Անուշ Դաշտենց

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը բրիտանական խորհրդարանի մեծ օրակարգում է ներառուել Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի ջանքերով: Hraparak.am-ի հետ զրոյցում Լոնդոնի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆեանը զգուշացնում է, թէ պէտք չէ «ժողովրդի սպասելիքը բարձրացնել ու յետոյ յուսախաբուել», միւս կողմից նկատում է, թէ «հին ու բարի Անգլիայում» այս ընթացքում շատ բան է փոխել: Օրինակ` 44օրեայ պատերազմի ժամանակ իրենք առցանց ստորագրահաւաքներ են կազմակերպել, դիմումներ գրել խորհրդարանի անդամներին եւ հասել նրան, որ ստորին պալատի մէկ երրորդն առնուազն նախկինի նման ադրբեջանամետ չէ:
Անետ Մոսկոֆեանի խօսքով ` վերջին տարիներին հայկական հարցերով տարբեր քննարկումներ են անցկացուել թէ՛ Լորդերի, թէ՛ Համայնքների պալատում: Այն, որ Բրիտանիայի դեսպանն Ադրբեջանում 46 երկրների դեսպանների թւում չմասնակցեց Շուշի այցելութեանը, Մոսկոֆեանը համարում է դրա վկայութիւնը: Խորհրդարանականները նաեւ հայ ռազմագերիների հարցով Ադրբեջանի վրայ զանազան ճնշումներ բանեցնելու նախաձեռնութիւններով են հանդէս գալիս: «Ներկայումս ունենք բաւականին հետաքրքրուած անձեր` քաղաքական ոլորտից, որոնք, ի հարկէ, որեւէ նիւթական շահ չունեն եւ Հայոց Ցեղասպանութիւնը մարդու իրաւունքների տեսանկիւնից են պաշտպանում: Սա ողջունելի է ու սա մեր տարիների աշխատանքն է, եւ մենք ամէն ինչ պիտի անենք, որ սա է՛լ աւելի զարգացնենք… Մենք ամէն ինչ անելու ենք, որ գոնէ մեծ թուով սատարումներ ունենանք, եթէ անգամ օրինագիծը չանցնի: Անգլիան ժողովրդավարական երկիր է, եւ, ի հարկէ, ժողովրդավարական միջոցներով է, որ կարող ենք կանոնները փոխել, այդ կանոնները կը փոխենք նախ քաղաքական ճնշում բանեցնելով եւ լոբբինգով, նաեւ` հանրութեան կարծիքը հայկական հարցերի շուրջ փոխելով», ասաց դաշնակցականը:
Օրինագիծը մտցուել է պառլամենտական Ջոն Սփելերի կողմից, որը Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամ է: Խմբի քարտուղարն Անետ Մոսկոֆեանն է, նախագահը` Թիմ Լոթընը (Պահպանողական կուսակցութիւնից), որն էլ առաջարկը ներկայացրել է: Նախնական` օրինագիծը նախատեսում են քննարկել Դեկտեմբերի 10-ին: «Բայց արդեօ՞ք առիթ կը լինի քննարկման, չեմ կարող ասել, քանի որ դեռ յստակ չէ, որ օրինագիծը բանավէճի առիթ կը դառնայ Համայնքների պալատում»:
Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակցուհին ցաւով է նշում, որ այդ աշխատանքների համար երբեւէ պաշտօնական Երեւանից քարոզչական նպատակներով գումարներ չեն տրամադրուել, ամէն ինչ արել են իրենց սահմանափակ կարողութիւններով: Ի տարբերութիւն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք միլիոններ են ներդրել, եւ որոնցից մենք վերջին 30 տարիների ընթացքում ահաւոր հետ ենք:
Իսկ վերջին 3 տարում, առհասարակ, հակասութեան մէջ են մտնում Սփիւռքի ու Հայաստանի պահանջները:
«Մենք հետ ենք նաեւ դիւանագիտական աշխատանքներից` Հայաստանի վարկը բարձրացնելու ու միջազգային հանրութեան մօտ մեր երկրում ներդրումներ անելու հետաքրքրութիւն առաջացնելու իմաստով: Հարցեր, որոնք Ադրբեջանը, դժբախտաբար, փայլուն կատարում է: Ցաւալին էն է, որ մեր երկիրը երբեւէ դրդապատճառ չի տուել, որ մեզ հետ համագործակցեն: Մենք հիմա, օրինակ, տեսնում ենք, թէ մեր գրաւեալ հողերն ի՜նչ խանդավառութեան ու հետաքրքրութեան առիթ են ստեղծել համաշխարհային հանրութեան շրջանում, ու ցաւն այն է, որ երբ մենք կարող էինք այդ խանդավառութեան առիթն իրենց պարգեւէինք, որ իրենք գային եւ ներդրումներ անէին, մենք դա չարեցինք: Այս կողմից էլ ենք ծուլացել եւ ձախողել: Եւ, ի հարկէ, ծուլացել ու ձախողել ենք մեր պաշտպանունակութեան ու անվտանգային հարցերում»:
Ի վերջոյ, կարելի՞ էր գոնէ վերջին 3 տարում դեսպան նշանակել Մեծ Բրիտանիայի նման կարեւոր երկրում, հարցնում է Անետ Մոսկոֆեանն ու աւելացնում․ «Հայաստանը պէտք է վերանայի իր այս դիրքորոշումը եւ կարեւորութիւն տա այս հարցերին` որպէս քարոզչութիւն»: Ի դէպ, մեր զրուցակցի խօսքով, դեսպան չլինելու հանգամանքը եւս դժուարացրել է իրենց աշխատանքները:
Խօսելով յետագայ անելիքների մասին` Անետ Մոսկոֆեանն ասաց, որ Միացեալ Թագաւորութեան Հայ Դատի յանձնախմբի կարեւորագոյն նպատակը մնում է Ցեղասպանութեան եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի (անկախութեան) ճանաչումը:
Կարեւորը, որ Հայաստանի եւ Սփիւռքի պահանջները միմեանց չհակասեն, մանաւանդ` Ցեղասպանութեան ճանաչման հարցով: «Ֆրանսիան, օրինակ, հարցրեց, թէ ինչու Հայաստանն Արցախի ինքնորոշումը չի ճանաչել: Եւ մենք պատասխան չունենք տալու: Եւ սա պէտք է բոլորի դիրքորոշումը լինի` թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Եթէ մենք սա չպնդենք, Արցախի հարցը վերջացած է, վաղը, միւս օրը Ադրբեջանը Ստեփանակերտ էլ կը մտնի: Մենք արդէն տեսանք որոշ հակասական երեւոյթներ վերջին 7 ամիսների ընթացքում եւ յուսով ենք, որ նոր կառավարութիւնը կը վերանայի իր դիրքորոշումը․ Թուրքիան եւ Ադրբեջանը եղել են եւ կը մնան Հայաստանին թշնամի: Սա որեւէ հայ չի կարող հարցականի վերածել: Եւ մենք տեսնում ենք, թէ մեր սահմաններում ամէն վայրկեան իրենց կեղծ խաղաղասիրական կոչերի ներքոյ ինչեր են կատարւում»: