ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԷՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամը հատուցում է տրամադրել Սեպտեմբերի 27ին թշնամու կողմից սանձազերծուած պատերազմում զոհուած եւս 65 զինծառայողի ընտանիքի։ 2021թ.ի Մարտի 25ի դրութեամբ հիմնադրամը հատուցել է Արցախեան 44օրեայ պատերազմում հաշմանդամութիւն ձեռք բերած, զոհուած եւ անհետ կորած 1670 մարտիկների ու նրանց ընտանիքներին: «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի ընդհանուր հատուցումների թիւն այս պահին 2081 է, այս մասին «Ասպարէզ»ին տեղեկացրեց հիմնադրամի տնօրէն Վարուժան Աւետիքեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամը ինչպէ՞ս է կազմակերպել Արցախեան վերջին պատերազմից տուժածների հատուցումը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Սեպտեմբերեան պատերազմից յետոյ, «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի հատուցումներն իրականացուել են նաեւ երկու նոր ծրագրի միջոցով, որոնք ուղղուած են անհետ կորած զինծառայողների ընտանիքներին եւ ծանր վիրաւորում ստացածներին: Հաշուի առնելով, որ ծանր վիրաւորում ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամութեան կարգ ստանում, եւ մինչ այդ պէտք է բուժուեն, ու կարիք կ՛ունենան ֆինանսական միջոցների, եւ այն փաստը, որ անհետ կորածների դէպքում այդ իրաւական կարգավիճակը պէտք է տրամադրուի դատարանի միջոցով, ինչը նոյնպէս որոշակի ժամանակ է պահանջում, կառավարութեան հետ միասին նախաձեռնեցինք «Կամուրջ» ծրագիրը: Մինչ այսօր, «Կամուրջ»ի շրջանակներում հատուցուել է 1240 շահառու. նրանցից 194ը՝ վիրաւորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատութիւնը տրամադրել է եզրակացութիւն առ այն, որ բուժման աւարտից յետոյ 1ին կամ 2րդ հաշմանդամութեան կարգ ստանալու հաւանականութիւնը մեծ է, եւ 1046ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
Նշուած թիւը փոփոխւում է՝ ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնից, ոստիկանութիւնից ու Ազգային անվտանգութեան ծառայութիւնից ստացուող ամէնօրեայ տեղեկութիւնների արդիւնքում: Ներկայում էլ ուսումնասիրում ենք 509 նոր գործ: Աշխատում ենք նաեւ Սոցապ նախարարութեան հետ, որտեղից ստացուած նախնական տեղեկութիւններով՝ կ’ունենանք 1ին կամ 2րդ կարգի 500 զինհաշմանդամ: Ըստ նոյն նախարարութեան տուեալների, այս պահի դրութեամբ ունենք 4000 զոհ՝ որոնց թւում ներառուած են նաեւ անհետ կորածները: Առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում, բոլոր զոհուած ու անհետ կորած զինուորների ընտանիքներն ու զինհաշմանդամները կը դառնան մեր շահառուները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքա՞ն գումար են կազմում հատուցումները:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Զոհուած եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներն ու առաջին կարգի հաշմանդամութիւն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանուագ փոխհատուցում 10 միլիոն դրամի չափով եւ այնուհետեւ, 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամութիւն ստացած զինծառայողները ստանում են միանուագ 5 միլիոն դրամ ու կրկին 20 տարի շարունակ` ամսական 100,000 – 200,000 դրամ։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ն է դիմումի ընթացակարգը։
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Մինչեւ սեպտեմբերեան պատերազմը, հնարաւոր շահառուներն իրենք էին դիմում պաշտպանութեան նախարարութեանը, սակայն պատերազմից յետոյ մտածեցինք, որ նախարարութեան համար դժուար կը լինի արագ արձագանգել բոլոր դիմումներին, եւ ներգրաւեցինք մարզպետարաններին, քաղաքապետարաններին, Արցախում՝ Սոցապ նախարարութեանն ու Պաշտպանութեան բանակին: Արդիւնաւէտ սպասարկման համար վերապատրաստեցինք հարիւր իրաւաբանի: Այժմ շահառուն փաստաթղթերը ներկայացնում է մարզպետարանին, Երեւանում՝ թաղապետարաններին, որտեղ ձեւաւորւում է փաթեթ եւ ուղարկւում է պաշտպանութեան նախարարութիւն, որտեղ հաստատուելուց յետոյ էլ փաստաթղթերը փոխանցում են «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամին։ Փաթեթը ստանալուց յետոյ, հիմնադրամը կատարում է հատուցում՝ գումարը փոխանցելով տուեալ շահառուի անունով բացուած հաշուեհամարին։ Փորձից ելնելով կարող ենք ասել, որ ամբողջ գործընթացը միջինում տեւում է 2-3 շաբաթ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս են ձեւաւորւում Հիմնադրամի միջոցները:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Հիմնադրամի միջոցները գոյանում էին հիմնականում Հայաստանում աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձից գանձուող հազար դրամներից, եւ որոշակի նուիրատուութիւններ էին լինում: Սակայն Սեպտեմբերի 27ի պատերազմից յետոյ «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի միջոցներն այլեւս բաւարար չէին հատուցումներ կատարելու համար։ Հարցը լուծելու նպատակով, օրէնքում փոփոխութիւններ կատարուեցին, ըստ որի, կախուած անձի եկամուտից՝ փոխւում է նաեւ գանձուող գումարի չափը: Ըստ այդմ, 2021թ. Յունուարից, դրոշմանիշային վճարը սկսւում է հազար հինգհարիւր դրամից (շուրջ երեք դոլար) մինչեւ 15 հազար դրամ (շուրջ երեսուն դոլար) եւ աւելի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նշեցիք նուիրատուութիւնների մասին: Սփիւռքից, մասնաւորապէս ԱՄՆից որքա՞ն գումար է նուիրաբերուել սեպտեմբերեան պատերազմից սկսած:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Պատերազմից սկսած, նուիրատուութիւնների գումարը կազմել է 16 միլիոն դոլար, որից 65 տոկոսը Հայաստանից է ստացուել: Մնացած 35 տոկոսը բաժանւում է շուրջ 70 երկրների միջեւ: ԱՄՆն եւ Ռուսաստանը Հայաստանից յետոյ առաջին տեղում են եւ կիսւում են շուրջ 10ական տոկոսով:
Հայաստանից նուիրատուութիւնները բնականաբար կը նուազեն, քանի որ նուիրատուները հիմնականում այն անձիք են, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, եւ նրանք օրէնքով ամսական աւելի շատ են այուհետ վճարելու հիմնադրամին: Այդ պատճառով, պէտք է ուշադրութիւնն առաւել սեւեռենք Սփիւռքի մասնակցութեան վրայ:
Այս առումով կը ցանկանայի տեղեկացնել, որ ձեւաւորել ենք նոր՝ մասնագէտներից կազմուած անկախ խորհուրդ, որտեղ ընդգրկուած են Սփիւռքի մեր հայրենակիցները: Ադամ Կաբլանեանն ու Ճօ Սիմոնեանն ԱՄՆից են, Անահիտ Ադամեանը ռուսաստանաբնակ հայ է, Դաւիթ Յակոբեանը երկար ժամանակ գործել է Միջին Արեւելքում, Իրինա Սէյլանեանը նոյնպէս արտերկրում աշխատելու մեծ փորձ ունի, եւ շուտով կը ներգրաւենք անդամներ Եւրոպայից: Այս քայլով, կարծում եմ, աւելի հասկանալի կը դարձնենք հիմնադրամը Սփիւռքի մեր հայրենակիցներին, եւ կ՛ընդլայնենք նրանց մասնակցութիւնը: Մինչեւ պատերազմը «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի մասին Սփիւռքում շատ քչերը գիտէին, որովհետեւ մեր գործունէութիւնն իրականացրել ենք Հայաստանում՝ հիմնուած հազար դրամների վրայ, եւ նուիրատուութիւններ շատ չեն եղել: Սակայն մեր առջեւ նոր մարտահրաւէրների այս փուլում Սփիւռքի աջակցութեան կարիքն այժմ ունենք:
Ադամ Կաբլանեանը ներկայում աշխատում է Միացեալ Նահանգներում քոյր կազմակերպութիւն հիմնելու ուղղութեամբ, որն արդէն գրանցուել է, եւ կոչւում է Friends of Armenian Soldier Family: Հարկային կարգավիճակի հատատումից յետոյ, մինչեւ ամառ, կարծում ենք կը սկսի գործել, եւ մեր ամերիկահայ հայրենակիցները կը կարողանան «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի նուիրատուութիւն կատարել նշուած կազմակերպութեան միջոցով: Մինչ այդ, ԱՄՆից նուիրատուութիւնները մեզ ուղարկւում են Armenian Wounded Heroes կազմակերպութեան կայքի միջոցով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Ի՞նչ մարտահրաւէրներ առաջադրեց վերջին պատերազմը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Սեպտեմբերի 27ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ու դրա աղէտալի հետեւանքները բազմապատկել են հիմնադրամի աշխատանքը: Մինչ պատերազմը մենք ունենում էինք տարեկան շուրջ 45 զոհ ու հաշմանդամ, իսկ նախորդ տարի այդ թիւը միանգամից հասաւ շուրջ չորս հազարի: Մեր աշխատանքը նոյն արդիւնաւէտութեամբ իրականացնելու համար, այժմ փոփոխութիւններ ենք կատարում բոլոր ուղղութիւններով:
Առաջնային է հիմնադրամի ռեզերվի՝ պահուստային ֆոնդի, ապահովումը. եթէ այս պահին սպառենք մեր ամբողջ պահուստային ֆոնդը՝ միջոցները կը բաւարարեն հատուցումների համար, բայց քանի որ հիմնադրամը գործում է կեանքի ապահովագրական ընկերութեան պէս, իրաւունք չունենք ամբողջութեամբ սպառել այդ միջոցները: Նոյեմբերի 9ից յետոյ էլ, մենք նոր զոհեր ու վիրաւորներ ենք ունեցել, եւ չի բացառւում, որ նոր պատերազմ կը լինի: Փորձը ցոյց տուեց, որ այդ ռեզերվի, ազգային հարստութեանը շնորհիւ էր, որ կարողացանք արագօրէն հատուցել ծանր վիրաւորներին ու մահացածների ընտանիքներին:
Հիմնադրամի համար կարեւոր հարցերի թւում է տեղեկատուական անվտանգութեան ապահովումը: Գործում է հզօր տեղեկատուական ենթակառուցուածք, որի ուղղութեամբ, պատերազմի ժամանակ, ամէն վայրկեան տեղի է ունեցել վաթսուն յարձակում, եւ դա ահռելի ճնշում էր, որի դէմ պայքարում էինք, ու գէթ մէկ րոպէ հիմնադրամի կայքի գործունէութիւնը չի դադարել, այն դէպքում, երբ բազմաթիւ պետական մարմինների կայքեր տուժեցին գրոհից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Հիմնադրամն ինչպէ՞ս է ապահովում գործունէութեան թափանցիկութիւնը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկութեան սկզբունքով, ինչը տեսանելի է կազմակերպութեան կայքում – www.1000plus.am: Հիմնադրամի գործունէութեան՝ հաւաքագրումների եւ հատուցումների մասին, պարբերաբար ներկայացւում է մանրամասն հաշուետուութիւն, որը տեղադրուած է կայքում: Թափանցիկութեան ապահովման միջոցներից է աշխատավարձերից գանձուող դրամների փոխանցումների մասին տեղեկատուութեան տրամադրումը. կայքում ստեղծել ենք հնարաւորութիւն, որը Հայաստանում աշխատող եւ աշխատավարձ ստացող իւրաքանչիւր քաղաքացու թոյլ է տալիս սոցապահովութեան քարտի իր համարը ներմուծելով, տեսնել թէ իր գործատուն որքան գումար է փոխանցել հիմնադրամին: Միաժամանակ, կայքի միջոցով բանկային քարտով նուիրատուութիւն կատարողի անունն ու փոխանցուած գումարն անմիջապէս երեւում է: Սրանք թափանցիկութիւնը վերահսկելու բացառիկ գործիքներ են: Նաեւ, հիմնադրամն ամէն տարի անցնում է անկախ հաշուեքննութեան ստուգում, միջազգային՝ Earst and Young ընկերութեան կողմից, որի արդիւնքները հրապարակւում է նրանց կայքում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի, որոնց կարող է մաս կազմել Սփիւռքը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՒԵՏԻՔԵԱՆ.- Խօսքս ուղղելով ամերիկայի մեր հայրենակիցներին, կը ցանկանայի ընդգծել, որ «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամը բացառիկ է նրանով, որ ստեղծման օրուանից հիմնական գումարը՝ 80 միլիոն դոլար գոյացել է Հայաստանում, եւ սա հրաշալի առիթ է ունենալու վստահութիւն, որ երբ ներդրում են անում, դառնում են ոչ թէ ուղղակի նուիրատու, այլ գործընկեր Հայաստանի հետ: Այդ առումով յորդորում եմ մեր հայրենակիցներին, որ աւելի աշխոյժ կերպով մասնակցեն մեր դրամահաւաք ծրագրերին: Առաջիկայում կը մեկնարկի «Մէկ միլիոն» կոչուող նախաձեռնութիւնը, որի շրջանակներում, ցանկանում ենք մէկ միլիոն հայ գտնել աշխարհում, ովքեր ամսական յիսուն դոլար կը նուիրաբերեն «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամին: Նախատեսում ենք նաեւ գտնել ընկերութիւնների, որոնք տարեկան միանուագ երկու հազար դոլար կը նուիրաբերեն: Առաջիկայ այլ ծրագրերի մասին կարող էք տեղեկանալ մեր կայքում: