշարները, ընդ որում՝ այնպիսի զինատեսակներով, որոնք առաւելութիւն են ապահովում մի շարք առումներով, զգալի կորուստներ պատճառելով հայ խաղաղ բնակչութեանը եւ զինուած ուժերին: Միայն Հոկտեմբեր 1ից Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով դէպի Բաքու կատարուել է բեռնատար օդանաւերի 30 թռիչք իւրաքանչիւրը 55-60 տոննա բեռով:
Ընդ որում, յուլիսեան մարտերից յետոյ, երբ հայկական կողմը խոցեց իսրայէլական անխոցելի համարուող անօդաչուն, Իսրայէլին պատկանող ռազմարդիւնաբերական ընկերութիւնները՝ IMI Systems Ltd-ը, որը մատակարարում է այդ զինատեսակները, պահանջեց, որ Ցահալի սպաներն իրենք կառավարեն դրոնները (առանց օդաչուի թռչող սարք-Խմբ.) արբանեակային կապի միջոցով: Ինչը եւ կարծես կատարւում է, դատելով նաեւ հայ պաշտօնեաների յայտարարութիւններից:
Յիշւում է տարիներ առաջ բռնկուած սկանդալը (գայթակղութիւնը-Խմբ.), երբ Բաքուն իսրայէլական ընկերութիւններից պահանջել էր անօդաչուները փորձարկել հայկական դիրքերի դէմ, մեծ գումարների դիմաց:
Սա արդէն Իսրայէլի ուղիղ մասնակցութիւն է պատերազմին եւ պատերազմական յանցագործութիւններին, այսպէս ասած քաղաքական մասնակցութեանը զուգահեռ: Բանն այն է, որ Թուրքիայի քաղաքական նպատակներն Անդրկովկասում զգալի մասով համընկնում են Իսրայէլի շահերին:
«ԼՐԱԳԻՐ»