Ռ. ԿՈՐԻՒՆ

Մահուան գոյժը ցաւով եւ թախիծով մեզ համակեց, երբ լսեցինք արժանաւոր հայորդի Ալմինի անսպասելի մահուան բօթը Շաբաթ, 14 Օգոստոսի 2021ին, Թեհրանում: Մահաթոյր եւ անողոք պսակաժահր ախտ-վարակը նրան վաղաժամ կեանքից զրկեց եւ բոլորին՝ ընտանեկան կազմին, հարազատներին, գործակիցներին, գրչակիցներին, ընկերներին, աշակերտներին եւ ճանաչողաց սուգի մատնեց:
Սիրելի անձի, ուսման մշակի, մտաւորական մարդու, գիր ու գրականութեան-բանաստեղծի, արուեստագէտի եւ հասարակական գործչի կորուստը ծանր է նստում, ափսոսանքով ու տխրութեամբ է ընկալւում, ցաւով ու վիշտով է տոգորում, քանզի նրանց նմաններին փոխարինողները մեր այս սփիւռքեան անմխիթար պայմաններում սակաւ են:
Համաճարակով կորուստները վշտալի հոգեվիճակ են թողնում շրջապատի վրայ, տրտմալից- թախիծով լուռ ու մունջ սակաւ յուղարկաւորների ներկայութեամբ հողին են յանձնւում: Սուգ ու կական անմիջական հարազատներին եւ ճանաչողաց սրտերում, էս ինչ սադայէլական բռնկում էր, որ աշխարհն առաւ իր ճիրաներում լաց ու կոծով մռմռացնելու եւ կսկծացնելու ընտանիքներին: Քիչ չեղաւ մեր հայ իրականութեան մէջ կորուստները թէ՛ հայրենիքում եւ թէ սփիւռքեան տարբեր օջախներում: Տէր Կոմիտաս Աւագ քահանայ Ղարախանեանին մահուան յաջորդող նոյն համաճարակով կեանքից հեռացաւ մեր մշակոյթին նուիրուած վաստակաւոր ուսուցիչ եւ ճանաչուած բանաստեղծ Ալբերտ Մինասեանը (գրական անունով՝ Ալմին) 1952 ծնունդ, Թեհրան-Իրան: Ինչպէս Տէր Կոմիտասի մահը, նոյնպէս Ալմինի մահը այդ վարակով ալեկոծեց մեր ճանաչողաց սրտերն ու հոգիները երկու արժանաւոր կորուստների՝ մէկը որպէս հոգեւորական, իսկ այս մէկը որպէս կրթական գործիչ, մտաւորական եւ գրող, երկուսն էլ «Սասուն»-Նարմաք քաղաքամասի բնակիչներ: Նուաստս եւ Ալմինը նոյն քաղաքամասի, կարելի է ասել նրա կազմաւորումից շուրջ վաթսուն տարիներ նոյն քաղաքամասում ապրել եւ ծառայել ենք նոյն շրջանում, հետեւաբար իմ ծանօթութիւնս երկար տարիների անցեալ ունի անմոռանլի յուշերով: Մեր ծանօթութիւնը մտերմութեան եւ գործակիցի հանգամանք ստացաւ երբ 1979 թուականին պաշտօնավարում էինք «Յ. Թովմասեան» միջնակարգ երկսեռ դպրոցում: Իրանի Իսլամական առաջին տարին էր, չկայունացած քաղաքական վիճակ, ամէն կողմ մտահոգութիւններ էր տիրում, հետագայ իրադարձութիւնների կապակցութեամբ խորհրդակցման նպատակով նախապէս Ալմինի միջոցաւ ձեռք բերուած ժամադրութեան դպրոցի պարսիկ ուսուցիչներից մէկի հետ հանդիպեցինք այն օրերի «Ալիք» օրաթերթի խմբագիր Հրայր Խալաթեանի հետ, որը դարձաւ հայութեան ներկայացուցիչը իսլամական խորհրդարանում: Նրա փոխանցած տեղեկութիւններից բաւական լուսաւորուած հրաժեշտ տուինք: Պարսիկ ուսուցիչը շատ գոհ էր մնացել՝ ասելով. «Դուք ինչ արժանապատիւ գրող մտաւորականներ ունէք համայնքում, սա հարստութիւն է հայութեան համար»: Յեղափոխութեան յաջորդ տարին երկսեռ դպրոցները արգիլուեցին, ուստի ես ու Ալմինը տեղափոխվեցինք նոյն քաղաքամասի «Նայիրի» ուղեցոյց ազգային տղայոց դպրոցում: Ալմինը լուրջ ծանրաբարոյ անձնաւորութիւն էր, մարդկային բարեմասնութիւններով օժտուած յարգարժան մէկը, Նրա ելոյթներից ծաղկաբոյրի պէս ցոլում էր հայրենասիրութիւն, ազգասիրութիւն եւ մշակութասիրութիւն: Այսպէս մենք մնացինք կրթա-դաստիարակչութեան ծառայող-գործակիցներ մինչեւ հանգստի կոչուելը, Ալմինը շարունակեց իր կեանքը Թեհրանում, իսկ ես 2005 թ. արտագաղթեցի Ամերիկա:
Իմ Թեհրան ճամբորդութիւններս մտադրուած կատարել եմ Հոկտեմբեր ամսում մասնակցելու մշակոյթի տօնակատարութեան եւ Սրբոց Թարգմանչաց պատարագին ներկայ լինելու ու հանդիպելու գործակից ուսուցիչներս հետ: 2018ի Հոկտեմբեր ամիսն էր, ես Թեհրանում էի, հեռաւոր ԱՄՆից Հայաստանի ճամբով եկած՝ կարօտի զգացումով, ներկայ գտնուեցի Հոկտեմբերի 13ի եպիսկոպոսական Սրբ. պատարագին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, պատարագիչն էր թեմիս բարեխնամ առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը, հնչում էր հոգեզմայլ երգեցողութիւնը խորհրդաւոր մթնոլորտում, եկեղեցին լեցուն էր տարբեր շրջաններից եկած ուսուցիչներով եւ հաւատացեալներով: Քարոզի ընթացքում առաջնորդը վեր հանեց Սրբոցն Թարգմանիչների մեծ դերը եւ տառերի գիւտի իմաստն ու խորհուրդը: Սրբազան հայրը իր քարոզի մէկ հատուածում ասաց. «Հայերէն տառերը եղան այն 36 սանդուղքները, որոնցով մեր ժողովուրդն առաջնորդուեց դէպի յաւիտենականութիւն…»:
Հիւրասիրութիւն էր կազմակերպուած եկեղեցու սրահում սրբազան հօր հովանաւորութեամբ. ներկայ էին նաեւ ուսուցիչներ: Սրահում ես ու Ալմինը կողք-կողքի էինք նստած, տէր Կոմիտասի խօսքից յետոյ ձայն տրուեց Ալմինին, նա փառաւորեց օրուայ խորհուրդը իր կուռ հայերէնով ու գեղեցիկ արտայայտութեամբ: Եկեղեցու 50ամեակի յոբելեանի առիթով յանձնարարուել էր Ալմինին գրել պատմութիւնը եւ կազմել գիրքը, այդ առիթով նա ոգեւորութեամբ կարդաց գրած քառատուն բանաստեղծութիւնը: Իմ վերադարձին Գլենդէլ թղթակցութեան յօդուածումս քառատողը տպուեց, որը ներկայացւում է՝
«Եկեղեցին այս սուրբ շինութիւն չէ միայն,
Քրիստոսային հաւատամք ու հաւատք խորին,
Ժողովո՛ւրդ է հայ, մարդկութիւն է համայն,
Սէ՛ր է, փրկութի’ւն, Աստուածութի՛ւն է համայն»:
***
Այդ օրը Ալմինը բարձր տրամադրութիւն ունէր, առողջ ու աշխուժ, միայն նրա մազերը սեպ-սպիտակել էին: Ալմինը գուշակում եմ վեց-եօթ բանաստեղծական գրքեր է գրել, նա թէ անդամ էր ՀԳՄ եւ թէ՝ Իրանի հայ գրողների միութեան: Ես շարունակ Ալմինին նմանացրել եմ Գէորգ Էմինին, հասակով մէկ չափի խոհուն ու մտածկոտ:
Թղթերիս մէջ պրպտում էի Ալմինի բանաստեղծութիւններից (նրա գրքերից մնացին Թեհրանում) գտայ երկուսը, նրանք հրատարակում եմ անմոռաց յիշատակելու իր բանաստեղծական տաղանդը խոհերով եւ իմաստութեամբ բխող գրուածներ:
Ժամանակակիցներիս
Արդէն ծնուել ենք միեւնոյն դարում:
Եթէ չեմ կարող իմ դարը փոխել՝
Ծանօթ-անծանօթ ձեռքեր եմ սեղմում,
Ոսկրոտ ձեռքեր եւ ոտքեր հողէ…
Արդէն ծնուել ենք միեւնոյն դարում:
Եթէ չէք կարող ձեր դարը փոխել՝
Խոր հաւատացէք, որ հէնց ա՛յս օրում
Ձեր իսկ ձեռքերով շա՛տ բաներ փոխուեց:
Արդէն ծնուել ենք միեւնոյն դարում:
Եթէ չէք կարող ձեր դարը փոխել՝
Կարող ենք սիրել, եւ սիրոյ բառում
Յար կը մոռացուեն քէներ ու ոխեր…
Արդէն ծնուել ենք՝ չարի աչքը դո՛ւրս:
Արդէն ծնուել ենք կեանքի աչքը լոյս:
***
Լուսաբաց
Օ՜, ծիտիկներ, ծիտիկնե՜ր,
Երգացանկը բնութեան
Կտուցին է ձեր փոքրիկ-
Թեւիկներին փռփռան
Ու կոկորդում երգասա՜ց…
Բացւում է կաթ լոյսը մեղմ
Ծլվլոցով ձեր քաղցրիկ,
Առաւօտն է արթնանում
Ինչպէս մանուկ մի փոքրիկ,
Օ՜, ծիտիկներ, մնացէք-
Ծլվլացէք մ՜իշտ մեզ մօտ.
Կամ քիւերին ձեզ պարզուած
Ու ճիւղերին գրկաբաց,
Թող լուսաբոյր երգով ձեր
Բացուի ամէն լուսաբաց,
Մի բուռ հատիկ,
Մի կում ջուր,
Ձեզ կը տան մարդ ու…Աստուած…
Օ՜, ծիտիկներ, ծիտիկնե՜ր,
Փոքրիկ, սակայն, մի’շտ կրա՜կ,
Դուք բնութեան զարկերա՝կ,
Աշխարհը ձեր թեւի տակ,
Ջրի ամէն մի կաթիլ
Ձեր կտուցին՝ փառք է թա՜նկ…
——————————————-
Կանուխ էր Ալմինի մահը. այդ սադայէլի ծնունդը խլեց նրա կեանքը, նա ֆիզիկապէս կատարեալ առողջ մարդ էր դեռ շատ յոյսեր եւ գրելիքներ ունէր: Նրա գրուածքները աղբիւրի պէս յստակ ու սահուն պիտի մնան իւրաքանչիւր տեղեակ հայ ընթերցողի սեղանին: Կորուստը մեծ է եւ ցաւալի խորին ցաւակցութիւններս իր ընտանեկան կազմին, հարազատներին եւ համայն ճանաչողաց:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Օգոստոսի 20, 2021 թ.
Սանլանդ, Լոս Անջելէս