ԵՐԵՒԱՆ․- Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի համոզմամբ, ամերիկեան կառավարութիւնը կարեւոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման եւ վերաբնակեցման հարցում։
Ամերիկայի նորընտիր նախագահ Ջօ Բայդընը շատ աւելի քաջատեղեակ է Հայաստանի ու Արցախի խնդիրներից, «Ազատութիւն» կայանի «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջեանը:
Նրա համոզմամբ, ամերիկեան կառավարութիւնը կարեւոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման եւ վերաբնակեցման հարցում, իսկ Հայ Դատի յանձնախումբն իր առաջնահերթութիւնները շատ յստակ դրել է:
[embedyt] https://www.youtube.com/watch?v=RQrUUPkM6ig[/embedyt]
«Մենք մեր առաջնահերթութիւնները շատ յստակօրէն դրել ենք` 250 միլիոն ի նպաստ Հայաստանի եւ Արցախի` փախստականներին վերաբնակեցնելու, վերաշինելու Արցախը եւ աւելի յստակ ղեկավարութիւն Բայդընի կառավարութեան կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահութեան ծրագրերում: Այստեղ շատ կարեւոր է նաեւ ռազմագերիների վերադարձը թէ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, թէ՛ միջազգային Կարմիր խաչի, եւ նաեւ յստակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, որոնք պատերազմի ընթացքում ոճիրներ են գործել․ Արցախի անմեղ ժողովրդի դէմ օգտագործել են ռազմամթերք, որոնք միջազգային մակարդակով արգելուած են, օգտագործել են քիմիական տարբեր ռազմամթերք ընդդէմ Արցախի: Սրանց վերաբերեալ շատ յստակ ամերիկեան օրէնքներ կան եւ պատժամիջոցներ կարող են սահմանուել թէ՛ Թուրքիայի դէմ, թէ՛ Ադրբեջանի կառավարութեան», ասաց Չուլջեանը:
«Պէտք է աշխատենք այս օրերին, թէ՛ դաշնակցային հարթակի վրայ, թէ՛ կոնգրեսական մակարդակի վրայ, որպէսզի իրականացնենք», ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի խօսնակը:
Հարցին, թէ այդ 250 միլիոն դոլարի օգնութիւնը որքա՞նով է իրատեսական, Չուլջեանը պատասխանեց․ «Արդեն աշխատում ենք Կոնգրեսի անդամների հետ․ մենք յստակեցրել ենք, թէ որոնք են կարիքները եւ պէտք է աշխատենք, որ այդ թիւին մօտենանք: Յստակ է, որ ամերիկեան կառավարութիւնը կարեւոր դեր կարող է խաղալ վերաշինման եւ վերաբնակեցման աշխատանքների ուղղութեամբ եւ սա մեր թիւ մէկ առաջնահերթութիւնն է, որպէսզի կարողանանք իրականացնել սա թէ՛ մեր կոնգրեսական բարեկամների հետ, թէ՛, անշուշտ, Բայդընի վարչակազմին հետ»:
Նախագահ Բայդընը շատ աւելի քաջատեղեակ է հայկական հարցերից, քան թէ իր նախորդը, ասաց Չուլջեանն` ընդգծելով` 30 տարուայ ընթացքում, երբ որ Բայդընը ղեկավարում էր Ծերակոյտի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, կամ Արդարադատութեան յանձնաժողովը, այդ ժամանակ ակտիւ (աշխուժ-Խմբ․) աշխատում էր թէ՛ Արցախի, Հայոց Ցեղասպանութեան, թէ՛ Ամերիկայի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման հարցերով:
«Այդ ժամանակ, եթէ եղել է, օրինակ, 907 բաժանմունքի քննարկումը եւ որդեգրումը`1993ին, որ կանխում է ամերիկեան օժանդակութիւնը դէպի Ադրբեջան, որովհետեւ Ադրբեջանը շարունակում էր եւ շարունակում է ակտիւ ձեւով իր յարձակումները Հայաստանի եւ Արցախի վրայ եւ իր շրջափակումը, կամ եթէ նայենք իր` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ կեցուածքներին, դրական էր եւ տեղեակ էր: Անշուշտ նախագահ Օբամայի փոխնախագահութեան ընթացքում Ծերակոյտը համեմատաբար աւելի տարբեր էր: Այն խոստումները, որ տրուեցին Օբամայի կողմից, որ կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, դժբախտաբար չեղան, բայց շարունակուեց, օրինակ, Ամերիկայի օժանդակութիւնը Արցախին, կապերը կամաց-կամաց բարելաւուեցին, բայց վերջին չորս տարուայ ընթացքում շատ յստակ շեղում կար այդ ծրագրից Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ: Առաջին անգամ տեսանք 120 միլիոնով աւելի ամերիկեան ռազմական օժանդակութիւն Ադրբեջանին, դրա հետեւանքները զգացինք Սեպտեմբերից` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից յարձակումները, տեսանք նախկինը դէմ էր ամերիկեան օժանդակութեանը Արցախին եւ տեսանք ընդհանուր լռութիւնը, բացակայութիւնը ճգնաժամային այս պատերազմի օրերին», ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի խօսնակը:
Հարցազրոյցն ամբողջութեամբ կարող էք դիտել այստեղ՝ https://youtu.be/RQrUUPkM6ig։