ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Միացեալ Նահանգների նախագահ Ջօ Բայդենի՝ Դեկտեմբերի 27ին ստորագրած 2022ի տարուայ «Ազգային պաշտպանութեան մասին» օրէնքում առկայ են կարեւոր դրոյթներ հայ-ադրբեջանական հակամարտութեան վերաբերեալ, դրանում մասնաւորապէս շեշտւում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթիւրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պէտք է անյապաղ եւ անվերապահօրէն գերեվարուած բոլոր անձանց: Օրէնքը հրապարակուած է Կոնգրեսի պաշտօնական կայքում:
Օրէնքում նշւում են Կոնգրեսի եզրակացութիւնները 44օրեայ պատերազմի վերաբերեալ, մասնաւորապէս.
– Ադրբեջանը եւ Թուրքիան «օտարերկրեայ աշխարհազօրային ջոկատների աջակցութեամբ» ռազմական յարձակում են սկսել Արցախի վրայ.
– Չնայած Ժընեւեան դաշնագիրներով եւ Նոյեմբերի 9ի յայտարարութեամբ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւններին, հակամարտութեան աւարտից տեւական ժամանակ անց Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների եւ ձերբակալուած անձանց «խեղաթիւրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել յետագայ գերութեան մէջ նրանց գտնուելը.
– Ադրբեջանական զինուած ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնութեան եւ նուաստացման».
– Փաստագրուած են Ադրբեջանի զինուած ուժերի եւ Թուրքիայի աջակցութիւնը վայելող իսլամ ծայրայեղական զինեալների կողմից կատարուած մարդկութեան դէմ յանցագործութիւնները եւ հայերի դէմ կատարուած այլ վայրագութիւնները.
– Գերիների եւ գերեվարուած քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարուելու մասին հաւաստի տեղեկութիւնները սահմանափակ են, եւ լուրջ մտահոգութիւն կայ, որ ձերբակալուած կանայք կարող են ենթարկուել սեռական ոտնձգութիւնների եւ այլ դաժան վերաբերմունքի.
– Ադրբեջանը պէտք է անյապաղ եւ անվերապահօրէն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարուած քաղաքացիական անձանց.
– Բայդենի վարչակազմը պէտք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանութիւնների հետ, այդ թւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպէսզի պարզաբանի Ադրբեջանի պարտաւորութիւնների կատարման կարեւորութիւնը.
– Հայաստանը կատարել է Նոյեմբերի 9ի յայտարարութեամբ եւ միջազգային իրաւունքով ստանձնած իր պարտաւորութիւնները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին։
Օրէնքում նշւում է նաեւ, որ Միացեալ Նահանգների պաշտպանութեան նախարարութիւնը փաստաթղթի ուժի մէջ մտնելուց ոչ-ուշ, քան 180 օր յետոյ, պէտք է Կոնգրեսի համապատասխան յանձնաժողովներին զեկոյց ներկայացնի 44օրեայ պատերազմի, մասնաւորապէս.
– Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում յայտնաբերուած ամերիկեան ծագման մանրամասնութիւնների ու արհեստագիտութեան վերաբերեալ՝ զէնքի արտահանման վերահսկողութեան կամ այլ կիրառելի օրէնքների, պատժամիջոցների քաղաքականութեան կամ ամերիկեան օրէնսդրութեան այլ դրոյթների ցանկացած հնարաւոր խախտումների գնահատմամբ.
– Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչութեան եւ քաղաքացիական ենթակառուցուածքների դէմ սպիտակ ֆոսֆորի, տարրանջատուող ռումբերի եւ արգելուած զինամթերքի կիրառման վերաբերեալ՝ ամերիկեան օրէնսդրութեան կամ միջազգային իրաւունքի ցանկացած հնարաւոր խախտումների գնահատմամբ.
– 2020ի Սեպտեմբերի 27ից մինչեւ Նոյեմբերի 9ն ընկած ժամանակահատուածում Արցախի դէմ Ադրբեջանի յարձակողական ռազմական գործողութիւններին մասնակցելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների հաւաքագրման վերաբերեալ՝ դրա հետ կապուած՝ ամերիկեան օրէնսդրութեան, վարձկանների հաւաքագրման, օգտագործման, ֆինանսաւորման եւ ուսուցման դէմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարաւոր խախտումների գնահատմամբ: