Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Նոյեմբեր 27ին լսեց «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահաւաքի շրջանակներում հաւաքագրուած եւ 2020ի ընթացքում Հայաստանի Հանրապետութեանը նուիրաբերուած դրամական միջոցների նպատակային օգտագործման վերաբերեալ խորհրդի կողմից ստեղծուած աշխատանքային խմբի, հիմնադրամի հաշուեքննութիւնն իրականացնող կազմակերպութեան եւ Հայաստանի ֆինանսների (ելեւմուտքի) նախարարի զեկոյցները եւ դրանք ընդունեց ի գիտութիւն:
Աշխատանքային խումբը յայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հաւաստի որեւէ ապացոյց չի ստացել, ինչպէս նաեւ աշխատանքային խումբն ու արտաքին հաշուեքննիչը զեկուցեցին, որ օրէնսդրական սահմանափակումները խոչընդոտել են Հայաստանի կառավարութեան կողմից ծախսուած գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:
Հայաստանի վարչապետը դիմեց Հայաստանի հաշուեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարուելիք հաշուեքննութիւններում աշխատանքային խմբին եւ հաշուեքննիչ կազմակերպութեանը փորձագիտական մակարդակով ներգրաւելու հնարաւորութիւնը: Վարչապետը յայտարարեց կառավարութեան թափանցիկ եւ հաշուետուողական գործելու պատրաստակամութեան մասին. աշխատանքային խմբի եւ արտաքին հաշուեքննիչ կազմակերպութեան համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար եւ, որը շատ էական է, վստահեցնել թէ՛ խորհրդին, թէ՛ հանրութեանը, որ հիմնադրամի ներդրումները կառավարութեան խողովակներով պատշաճ կերպով են օգտագործուել:
Հոգաբարձուների խորհուրդն ուշադրութեան կենտրոնում կը պահի այս հարցը եւ, ըստ անհրաժեշտութեան, վերստին կ՛անդրադառնայ դրան:
Խորհուրդը, արժեւորելով հիմնադրամի դերը աշխարհասփիւռ հայութեանը համընդհանուր նպատակի շուրջ համախմբելու գործում, կրկին շնորհակալութիւն յայտնեց բոլոր նուիրատուներին եւ աջակիցներին:
01 Դեկտեմբերի, 2021
(Հաղորդագրութիւնը՝ հիմնադրամէն)