ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Վերադարձրին այն, ինչ կորցրեցի պատերազմի ժամանակ: Սկզբից չէի հասկանում, ինչպէս է նուաղում լսողութիւնս, յետոյ զգացի, որ այլեւս ոչինչ չեմ լսում, շատ էի տանջւում», պատմում է 19 ամեայ Միքայէլը, Նոր Հաճնից: 2020 թուականի աշնանը նա Մարտակերտում է եղել, Մատաղիսի դիրքերում որպէս ժամկէտային զինծառայող եւ պայթիւնների հետեւանքով աստիճանաբար կորցրել է լսողութիւնը: Արցախեան 44 օրեայ պատերազմից մէկ տարի անց սակայն նա կրկին սկսեց լսել: Միքայէլի եւ շուրջ երկու հարիւր պատերազմի մասնակիցների լսողութիւնը վերադարձուեց Լոս Անջելեսի՝ «Հայաստան. Լսողութեան աջակցութիւն» նախագծի հիմնադիր Քաւուքջեան ընտանիքի աջակցութեամբ: «Պատերազմի պատճառով շատ երիտասարդներ կորցրել էին լսողութիւնը: Ամուսինս ու ես, որ ականջի սարքերի մասնագէտներ ենք եւ լսողական սարքերի արդիւնաբերութեան համաշխարհային առաջատար՝ «Սթարքի» ընկերութեան հետ համատեղ անվճար լսողական սարքեր ենք տրամադրում Հայաստանում լսողութեան խնդիրներ ունեցող սոցիալապէս (ընկերային առումով) անապահով անձանց, որոշեցինք, որ այս տարի առաջնայնութիւնը պէտք է տալ պատերազմի մասնակիցներին: Ամերիկայի հայ համայնքի եւ Հայաստանի «Արաբկիր» միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի ու «Արաբկիր» բժշկական համալիրի մասնակցութեամբ հնարաւոր դարձաւ կազմակերպել ու տրամադրել բարձրորակ լսողական սարքեր մեր տղաներին», նշում է «Հայաստան. Լսողութեան աջակցութիւն» նախագծի հիմնադիր-անդամ Հայկուհի Քաւուքջեանը:
Նախագծի իրականացումը սկսուեց շահառուների տուեալների հաւաքագրմամբ: Հայաստանում աշխատանքները համակարգելու պատասխանատուութիւնը ստանձնել էր «Արաբկիր» հիմնադրամը եւ ՀՀ պաշտպանութեան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնների, բժշկական կազմակերպութիւնների ու լրատուամիջոցների հետ միասին որոնել ու գտել լսողական խնդիրներ ունեցող պատերազմի աւելի քան 250 մասնակցի: Հոկտեմբերի 1ից 4ը, «Հայաստան. Լսողութեան աջակցութիւն» եւ «Սթարքի» կազմակերպութեան անդամները Երեւանում ընդունեցին պատերազմի մասնակիցներին՝ հետազօտութիւններ անցկացնելուց եւ լսողական սարքերն համապատասխանաբար ընտրելուց յետոյ դրանք տեղադրեցին շուրջ 170 անձանց: Կազմակերպիչների խօսքով, շահառուներին տրամադրուել են «Սթարքի» ընկերութեան նորագոյն տեխնոլոգիայի (արհեստագիտութեան) թուային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողութեան խորը կորուստն անգամ: Սարքերի համակարգչային յարմարեցումից յետոյ շահառուները կը ստանան նաեւ հետխնամքի անվճար ծառայութիւններ՝ անսարքութիւնների շտկման եւ հնարաւոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքաւորուող մարտկոցներով հինգ տարի անխափան:

Հայաստանեան առաքելութիւնն իրականացնելու համար Քաւուքջեան ընտանիքին են միացել նաեւ Ամերիկայից «Հայաստան. Լսողական աջակցութիւն» նախագծի անդամները, «Սթարքի» ընկերութեան մասնագէտները: «Հոգեկան մեծ բաւարարութիւն ենք ստացել, որովհետեւ մեր զինուորների ուրախութիւնը, սարքը ստանալուց յետոյ շատ յուզիչ էր մեր համար: Շահառուների թւում էին տարբեր տարիքի եւ կոչումների զինառայողներ, նոյնիսկ զինծառայող, ով առաջնագծից եկաւ, ստացաւ սարքն ու նորից վերադարձաւ՝ ասելով, որ շատ կարեւոր է, որ ինքը լսի», պատմում են Հայկուհի Քաւուկջեանն ու նախագծի միւս անդամները, որոնց թւում են հայր եւ որդի Քաւուքջեանները, «Սթարքի» հիմնադրամի ղեկավարի կինը, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյեանը, ամերիկահայ բարերարներ Նորա Յակոբեանը, Ալիս Չաքրեանը, Սեդա Օհանիսեանը, որ մշտապէս կամաւոր հիմունքներով այցելում են Հայաստան եւ օգնում առաքելութեան իրականացմանը: Քաւուքջեանները նշում են, որ պատրաստակամ են աջակցել պատերազմի աւելի մեծ թուով մասնակիցների՝ յոյսով, որ կը կարողանան այսկերպ նպաստել տղաների կեանքի որակի բարելաւմանն ու առաջընթացին: Շահառուների գրանցման գործընթացը Հայաստանում շարունակւում է, եւ «Հայաստան. Լսողական աջակցութիւն» նախագծի անդամները ակնկալում են, որ ամերիկահայ համայնքը կ՛աջակցի ծրագրի շարունակմանը:
Հայաստանին լսողական սարքեր տրամադրելու միտքը Քաւուքջեան ընտանիքում առաջացել էր 2015 թ.ից: «Ամուսինս ու ես «Սթարքի» ընկերութեան երկարամեայ յաճախորդ ենք: Այն նաեւ հիմնադրամ է, որ բարեգործական հիմունքներով լսողութեան սարքեր է տրամադրել աշխարհի 106 երկրների, որոշ երկրներում էլ այն կրում է շարունակական բնոյթ: Մենք էլ որոշեցինք դիմել «Սթարքի»ին՝ յորդորելով այցելել նաեւ Հայաստան եւ ստացանք համաձայնութիւն: Մինչ առաքելութեան իրականացումը, սակայն նախապատրաստական բաւական աշխատանք կար կատարելու Հայաստանում, եւ այս հարցով դիմեցինք ՀՀ առողջապահութեան, սոցապ (ընկերային ապահովութեան) նախարարութիւններին՝ կազմակերպելու գործընթացը: 2017 թուականին տեղի ունեցաւ մեր առաջին առաքելութիւնը՝ «Արաբկիր» հիմնադրամի եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրէն Արա Բաբլոյեանի կազմակերպմամբ: «Սթարքի» հիմնադրամի կողմից կամաւոր հիմուքներով Հայաստան էին ժամանել 55 մասնագէտ, որոնք մեր կամաւորների հետ միասին, երեք օր շարունակ, մարզահամերգային համալիրում, շուրջ 3500 լսողական սարք անվճար տրամադրեցին 1800 հոգու Հայաստանի տարբեր մարզերից: Սարքերը նախատեսուած էին լսողութեան խնդիր ունեցող, սոցիալապէս անապահով եւ խոցելի խմբերի համար: Երկրորդ այցը 2018ին էր, եւ առաքելութեանը մասնակցեց աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Այդ տարի էլ շահառուների թիւը 1500 էր, եւ մեծ թիւ էին կազմում երեխաները: 2019 թուականի այցը Հայաստանից բացի ներառեց նաեւ Արցախը՝ շուրջ 1700 մարդ», պատմում է Հայկուհի Քաւուքջեանը:
«Սթարքի»ին նաեւ յետ-խնամքային գրասենեակ հիմնեց Երեւանում, որտեղ շահառուներն ամէնօրեայ հիմունքով ստանում են խորհրդատուութիւն, իրականացւում է սարքերի կաղապարների, մարտկոցների նորոգումներ եւ այլ անհրաժեշտ ծառայութիւններ անվճար հիմունքներով: Անձնակազմ կայ նաեւ Գիւմրիում:
Քաւուքջեանը նշում է, որ 2020 թ.ին ծրագրուած էր այցելել Սիւնիք, սակայն, «Քորոնա» ժահրի համաճարակը խոչընդոտ հանդիսացաւ, ինչի արդիւնքում էլ դանդաղել է նաեւ «Սթարքի» հիմնադրամի գործունէութիւնը: Սակայն քանի որ Հայաստանում լսողական սարքերի կարիք ունեցող հերթագրուածների ու պատերազմից տուժածների թիւը մեծ էր, Քաւուքջեան ընտանիքը որոշում է ստանձնել առաքելութեան հիմնական մասն ու ստեղծում է «Հայաստան. Լսողական օգնութիւն» նախագիծն ու այցելում Հայաստան: «Քանի որ «Սթարքի»ն չէր աշխատում նոյն ընթացքով, որոշեցինք շարունակել մեր միջոցներով՝ ներգրաւելով հայ համայնքին եւ դրամահաւաքներով կարողացանք հաւաքել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ լսողական սարքերով ապահովելու համար պատերազմի մասնակիցներին: «Սթարքի»ն էլ տրամադրեց երկու հազարից աւելի սարք, եւ հայաստանեան մեր գործընկերների հետ կարողացանք իրականացնել հերթական առաքելութիւնը», նշում է Հայկուհի Քաւուքջեանն ու երախտագիտութիւն յայտնում այն մարդկանց, ովքեր իրենց միջոցներով ներգրաւուեցին հայրենիքի պաշտպաններին աջակցելու գործում: Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հերթագրումը Հայաստանում շարունակւում է, եւ «Հայաստան լսողական օգնութիւն» նախագծի անդամները պատրաստւում են իրենց հերթական առաքելութեանը:
