ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի մարդկային իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան անդրադարձաւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի այն յայտարարութեան, որուն մէջ ան գերութեան մէջ գտնուող հայ զինծուորները «ահաբեկիչ» որակած էր։
Թաթոյեան գրած է հետեւեալը. «Ադրբեջանի նախագահը, խօսելով այդ երկրում գերութեան մէջ գտնուող հայ զինծառայողների մասին, յայտարարել է, թէ նրանք ռազմագերիներ չեն: Յայտարարել է նաեւ, թէ նրանք ձերբակալուած են ու նրանց որակել է՝ որպէս ահաբեկիչներ: Որպէս Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան՝ յատուկ արձանագրում եմ, որ այս եւ նման յայտարարութիւնները կոպտօրէն խախտում են յետ-պատերազմական մարդասիրական գործընթացը եւ մարդու իրաւունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնը ուղիղ հակասում է նաեւ 2020 թուականի Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան 8րդ կէտի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատութեան մէջ գտնուող անձանց փոխանակում իրականացնելուն:
«Ադրբեջանցի զինուորականների կողմից գերեվարուած հայ զինծառայողները պէտք է անյապաղ ազատ արձակուեն եւ վերադարձուեն Հայաստան: Դա պէտք է արուի անյապաղ ու առանց որեւէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:
«Առանց այն էլ ինչպէս պատերազմական գործողութիւնների ընթացքում, այնպէս էլ դրանց դադարից յետոյ Ադրբեջանի իշխանութիւններն անընդհատ խախտել են մարդու իրաւունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանաւորուածութիւնները. արհեստական ձգձգւում է գերիների վերադարձը, չի յայտնւում նրանց իրական թիւը, այդ ողջ ընթացքում շարունակուել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանիւթերի նպատակային հրապարակումը, խոչընդտւում է զոհուածների մարմինների փոխանակումը ու այլն:
«Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրութիւններն ու զեկոյցները հաստատում են, որ այս ամէնը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակութեան էմոցիաների (զգացումներուն-Խմբ.) հետ ու լարուածութիւն առաջացնել մեր երկրում:
«Մշտադիտարկումն ակնյայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանութիւնների դէպքում անհրաժեշտ է մշտապէս գործել այնպիսի կոնկրետ (յստակ-Խմբ.) երաշխիքներ ունենալով, որոնք կ՛ապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանաւորուածութիւնների անխափան իրականացումը, մարդու իրաւունքների միջազգային պահանջների անխախտելիութիւնը:
«Ուստի, հրաւիրում եմ միջազգային հանրութեան ու յատկապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող միջազգային կառոյցների ուշադրութիւնը Ադրբեջանի նախագահի նշուած յայտարարութեանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որեւէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանութիւնը մարդու իրաւունքների միջազգային պահանջներին»: