Կատիա Քուշերեան
Հայաստանում եւ աշխարհում մեծ ճանաչում վայելող երգահան Վաչէ Շարաֆեանի «Հին Աստուածներ» բալետը գրեթէ պատրաստ է բեմադրուելու: Վաղուց ամբողջացուել է բալետային երաժշտութիւնը: Պատրաստ են բալետի հագուստների գծագրութիւնը հոլիվուդեան յայտնի ձեւաւորող (դիզայներ) Միքայէլ Շարաֆեանի, մասամբ՝ բեմական յարդարանքը ` Աւետիս Բարսեղեանի կողմից, որ մօտ ժամանակներում աւարտին կը հասնի, եւ որից մի քանի նմուշ ներկայացնում ենք սոյն տեղեկագրութեան առընթեր:
Ինչպէս կեանքի այլ ոլորտները, մշակոյթը եւս ենթարկուեց համավարակի ժխտական անդրադարձին, որին գումարուեց Արցախեան վերջին պատերազմն իր բարոյահոգեբանական եւ նիւթական դժուարութիւններով․ բալետի բեմադրութիւնը դանդաղեց, բայց ի վերջոյ անպայման կ՛իրականանայ յառաջիկայում:
Լեւոն Շանթի մեծատաղանդ ստեղծագործութեան հիման վրայ բալետ ունենալու գաղափարը մի քանի տարի առաջ խանդավառութեամբ ընդունուեց մեր գաղութի կողմից եւ ստացաւ նիւթական եւ բարոյական աջակցութիւն: Գաղութի ներդրումով հաւաքուած 10 հազար դոլարը գտնւում է Հայաստանի դրամատանը եւ կը գործածուի իր ժամանակին, մշակոյթի նախարարութեան նիւթական ներդրումի հետ միատեղ: Բալետի գաղափարը ողջունուեց եւ ծնունդ տուեց մէկ այլ գաղափարի. Գլէնդէլաբնակ Ալէքսան Խրիմեանն առաջարկեց բալետ ունենալ Դանիէլ Վարուժանի «Հարճը» պօեմի հիման վրայ. գաղափարը ներկայացուեց երգահան Վաչէ Շարաֆեանին եւ ջերմութեամբ ընդունուեց նրա կողմից: Բալետն արդէն ծնունդ է առել ըստ Կ. Քուշերեանի լիբրետոյի եւ նրանից մի հատուած՝ «Հարճի Պարը», բեմ է բարձրացել Սերբիայում, երկրի օպերային թատրոնի առաջին պարուհու կատարմամբ:
Երգահանը վերջերս գրել է երգերի մի եռաշարք, բժիշկ եւ բանաստեղծ Գագիկ Կարապետեանի ստեղծագործութիւնների հիման վրայ՝ «Անձրեւից Յետոյ» խորագրով, որը հնչել է սոպրանօ Ջուլիանա Գրիգորեանի եւ դաշնակահարուհի Յասմիկ Անտոնեանի կատարմամբ եւ սիրով ընդունուել է նաեւ այլ արուեստագէտ կատարողների կողմից:
Վաչէ Շարաֆեանի մէկ այլ ստեղծագործութիւն՝«Երկրորդ Լուսինը» բալետը, համագործակցութեամբ հայ բալետի լաւագոյն գիտակներից՝ Ռուդոլֆ Խառատեանի, շուտով բեմ պիտի բարձրանայ Հայաստանի մշակութասէր քաղաքներից մէկում՝ Գիւմրիում: Բալետը նուիրուած է անցեալ դարի նշանաւոր եւ համաշխարհային ճանաչում ունեցող արուեստագէտներից Գ. Գուրջիեւին:
Գէորգի Գուրջիեւը (1866-1949) ծնուել է Գիւմրիում, յոյն եւ հայ ծնողներից, եղել է երգահան, միստիկ, սրբազան պարերի ուսուցիչ, առանձնացել է մարդու եւ արուեստի հանդէպ իր ուրոյն մօտեցմամբ, ապրել եւ ճանապարհորդել է աշխարհի շատ երկրներում` Եգիպտոս, Հռոմ, Հնդկաստան, Իրան, Տիբեթ: Կեանքի մասին իր փիլիսոփայական հայեացքները եղել են՝ որոշել եւ գիտակցել մարդու լինելիութեան գաղափարը երկրի վրայ եւ նրա դերը՝ «ո՞վ եմ ես եւ ինչո՞ւ եմ այստեղ» փիլիսոփայական հարցադրումով: Առաջ է քաշել մարդու մէջ ներքին աշխարհն արթնացնելու միջոցով նրա կապը շրջապատի հետ յայտնաբերելու գաղափարը, գտնելու մարդու մէկ այլ վիճակը, ինքնագիտակցութեան օգնութեամբ կերպարանափոխուելու եւ դառնալու այն, ինչ իրականում է. գիտակցականութեան բարձրագոյն աստիճանի ձեռքբերումով հասնելու մարդու ողջ կարողականութեան բացայայտման: Մարդու ինքնարթնացման Գիւրջիեւի մեթոդն իր մէջ միաւորում է ֆաքիրի, դերվիշի, եօգիի եւ մոնկի փիլիսոփայական սկզբունքները: Գուրջիեւ մարդն ու արուեստագէտը շարունակում են հետաքրքրել արուեստի աշխարհը, նրա անունով կան շատ կազմակերպութիւններ, իրականացւում են նրա սկզբունքները, ուսումնասիրւում է նրա գրական ժառանգութիւնը:
Կան բոլոր նախադրեալները, որ նշուած բալետները դուրս գան Հայաստանի սահմաններից եւ ներկայացուեն այլ երկրներում, բայց նախ Հայաստանի հանդիսատեսը պէտք է վայելի դրանք, դարձնի իրը եւ ապա նուիրի աշխարհին: