«Մենք մշտապէս զինուել ենք ըստ մեր հնարաւորութեան, բոլոր ժամանակներում արուել է առաւելագոյնը զինուելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զէնքեր: Ապրիլեանից յետոյ դրանց ծաւալները մեծացուել են, իսկ 2018-2020թթ. նոր զէնքերի ծաւալն ամենամեծն է եղել առհասարակ»,- ժամեր առաջ գրել է Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը՝ յաւելելով. «Նախ ինձ հակադարձողներից որեւէ մէկը որեւէ կերպ աւելի լաւ չի տիրապետում իմ նշած նորագոյն զէնքերի իրական ծաւալներին, որոնք ձեռք են բերուել 2018-2020թթ ընթացքում: 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերուել մի քանի հարիւր միաւոր նոր աւտոմեքենայ (ինքնաշարժ-Խմբ.), վերջին երկու տարում կրկնակի անգամ աւելի շատ: 2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերուել նոր սերնդի կապի միջոցներ եւ ռադիօկայաններ, այդ թւում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ աւելի: 2012-2018թթ. նոր մեծ զէնքերից ձեռք են բերուել սահմանափակ քանակութեամբ նոր սերնդի հակատանկային (հակահրասայլային-Խմբ.) միջոցներ, օրինակ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ աւելի շատ են ձեռք բերուել այդ միջոցներից»:
Յովհաննիսեանը նաեւ տեղեկացրել է, որ 2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերուել «Սմերչ» կայանքներ։ «Թուերը չնշեմ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացուել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկուել: 2012-2018թթ. Հայաստան են բերուել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերուել կործանիչներ: Այստեղ գաղտնիութեան պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթէ ոեւէ մէկը փորձի այս թեման շահարկել, վստահեցնում եմ, որ հաստատ չի տիրապետում իրավիճակին: 2012-2018թթ. Հայաստան են բերուել փոքր քանակութեամբ նոր սերնդի, փոքր հեռահարութեան Հակաօդային Պաշտպանական միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկուել է, աւելացուել են մեծ խմբաքանակի հին միջոցներ, եւ ձեռք է բերուել աշխարհի լաւագոյն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը: 2012-2018թթ. Հայաստան են բերուել փոքր քանակութեամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունէին եւ չէին աշխատում: Դրանք խելքի են բերուել միայն այս տարի, եւ աւելի լաւ միջոցների քանակութիւնը աւելացուել է մի քանի անգամ: 2012-2018թթ. Հայաստանում ստեղծուել եւ ներկրուել են որոշակի քանակութեան Անօդաչու Թռչող Սարքեր, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկուել է: Վերջին երկու տարում կնքուել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք են բերուել ՏՕՍ համակարգեր եւ այլն, որոնք բարձրաձայնելու ենթակայ չեն», – եզրափակել է ՊՆ ներկայացուցիչը։
Հանրային հեռուստաընկերութեանը երեկ տուած հարցազրոյցի ժամանակ Արծրուն Յովհաննիսեանը մի քանի ուշագրաւ յայտարարութիւններ արեց. – «Տասնեակ տարիներ Ադրբեջանը ինչ բիւջէ է դրել Զինուած ուժերի վրայ, մենք ինչ բիւջէ ենք դրել։ Ընդ որում, եթէ դուք էսպէս տանում էք կոնկրետ (յստակ-Խմբ.) վերջին տարիներին, վերջին երկու տարին, երեք տարին, եկէք հասկանանք, որ աւելի շատ նորարարական, տեխնոլոգիական (արհեստագիտական-Խմբ.), ժամանակակից զէնք, քան վերջին երկու տարում է մտել բանակ, վերջին տասը տարում չի մտել։ Միայն 2018-19-20 թուականների ընթացքում։ Բոլորը գիտեն դրա մասին»։
2008-2018 թուականներին Հայաստանի ղեկավարն էր Հանրապետական կուսակցութեան առաջնորդ Սերժ Սարգսեանը, եւ Արծրուն Յովհաննիսեանի յայտարարութիւնից յետոյ, թէ վերջին երկու տարիներին աւելի շատ ժամանակակից սպառազինութիւն է ստացել հայկական բանակը, քան նախորդած տասը տարիներին, Հայաստանի երրորդ նախագահի գրասենեակը հանդէս եկաւ յայտարարութեամբ. – «Արծրուն Յովհաննիսեանը կա՛մ չի տիրապետում թուերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթիւրում է իրականութիւնը: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մէջ է, եւ յայտարարուած է ռազմական դրութիւն, իսկ հակառակորդը գտնւում է Շուշիի մատոյցներում, այս մասին խօսելն անպարկեշտութիւն է, կարելի է ասել` մեղաւորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրութեան աւարտից յետոյ այս թեմային եւ նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանօրէն եւ փաստարկուած կ՛անդրադառնանք»:
Ռուսաստանը հետախուզական տուեալներ է տրամադրում Հայաստանին
Հանրային հեռուստաընկերութեանը Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցչի երեկուայ հարցազրոյցից նաեւ, ըստ էութեան, յայտնի դարձաւ, որ Ռուսաստանը հետախուզական տուեալներ է տրամադրում Հայաստանին։
Հարցազրոյցը վարող լրագրողի դիտարկմանը, թէ մեղադրանք է հնչում, իբր Ռուսաստանի Դաշնութիւնը վերջին երկու, մէկ տարում Հայաստանին հետախուզական տուեալ չի տուել, Արծրուն Յովհաննիսեանն արձագանգեց․ – «Այդ ո՞վ է տիրապետում Գլխաւոր շտաբների փոխգործակցութեան միջազգային մակարդակին։ Այդ ո՞վ է երկու Գլխաւոր հետախուզական վարչութիւնների աշխատանքի մանրամասները տիրապետում։ Ես ուզում եմ իրեն իմանամ։ Ո՞վ է ասել, որ այդպիսի բան կայ։ Մեծագոյն կեղծիք է, մէկ։ Երկրորդն էլ՝ ես հիմա չեմ ասելու երբ են տուել, ինչ են տուել, ոնց են տուել, ոնց են տալիս»։
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»