ԷՄՄԱ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Էրդողանը Հատել Է Կարմիր Գծեր, Մոսկուայից Պատասխան Կը Լինի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հոկտեմբերի 21ին ֆեյսբուքեան ուղիղ միացմամբ խօսեց Ռուսաստանի հետ համագործակցութեան մասին՝ նշելով, որ մեր երկրները հնարաւորինս բարձր եւ արդիւնաւէտ կերպով փոխգործակցել են եւ փոխգործակցում են իրավիճակից լուծում գտնելու համար՝ հաշուի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի ռազմավարական գործընկերը։ «Ես կարծում եմ` այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչեւ օրս արել է առաւելագոյնը եւ սրանից յետոյ էլ կ’անի առաւելագոյնը, սրանում չեմ կասկածում», ասաց Փաշինեանը՝ յաւելելով. «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցութիւնը` որպէս Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։
Իսկ սա հատուած է Փաշինեանի՝ իրանական IRNA լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցից. «Ադրբեջանի կողմից լայնօրէն օգտագործւում են իսրայէլական ԱԹՍնէր, եւ հէնց այդ փաստը նոյնպէս վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտութիւնները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարութիւնից, որեւէ այդպիսի միջամտութիւն, միջնորդութիւն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցութիւն ունենալ ներկայիս իրադարձութիւնների վրայ, եւ այդ առումով հէնց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, յայտարարութիւններ անում են, դիրքորոշումներ յայտնում են, բայց իրավիճակի վրայ իրական ազդեցութիւն ունենալ չեն կարողանում, դա փաստ է»:
Ի՞նչ եզրակացութիւններ կարելի է անել Փաշինեանի երկու ուղերձներից:
Միակ պետութիւնը, որը Թուրքիային ու Ադրբեջանին իրենց իսկ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմում կարող է կանգնեցնել՝ դա ոչ թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետութիւններ՝ Միացեալ Նահանգներն ու Ֆրանսիան են, այլ՝ Ռուսաստանը:
Աւելին՝ դատելով Փաշինեանի ելոյթի որոշ նրբերանգներից եւ հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը 3 շաբաթից աւելի բաւական ակտիւ (աշխուժ-Խմբ.) աշխատում է՝ պաշտօնական Երեւանը գոհ է ռուսական ջանքերի արդիւնքներից:
Պատահական չէր, որ Փաշինեանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի՝ մոսկովեան այսօրուայ այցից եւ Լաւրովի հետ բանակցութիւններից յետոյ արձանագրեց ռուսական աջակցութեան կարեւորութիւնը, ապա նուրբ անցում կատարեց առաջնագծում տիրող իրավիճակին. «Արցախի ողջ հարաւով մարտական գործողութիւններ են ընթանում։ Այստեղ կայ շատ կարեւոր նրբութիւն. մեր դիտարկումները ցոյց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդէն իսկ վերջին ռեզերւները (պահեստաւորները-Խմբ.)։ Այո, նրանց ռեսուրսները (աղբիւրները-Խմբ.) շատ-շատ մեծ են, բայց մեր հերոս զինուորները աննկարագրելի ծաւալի կորուստներ են պատճառում»։
Նկատենք, որ Հոկտեմբերի 21ին Մոսկուայում կայացան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լաւրովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականեանի ու Ջեյհուն Բայրամովի առանձին-առանձին հանդիպումները։ Բանակցութիւնների ընթացքում քննարկուել են ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի հասնելու ու խնդրի կայուն կարգաւորման հետ կապուած հրատապ հարցերը։
Այն փաստը, որ Ռուսաստանը կրկին հրաւիրեց կողմերին հանդիպման՝ նշանակում է, որ Մոսկուան դժգոհ է հրադադարի պահպանման եւ խոշոր հաշուով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին ջանքերի համատեքստում Էրդողանի ու Ալիեւի՝ պատերազմը շարունակելու քաղաքականութիւնից:
Այս իրավիճակը երկար չի կարող ձգուել: Ռուսական կողմի ակտիւութիւնը՝ կրակը դադարեցնելու ուղղութեամբ, տապալւում է թուրք-ադրբեջանական շարունակական ագրեսիայով (յարձակումնով-Խմբ.) Արցախում եւ հրապարակային սպառնալիքներով. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները շարունակում են յստակ ու հրապարակային պնդել, որ պատերազմը պէտք է շարունակուի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իրենց նպատակները չեն իրագործել, այն է՝ չեն հայաթափել Արցախը:
Ռուսաստանն, անշուշտ, բարդ իրավիճակում է յայտնուել: Ռուսական շրջանակներից անգամ հնչում են Փաշինեան-Ալիեւ հանդիպման կազմակերպման մասին կարծիքներ: Թէեւ թէ՛ Փաշինեանը, թէ՛ Ալիեւը նման հանդիպման պատրաստակամութիւն յայտնել էին, սակայն գոնէ այս պահին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը հրապարակային հանդէս են գալիս որպէս պատերազմի շարունակման կողմնակից՝ անհասկանալի է, որ, եթէ նոյնիսկ նրանք նստեն բանակցութիւնների սեղանի շուրջ՝ ինչի՞ մասին պէտք է ընդհանրապէս խօսեն:
Պատահական չէր նաեւ Փաշինեանի ելոյթում նաեւ այս դիտարկումը. «Պէտք է յստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնէ այս փուլում ու բաւականին երկար ժամանակ դիւանագիտական լուծում չունի»: Նա պարզաբանեց. «Բոլոր այն յոյսերն, առաջարկները, մտածումները, թէ պէտք է դիւանագիտական լուծում գտնել, պէտք է համարենք աւարտուած։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամութիւն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նուազեցնել յանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պէտք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի»։
Այսօր ակնյայտ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստանձնել են Ղարաբաղի խնդրի լուծման բացառապէս ռազմական ճանապարհին իրենց հաւատարմութիւնը: Իսկ սա մի իրավիճակ է, որ ունենալու է բացասական հետեւանքներ Ալիեւի ու Էրդողանի համար, եւ Ռուսաստանից կը լինեն համարժէք քայլեր:
Մոսկուայից՝ ամենաբարձր մակարդակով կրակի դադարեցման կոչերը ուղղուած էին ոչ միայն Ալիեւին, այլեւ Էրդողանին, վերջինս, սակայն, կարծես, որոշել է փորձարկել, թէ որքան կարող է մխրճուել յետխորհրդային տարածաշրջանում: Ի սկզբանէ էլ պարզ էր, որ ինչ-որ պահից Մոսկուան կ’արձանագրի, կամ՝ գուցէ արդէն արձանագրել է, որ Էրդողանը հատել է կարմիր գծեր:
«ԱՌԱՒՕՏ»