Խոլեսթերինը ճարպային նիւթ է, որն արտադրւում է ձեր օրգանիզմում եւ ստացւում է սննդի հետ միասին: Այս ձեր առողջութեան համար անփոխարինելի է, սակայն դրա աւելացրած քանակները կարող են վնասել արիւնատար անօթների պատերը եւ բարձրացնել սրտանօթային հիւանդութիւնների հնարաւորութիւնները: Խոլեսթերինի որոշ քանակներ անհրաժեշտ են, որ մարմնի որոշակի գործառոյթներ իրականան, օրինակ` խոլեսթերինը մասնակցում է որոշ հորմոնների արտադրութեանը: Մարմնի խոլեսթերինի 75 տոկոս արտադրւում է լեարդի կողմից, իսկ 25 տոկոս ստանում ենք սննդով: Խոլեսթերինն արեան մէջ տեղափոխւում է լիպոպրոտէիդներով, որոնց հիմնական տեսակներն են բարձր խտութեան (HDL) ցածր խտութեան լիպոպրոտէիդները (LDL):
HDL յայտնի է որպէս «լաւ» խոլեսթերին, քանի որ հեռացնում է խոլեսթերինը զարկերակներից եւ տեղափոխում է այն դէպի լեարդ` պահեստաւորման: Իսկ LDL խոլեսթերինը յայտնի է որպէս «վատ», որովհետեւ այդ տեսակի խոլեսթերոլը մնում է զարկերակների պատի վրայ: Տրիգլիցերիդը կամ եռգլիցերիդը նոյնպէս արեան ճարպի մի տեսակ է, որն իր հերթին կարող է բարձրացնել սրտանօթային հիւանդութիւնների հնարաւորութիւնը:
Խոլեստերոլի ընդհանուր արեան քննութիւնը, ինչը բժշկական լեզուով արեան լիպիդային պանելի հետազօտութիւնն է, որոշում է խոլեսթերինի բոլոր ցուցանիշների մակարդակը, ըստ որի բժիշկը կարող է գնահատել սրտի հիւանդութիւնների հաւանականութիւնները:
Եթէ ձեր արեան խոլեսթերոլը բարձր է, դուք կարող էք այն նուազեցնել տարբեր ճանապարհներով: Օրինակ, դուք կարող էք կրճատել սննդով ընդունուող յագեցած ճարպերի քանակը` սնունդը դարձնելով աւելի առողջ: Յագեցած ճարպերով հարուստ սննդամթերքներից են` խմորեղէնը, ճարպոտ միսը, կարագը կամ չճարպազերծուած կաթնամթերքները, կոկոսի կամ արմաւի իւղ պարունակող մթերքները:
Եթէ դուք «նստակեաց» կենսակերպ էք վարում, ապա ֆիզիկական վարժանքները նոյնպէս կ՛օգնեն, որ կարգաւորէք խոլեսթերոլի մակարդակը: Լաւագոյն տարբերակը ֆիզիկական վարժանքները առողջ սննդակարգի հետ զուգակցելն է:
Ապրելակերպի առողջացման միջոցով ձեր խոլեսթերինի կարգաւորման ոչ բաւարար արդիւնքների դէպքում բժիշկը կարող է նշանակել խոլեսթերոլը նուազեցնող որոշ դեղեր:
Յիշէք, որ դեղերը ոչ թէ փոխարինելու են առողջ ապրելակերպի միջոցառումները, այլ լրացնելու են դրանք: