ԳԼԵՆԴԷՅԼ – Նոյեմբերի 20ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը մասնակցել է Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութեան (AAMS) 35ամեայ յոբելեանին նուիրուած միջոցառմանը: Հանդիսաւոր երեկոյի ընթացքում կազմակերպութիւնը պատուի է արժանացրել Հայկական բժշկական միջազգային կոմիտէին (AMIC), որը համակարգում է Սփիւռքի տարբեր բժշկական ընկերակցութիւնների հայանպաստ գործունէութիւնը:
Երկու կազմակերպութիւնները իրականացնում են բազմաթիւ համատեղ նախագծեր, որոնցից է համավարակի ընթացքում Հայաստանի կարիքներին արձագանգելը: Դրանք համագործակցել են նաեւ 44օրեայ պատերազմի օրերին Արցախին մարդասիրական եւ բժշկական օգնութիւն յատկացնելու գործում:
Դեսպան Բայբուրդեանն շեշտել է Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութեան ու Հայկական բժշկական միջազգային կոմիտէի ծրագրերի կարեւորութիւնը` ընդգծելով յատկապէս Արցախին եւ Հայաստանին ուղղուած նախագծերը: «Անգնահատելի են Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութեան եւ Հայկական բժշկական միջազգային կոմիտէի աշխատանքները` իրականացուած Հայրենիքում եւ Արցախում 44օրեայ պատերազմի եւ համավարակի օրերին, յատկապէս «Կրիոգեն» կենտրոնի ստեղծումը եւ թթուածնի արտադրութեան հիմնադրումը: Բարձր եմ գնահատում նաեւ կազմակերպութիւնների անդամների մասնագիտական շարունակական կատարելագործումը, ինչպէս նաեւ սերտ համագործակցութիւնը Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան հետ», իր ելոյթում նշել է գլխաւոր հիւպատոսը:
Նա գնահատանքի հաւաստագրեր է յանձնել Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութեան նախագահ Քեւին Գալստեանին եւ Հայկական բժշկական միջազգային կոմիտէի նախագահ Վիգէն Սեփիլեանին:

Հայկական բժշկական միջազգային կոմիտէի նպատակն է բարելաւել Հայաստանի առողջապահական համակարգը մասնակից կազմակերպութիւնների միասնական ջանքերով:
Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութիւնն բժշկական ոլորտի խոշորագոյն հայկական կազմակերպութիւնն է աշխարհում: Այն մատուցում է առողջապահական ոլորտի բազմաբնոյթ աջակցութիւն եւ մարդասիրական օգնութիւն, ինչպէս նաեւ մասնագիտական զարգացման հնարաւորութիւններ Հայրենիքի եւ Սփիւռքի առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար: Անցեալ տարի համավարակի պայմաններում, ՀՀ գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանի խնդրանքով` Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութիւնը մեծ թուով Հայաստանի քաղաքացիների Կալիֆորնիայում անվճար բժշկական օգնութիւն տրամադրեց, երբ վերջիններս չէին կարող վերադառնալ Հայաստան սահմանների փակ լինելու պայմաններում:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)