ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը 31 Օգոստոսին հաղորդագրութեամբ մը յայտարարեց, որ արդէն իսկ պիտի սկսի գործել Հայ Դատի Արցախի գրասենեակը։ Ստորեւ՝ հաղորդագրութիւնը.
«Հաշուի առնելով 44օրեայ պատերազմից յետոյ Արցախում ստեղծուած մարդասիրական, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրները` ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ Դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունէութիւնն է սկսելու ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը:
«Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի հիմնադրումը յստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը, պատերազմի հետեւանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթութիւնները:
«Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի հիմնադրման եւ Արցախի Հանրապետութեան օրուայ յոբելեանի առթիւ, Սեպտեմբերի 2ին ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը նախատեսում է Ստեփանակերտում անցկացնել պաշտօնական ընդունելութիւն, ուր կը ներկայացուեն Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրուանում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթութիւնները եւ նորահաստատ գրասենեակի գործունէութեան հիմնական ուղղութիւնները:
«Պաշտօնական ընդունելութեան ընթացքում, ի թիւս այլնի նախատեսւում է դեռեւս 2019թ․ մեր կողմից հիմնադրուած Արցախի բարեկամների միջազգային ցանցի անդամ հանդիսացող օտարերկրեայ բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղերձների ցուցադրութիւն:
«Պաշտօնական ընդունելութեան անցկացման վայրն է ք․ Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26, «Եւրոպա» հիւրանոցի նախասրահ, սկիզբը` ժամը 12»: