Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Համազգայինի հովանաւորութեամբ Արցախեան երրորդ պատերազմի օրերին կեանքի կոչուեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը: Այս մասին «Ապառաժ»ի հետ զրոյցում նշել է Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը:
«Ծրագիրը նպատակ ունէր պատերազմի ընթացքում Արցախի տարբեր վայրերից տարհանուած, Երեւանում ու շրջաններում ապաստանած մանուկներին հոգեւոր-մշակութային ճանապարհով աջակցութիւն ցուցաբերել, կազմակերպել երեխաների կրթման ու դաստիարակման աշխատանքներ, որոնք պէտք է նպաստեն մանուկների մօտ առկայ ընկճախտի թօթափմանը եւ հոգեւոր ուժերի վերականգնմանը», ասել է Հերմինէ Աւագեանը:
Գաղափարն իրականացւում է արուեստի խմբակների տեսքով` շաբաթական հինգօրեայ ընթացքով` օրական 2 ժամեայ տեւողութեամբ: Կեանքի են կոչուել` նկարչութեան, կաւագործութեան, թատերական խմբակներ, ինչպէս նաեւ շաբաթը մէկ անգամ մանկական հոգեբանի հետ հանդիպումներ, այցելութիւններ թանգարաններ ու թատրոններ:
Ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ ծրագիրը սկսել է գործել նաեւ Արցախում: Արցախում իրականացուող աշխատանքների շուրջ Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատուն հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հետ: Պարապմունքների մի մասն էլ անց են կացւում ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում:
«Արուեստի բոլոր խմբակներում դասաւանդում են Արցախի տարբեր գրաւեալ տարածքներից արուեստագէտներ: Ծրագիրը կազմակերպւում է 7-13 տարեկան դպրոցականների համար: Նոյեմբերի մէկից մինչեւ այսօր մօտ 150-170 երեխաներ մասնակցել ու մասնակցում են ծրագրին», ասել է Հերմինէ Աւագեանը` աւելացնելով:
Ընթացքում արուեստի խմբակներին միացան նաեւ դասապատրաստման խմբակները` երրորդից վեցերորդ դասարանցիների համար:
Յաւելենք, որ Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ դեկտեմբերին Երեւանի «Զանգակ» գրատան ցուցասրահում կայացաւ արուեստի խմբակներին մասնակից երեխաների նկարների ու ձեռքի աշխատանքների ցուցահանդէս, որը կրում էր «Անունս Արցախ է» խորագիրը: Ցուցահանդէսի բացմանը ներկայ էր նաեւ Համազգայինի Կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը:
Հերմինէ Աւագեանի տեղեկացմամբ՝ ծրագիրը մեկնարկել է Նոյեմբերի մէկից եւ ընթանում է մինչեւ այսօր` ընդլայնելով աշխարհագրութիւնը:
Արուեստի եւ դասապատրաստման խմբակներ են գործում Երեւան, Դիլիջան, Աբովեան, Ստեփանակերտ քաղաքներում:
Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատուի խօսքով` Մարտակերտի շրջանի Մաղաւուզ գիւղում ազգային երգի ու ազգային պարի խմբակներ են բացուել, առաջիկայում նպատակ ունեն ընդգրկելու նաեւ Արցախի այլ գիւղեր:
Ծախսերը հոգում են Համազգայինի կողմից պարբերաբար կազմակերպուող առցանց հանգանակութիւնների միջոցով:
«Ծրագրի նպատակն է օգտագործել Համազգայինի ներուժը՝ ի նպաստ Արցախի մանուկների հայեցի կրթման ու դաստիարակման գործին, քանզի իւրաքանչիւր մանուկ մեր ապագայի կրողն ու մեր ապագան կերտողն է», նշել է Հերմինէ Աւագեանը: