Նոյեմբերի 6ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը Թէքէեան Մշակութային Միութեան Լոս Անջելեսի մասնաճիւղում մասնակցեց գինեձօնի: Ընթերցողի դատին յանձնուեց «Միութեան Եւ Առաջադիմութեան Յանձնախումբ․ Հիմնադիրներ, Գաղափարախօսութիւն Եւ Կառուցուածք» գիրքը, որը խմբագրել է Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների ծրագրի համակարգող եւ տնօրէն պրոֆ. Բարլօ Տէր Մկրտիչեանը` Ումիթ Քուրտի եւ Արա Սարաֆեանի հետ մէկտեղ:
Պրոֆեսորը Հայկական հրատարակութիւնների շարքի ներկայիս խմբագիրն է, որը հիմնադրուել է Ֆրեզնոյի պետական համալսարանում Հայագիտական ծրագրի միջոցով: Գիրքը Հայկական հրատարակութիւնների շարքի կողմից 13րդ հրատարակութիւնն է (ներկայիս ընդհանուր 14 գրքերից):
Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք․ Տէրտէրեանը բացման աղօթք ու յատուկ խօսք հնչեցրեց` ի գովերգումն պրոֆ. Տէր Մկրտիչեանի, որը շուրջ չորս տասնամեակ նուիրուած ծառայում է հայագիտութեան առաջխաղացմանը:
Պրոֆեսոր Տէր Մկրտիչեանը մանրամասնօրէն ներկայացրեց գիրքը`ուսումնասիրութեան կարեւորութեան շեշտադրումով:
Դեսպան Բայբուրդեանը հանդէս եկաւ գրքի շնորհաւորական խօսքով եւ բարձր գնահատեց պրոֆ. Տէր Մկրտիչեանի գործունէութիւնը: Բայբուրդեանը լաւագոյն հայագիտական կենտրոնների շարքում դասեց վերջինիս ղեկավարութեամբ գործող հայկական ուսումնասիրութիւնների կենտրոնն ու ծրագիրը: Դեսպան Բայբուրդեանը ներկայացրեց օսմանեան Թուրքիայի պատմութեան այդ հատուածի իր վերլուծութիւնը` վեր հանելով երիտթուրքերի ցեղասպան քաղաքականութիւնը եւ դատապարտելով նրանց հետեւորդ քեմալականների գիծը:
Յովսէփեան վարժարանի աշակերտների հայրենասիրական բանաստեղծութիւնների ասմունքը՝ հայոց լեզուի ուսուցչուհի Լիզա Մանոյեանի ղեկավարութեամբ, վկայութիւնն էր հայ ազգին ու մշակոյթին սփիւռքահայ երիտասարդութեան յանձնառութեանը:
Միջոցառմանը նաեւ մասնակցում էին Թէքէեան Մշակութային Միութեան Լոս Անջելեսի եւ Ամերիկայի Արեւմտեան ափի Ռամկավար Ազատական կուսակցութեան ղեկավարները:
Միջոցառման աւարտին տեղի ունեցաւ գրքի գինեձօնը:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)