ԼԱՍ ՎԵԳԱՍ․- Հոկտեմբերի 3ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը, տիկնոջ հետ միասին, Լաս Վեգասում մասնակցեց Հայաստանի անկախութեան 30րդ տարեդարձին նուիրուած տօնակատարութեանը, որը կազմակերպուել էր Լաս Վեգասում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Ատրուշան Արմէնեանի կողմից` Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան հովանու ներքոյ:
Միջոցառումը տեղի ունեցաւ Նեւադայի պետական համալսարանի «Արթուրօ Ռանդօ» դահլիճում: Երեկոյի մշակութային ծրագիրը, որը կազմուել էր Նեւադայի համալսարանի Հայ ուսանողների միութեան կողմից, կրում էր «Մեր երիտասարդները, մեր ապագան» խորագիրը:
Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ Նեւադայից ընտրուած կոնգրեսական Սիւզի Լին: Իր ելոյթում նա վերահաստատեց իր շարունակական աջակցութիւնը Լաս Վեգասի հայ համայնքին:
Բայբուրդեանն իր ելոյթում երախտագիտութիւն յայտնեց Արմէնեանին, միջոցառումը կազմակերպելու համար եւ ընդգծեց Հայաստանի անկախութեան տօնին նուիրուած միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան երկու թեմերի առաջնորդների` Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի եւ Թորգոմ եպիսկոպոս Տօնոյեանի ներկայութեան կարեւորութիւնը: Ան նաեւ անդրադարձաւ ամերիկահայ յայտնի բարերար երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանին` որպէս Հայաստանի ազգային հերոս: Նա նշեց, որ Քըրքորեանը ամբողջ աշխարհի եւ հայութեան համար ճանաչելի դարձրեց Լաս Վեգասը եւ անգնահատելի դերակատարութիւն ունեցաւ մայր հայրենիքին աջակցութեան գործում:
Դեսպանը բարձր գնահատեց Լաս Վեգասում բնակուող Եմենիճեան ընտանիքի դերակատարութիւնը, որը վերջերս 10 միլիոն դոլար նուիրաբերեց Հայաստանի մարզերում ԹՈՒՄՕի կենտրոններ բացելու նպատակին: Այդ ծրագիրը, որը կ՛արժենայ ընդհանուր առմամբ 50 մլն. դոլար, նախատեսում է կենտրոններ բացել Վանաձորում, Կապանում, Կողբում եւ բազմաթիւ այլ քաղաքներում: Բայբուրդեանը ընդգծեց, որ բարերար ընտանիքի այս քայլը շարունակում է Քըրք Քըրքորեանի կողմից ձեւաւորուած բարեգործութեան բարի աւանդոյթը: Դրա մէկ այլ դրսեւորում էլ Արցախի 44օրեայ պատերազմի օրերին Լաս Վեգասի հայ համայնքի մարդասիրական աջակցութիւնը՝ հայրենիքին:
Միջոցառման ընթացքում Լաս Վեգասի Հայ Դատի յանձնախմբի համանախագահ Լենա Յովհաննէսեանը պարգեւատրուեց Լաս Վեգասի Հայ-ամերիկեան մշակութային ընկերակցութեան կողմից:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդէս եկան բազմաթիւ ամերիկահայ երիտասարդ երաժիշտներ:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)