ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Հայաստան» դաշինքը առաջարկեց Ազգային ժողովին մէջ քննարկել հայ-ատրպէյճանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները: Վարման կարգով ելոյթին ընթացքին այս առաջարկը ներկայացուց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեան:
«Հայաստան» դաշինքը առաջարկում է փակ կամ բաց ռեժիմով, ինչպէս դուք կ՛որոշէք, պատասխանատու անձանց հետ քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերեալ, հաշուի առնելով այն, որ իրարամերժ տեղեկութիւններ են գալիս սահմանից, իմանանք իրավիճակը եւ հասարակութեան եւ ժողովրդի մտահոգութիւնները փարատենք», ըսաւ Օհանեան:

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեան եւս նշեց, որ կարեւոր է ապահովութեան հարցերու քննարկումը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոշտացրել է իր դիրքորոշումը այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում: Նա խօսում է կործանարար նախապայմանների լեզուով: Ալիեւը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, որի մէջ պէտք է ներառուի Լեռնային Ղարաբաղը: Նա պահանջում է նաեւ հայկական զօրքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով: Հաղորդակցութեան ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը: Ալիեւն այնքան հեռու է գնացել իր ցանկութիւններում, որ Մոսկուայից պահանջում է սեփական պարտութեան հետ համակերպուած Հայաստանին զէնք չմատակարարել: Ադրբեջանի այս վարքագիծը չի բխում Նոյեմբերի 9ի ու Յունուարի 11ի եռակողմ յայտարարութիւններից: Ցաւօք, պաշտօնական Երեւանը դեռ չի պատասխանել Ալիեւի յայտարարութիւններին, ինչն առնուազն տարակուսելի է: Ալիեւը Երեւանի լուռ պահուածքը, թերեւս, գնահատել է թուլութեան նշան ու անցել գրոհի: Ունենք զոհեր, գնդակոծւում են մեր բնակավայրերը, սա անթոյլատրելի իրավիճակ է: Մենք խաղաղութեան ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատուութեան, ազատութեան ու անկախութեան գնով», ըսաւ Թեւանեան:
Աւելի ուշ, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեան յայտնեց, որ Ս. Օհանեանի հետ 18 Օգոստոսին պայմանաւորուած են խորհրդարանին մէջ քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակին վերաբերեալ: