ԳԼԵՆԴԷՅԼ․- Ապրիլի 29ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորնիայի համայնքային քոլեջների նախագահ Իլօ Օրթիզ Օքլիի, կրթական ծառայութիւնների գծով գործադիր փոխնախագահ Մարթի Ալուադոյի եւ կառավարական յարաբերութիւնների գծով փոխնախագահ Դէյվիդ Օ՛Բրայենի հետ: Քննարկման առանցքում Հայաստանի եւ Կալիֆորնիայի հանրային քոլեջների համակարգի միջեւ համագործակցութիւն հաստատելու հեռանկարային ծրագրերն էին: Դեսպան Բայբուրդեանը կարեւորեց համագործակցութեան հաստատումը ուսանողների փոխանակման ճանապարհով: Այն ենթադրում է, որ ուսանողները հնարաւորութիւն կ՛ունենան մէկ կամ երկու ակադեմիական դասաշրջան սովորել գործընկեր հաստատութիւնում, օրինակ` Կալիֆորնիայի հանրային քոլեջների ուսանողները կարող են ուսման մի քանի ամիսն անցկացնել Հայաստանում, մասնաւորապէս` Հայաստանի Ամերիկեան համալսարանում: Վերջինս գրանցուած է եւ ճանաչուած Ամերիկայում որպէս բարձրագոյն ուսումնական հաստատութիւն:
Կալիֆորնիայի հանրային քոլեջների նախագահն իր պատրաստակամութիւնը յայտեց առաջիկայում նմանատիպ համագործակցութեան փաթեթի մշակման վերաբերեալ:
Դեսպան Բայբուրդեանը նշեց նաեւ, որ համագործակցութեան խորքային դաշտ է ստեղծուել նախագահ Բայդենի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին պատմական ուղերձից յետոյ: Այդ համատեքստում, համագործակցութիւնը խորացնելու նպատակներից պէտք է լինի առաւել խորացնել Կալիֆորնիայի հանրային քոլեջների համակարգում հայոց պատմութեան եւ մշակոյթի դասաւանդման գործընթացը: Բայբուրդեանը շեշտեց, որ կրթական ոլորտի խոր եւ համապարփակ համագործակցութեան համար պարարտ հող է ստեղծուել 2019 թուականի Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համաձայնագրի ստորագրումով:
Խօսուեց նաեւ Գլենդէյլի եւ Փասադինայի համայնքային քոլեջների մասին, որտեղ մեծ թուով հայազգի ուսանողներ հնարաւորութիւն ունեն հրաշալի կրթութիւն ստանալու` խորհրդանշական ուսման վարձի պայմաններում:
Հանդիպման աւարտին գլխաւոր հիւպատոսը Կալիֆորնիայի հանրային քոլեջների նախագահին հրաւիրեց Հայաստան՝ տեղում կրթական ոլորտի հնարաւորութիւններին ծանօթանալու եւ գործակցութեան հեռանկարը գնահատելու համար: Իլոյ Օրթիզ Օքլին, իր հերթին, խոստացաւ այցելել գլխաւոր հիւպատոսութիւն` Սակրամենտոյից Լոս Անջելես կատարելիք առաջին իսկ այցի ընթացքում:
Կալիֆորնիայի հանրային քոլեջների համակարգը համարւում է նահանգի բարձրագոյն կրթութեան ողնաշարը, որը Ամերիկայում ամենամեծ կրթական համակարգն է: Այն ներառում է 116 քոլեջ, որտեղ սովորում է 2.1 միլիոն ուսանող: